Վերջին ամիսներին կիբեռհանցագործության նոր տեսակ է մեր երկրում լայն տարածվել․ Հայկ Մկրտչյան

Վերջին ամիսներին կիբեռհանցագործության նոր տեսակ է մեր երկրում լայն տարածվել․ Հայկ Մկրտչյան

Fri, 10 Apr 2026 21:45:26 +0400


«Հրապարակը» ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ զրուցել է մեծ տարածում ստացած կիբեռհանցագործությունների վերաբերյալ։

– Կիբեռհանցագործությունների մասով ինչպիսի՞ տենդենց ունենք։ Բանկային ոլորտում նման հանցագործություններ ի՞նչ մեխանիզմներով են իրականացվում։

– Բանկային ոլորտի հանցագործությունները երկու ուղղութմաբ կարող ենք դասակարգել՝ առաջին դեպքում երբ ուղիղ բանկային համակարգն են թիրախավորում, իսկ երկրորդի պարագայում երբ մարդկանց են թիրախավորում, նրանց հաշիվները։ Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպք, որ բանկային համակարգի վրա որ հարձակում կատարեն ու ֆինանսական մեծ վնասներ պատճառեն, մենք չունենք արձանագրված, այսինքն բանկերի կողմից նման բողեքներ չեն ներկայացվել։ Երկրորդի պարագայում հանցագործները տարբեր եղանակներով թիրախավորում են քաղաքացիներին, ու խաբեությամբ կարողանում են նրանց օնլայն բանկինգներին հասանելիություն ստանալ։ Օրինակ կարող են ներկայանալ բանկի աշխատակից, ասել, որ իրենց տվյալներով փորձել են վարկ ձևակերպել, խնդրեն, որ հեռախոսին եկող կոդը հայտնեն, որպեսզի չեղարկեն գործարքը։ Այն քաղաքացիները, որոնք վստահում ու տրամադրում են այդ կոդը, հասանելիություն են տալիս հանցագործներին իրենց օնլայն բանկինգին, ու երբ հասանելիություն են ստանում արդեն ձևակերպում են նոր վարկեր, հափշտակում են հաշիվներին առկա գումարները։

– Նման դեպքերի մասով բացահայտումներ կա՞ն։

– Վերջին ամիսներին է հանցագործության այս տեսակը մեր երկրում լայն տարածվել, այսինքն նորություն է մեր երկրում և դեռևս բացահայտման փուլում է գտնվում, այսինքն հանցագործությունները արտերկրից են կատարված և այս պարագայում միջազգային համագործակցություն է կարևոր, իսկ դա ժամանակատար գործընթաց է։ Այսինքն այն քայլերը, որոնք անհրաժեշտ է, որ մեր երկրի իրավապահ համակարգի կողմից կատարվի, բոլոր քայլերը կատարվել են, մնացածը սպասում ենք մեր միջազգային գործընկերների իրավական արձագանքին, որպեսզի ամբողջապես բացահայտում ասվածը իր տրամաբանական ավարտին հասցվի։

– Նման դեպքերի մասով ի՞նչ վիճակագրություն կա։

– Վերջին երեք տարվա վիճակագրությամբ 2022թ-ին ընդհանուր կիբեռհանցագործությունների արձանագրված դեպքերը եղել են 1213 դեպք, 2023թ-ին՝1233դեպք, իսկ արդեն 2025թ-ին 300 դեպքով ավել է եղել։

– Աճի հստակ տենդենց է նկատվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Այո, ընդ որում այդ տենդենցը միայն Հայաստանում չէ, որ նկատվում է։ Դա մի շարք պատճառներ ունի, օրինակ դրանից է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, մանավանդ օնլայն բանկինգներն են զարգանում, վճարումների մեծ մասն իրականացվում է առցանց եղանակներով։ Այսինքն ինչքան տեխնոլոգիան զարգանում է մարդկանց կյանքը հեշտացնելու նպատակով, այնքան հանցագործների համար այդ տիրույթը գրավիչ է դառնում։ Այժմ համացանցը դարձել է մեր կենցաղային կարիքները հոգալու անբաժան մաս, հենց այստեղ էլ հանցագործները իրենց ծուղակներն են դնում, որովհետև իրենք էլ են գիտակցում, որ ավելի լավ է ու անվտանգ այլ աշխահամասում կամ այլ երկրում գտնվելով ավելի անվտանգ է, որ ֆինանսավորեն այլ երկրում գտնվող քաղաքացուն, քան ռեալ կյանքում ինչ որ հանցագործություն կատարեն։ Ամբողջ աշխարհում նկատվում է այդ տրանսֆորմացիան, երբ ռեալ կյանքի հանցագործությունները՝ գողությունները, խարդախությունները սահուն կերպով տեղափոխվում են վիրտուալ տիրույթ և այդ հանցագործությունները իրականացվում են վիրտուալ տիրույթում։ Վիրտուալ տիրույթը շատ հանցատեսակներ կլանում է իր մեջ, դրանով էլ պայմանավորված աճի միտում է նկատվում։

– Ովքե՞ր են առավել հաճախ հանցագործների թիրախում հայտնվում։

– Առավել հաճախ թիրախավորում են կարիքավոր մարդկանց։ Այսինքն այն մարդը, ով չունի կայուն եկամուտ, չունի կայուն աշխատանք, ինքը փորձում է համացանցում հեշտ գումար աշխատելու միջոցներ գտնել, դա մարդկայինհոգեբանություն է։ Շատերը լսել են, որ համացանցի միջոցով հնարավոր է գումար աշխատել, բայց խնդրի բարդությունը չեն պատկերացնում։ Տարբեր հայտարարություններ են փորձում գտնել՝ տանից աշխատանք և այլն։ Հանցագործները այս կետի վրա են աշխատում նաև, օրինակ կարող են առաջարկել քաղաքացուն ներդրում անել, օրինակ առաջարկել 100 դոլար ներդրում անել, խոստանալով մեկ շաբաթվա մեջ 300% եկամտաբերություն ապահովել։ Սա ներդրումային խարդախության տեսակ է, պայմանական առաջարկում են ԱՄԷ-ում ռոբոտաշինության մեջ ներդրում անել, կամ կրիպտոարժույթների շուկայում ներդրում անել, առաջին շաբաթը տեսնում են, որ պայմանական 20 դոլար ավելացավ, ընդ որում այդ 20 դոլարը իր ներդրած գումարից է, պայմանական դա վերադարձնում են մարդուն, պատրանք ստեղծելով, որ սկսել է գումար աշխատել։ Երբ դա տեսնում է, փորձում է մեծ չափի գումարներ ներդնել։ Իսկ ներդրումից հետո էլ այդ գումարների տերը չի լինում։ Սա ամենատարածված կիբերհանցագործության տեսակներից է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես եք գնահատում հասարակական տրամադրությունը վերջին ամիսների ընթացքում

Ինչպես եք գնահատում հասարակական տրամադրությունը վերջին ամիսների ընթացքում Tue, 07 Apr 2026 13:12:38 +0400 Տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով