Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Նիկոլից Ավինյան կես քայլ է

Նիկոլից Ավինյան կես քայլ է

Sat, 11 Apr 2026 14:45:05 +0400


Մինչ ՀԱԿ-ն ու «Միասնության թևերը» կմիավորվեն, մենք մի փոքր ազատ ժամանակ ունենք Երևանի տրանսպորտային խնդիրներից խոսելու:

Քաղաքային տրանսպորտը նորմալ երկրներում, իհարկե, քաղաքական կատեգորիա չէ, բայց, եկեք չմոռանանք, որ մենք ապրում ենք «իրական Հայաստանում», որտեղ քաղաքականացված է ամեն ինչ՝ լայնեզր գլխարկ, դատարկ դհոլ, խաշած կարտոֆիլ, կուկուռուզ, կարկանդակ, սուջուխ… Ամեն ինչ: Դուք լսե՞լ էիք «ընդդիմադիր խանութպան» արտահայտությունը: Ես էլ չէի լսել, բայց մեր աչքով տեսանք, չէ՞, որ մի խանութպան Նիկոլին թույլ չտվեց իր խանութը պղծել: Մի խոսքով՝ այսօր կխոսենք Երևանի հասարակական-քաղաքական տրանսպորտի խնդիրներից, որոնք չէին լինի, եթե Հայաստանի վարչապետը և մայրաքաղաքապետը պատահական անցորդներ չլինեին: Այո, բառիս բուն իմաստեով պատահական անցորդներ, որոնք իրենցից անկախ պատճառներով հայտնվել են բարձր պաշտոններում: Բա պատահական անցորդի տանձին ա՞, թե իրենցից հետո ինչ է լինելու… Թեկուզ ջրհեղեղ, թեկուզ պատերազմ: Հասարակությունն էլ թող պառակտվի այնքան, որ իրար ուտեն՝ վերջանան: Հրեն՝ ՀԱԿ-ն ու «Ուժեղ Հայաստանը» չկարողացան համագործակցել, նույնը՝ «Միասնության թևերն» ու «ՀայաՔվեն»: Թե բա մեզնից անկախ պատճառներով համագործակցությունը չստացվեց: Բայց մի՞թե դժվար է հասկանալ, որ մեր պառակտվածությունն է դրա պատճառը: Կուսակցություններն ի՞նչ են, եթե ոչ հասարակության պատկերը: Մենք, ի՞նչ է, ուզում էինք որ մեր հասարակության այս աստիճան պառակտվածության պայմաններում ՀԱԿ-ն ու «Ուժեղ Հայաստանը» կամ «Միասնության թևերն» ու «ՀայաՔվեն» կարողանային համագործակցե՞լ: Վիճակն օրհասկան չլիներ՝ գուցե «Հայաստան» դաշինքն էլ չպահպանվեր… Եվ այս օրհասական պահին էլ, հարգելի «յաման» ընդդիմադիր քաղաքական ուժեր, հասարակությանը կոնսոլիդացնելու, իշխանափոխության օրակարգի շուրջ համախմբելու փոխարեն, պառակտումի նորանոր օրինակներ եք տալիս:

Չմոռանանք, սակայն, որ Երևանի հասարակական-քաղաքական տրանսպորտի խնդիրներից էինք խոսելու, այսինքն՝ Ավինյանից: Ի՞նչ ունի Ավինյանը ԱԺ ընտրություններից մեկուկես ամիս առաջ: Ես կասեի՝ բացարձակ 0 վարկանիշ: Ի դեմս նրա՝ Երևանի քաղաքապետ յա կա, յա չկա: Եթե կա՝ ինչո՞ւ են Երևանի փողոցները քանդված, ինչո՞ւ են աղբամանները լիքը, ինչո՞ւ են Երևանի կենտրոնն ու քուչեքը պերմանենտ խցանված, ինչո՞ւ է Երևանն աշխարհում առաջին տեղը գրավում օդի աղտոտվածության և ճանապարհային վթարների գծով, ինչո՞ւ են բազմաբնակարան շենքերն այսքան անխնամ, ինչո՞ւ են բակերը կեղտի մեջ կորած, ինչո՞ւ դպրոցներում կարգապահություն չկա, ինչո՞ւ մետրոյի կայարան չի կառուցվում, ինչո՞ւ է վերգետնյա տրանսպորտը վատ աշխատում: Այս բոլոր «ինչուների» մասին կարելի է մեկական հոդված գրել, ու ապացուցել, որ Երևանն ի դեմս Ավինյանի քաղաքապետ չունի: Նա մի մարդ է, որ պատահաբար հայտնվել է քաղաքապետի աթոռին, ու նրան չի հետաքրքրում ոչ Երևանի, ոչ երևանցիների ապագան: Ի լրումն իր բոլոր չարագործությունների, նա Երևանի պատմության մեջ մնալու է որպես ամենաշատ ծառ կտրած ու կանաչ տարածքներ ոչնչացրած քաղաքապետը: Երևանի բուսաբանական այգին չի թողնի ստել:

Իսկ հիմա՝ քաղաքային տրանսպորտի մասին: Ռեֆորմը շռնդալից էր… Մի քանի ավտոբուս բերեցին, անցում կատարեցին մեկ երթևեկությունը 150 դրամ համակարգին ու համարեցին հարցը լուծված… Էն որսորդների նման, որ գլուխ են գովում, թե նապաստակ խփելու մեջ ի՞նչ կա, խփում ես ու գցում տոպրակը: Այո, խփեցին, բայց ոչ թե թիրախին, այլ քաղաքացուն: Ոչ կահավորված կանգառներ, ոչ արժանապատիվ տրանսպորտ… Քաղաքացիները վարորդներին են ծեծում, վարորդը՝ քաղաքացուն, քֆուր-քյաֆար, աղմուկ-աղաղակ… Աշխարհում ոչ մի տեղ այսպիսի ուրախ տրանսպորտ չկա: Եվ, ամենակարևորը՝ վարորդները չեն հետևում, որ քաղաքացիները վճարեն, ասել է, թե՝ զահլա չունեն ավելորդ քաշքշուկի մեջ ընկնելու՝ Ավինյանն է կաշան սարքել, Ավինյանն էլ թող ուտի: Բայց Ավինյանը ո՞նց ուտի իր պատրաստած կաշան, հո չի՞ կարող Նիկոլի պես քաղաքացիներին մեղադրել չվճարելու համար՝ իրենց էշի տեղ են դնում, փախնում են, հետևի դռնից ճողոպրում են… Ու, քանի որ Նիկոլից ավելի շուստրի է և «բիթի», չի ասում, որ Պուտինն ա մեղավոր, այլ իր իսկ առաջացրած խնդիրը գցում է վարորդների ու տրանսպորտնիկների գրպանը: Մինչդեռ մեր պառակտված հանրությունը Ավինյանին չի հավատում: Նրա՝ հանրության կարծիքով միլիոններով պարգևավճարներ ստացող Ավինյանն է այս վիճակի պատասխանատուն, որ իր գլխից մեծ պաշտոն է ստանձնել ու չի կարողանում երկու էշի գարի ջոկել իրարից:
Եվ այսպես, հուշիկ քայլերով, հասանք հարցի քաղաքականացման կետին: Ո՞վ է Ավինյանը: Ավինյանը Նիկոլի հայելային արտացոլանքն է: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Եվ ոչ միայն Ավինյանը… Մի ողջ կառավարություն, իրավապահ համակարգ, խորհրդարանական մեծամասնություն՝ բոլորն են Նիկոլ, այսինքն՝ պատահական անցորդ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում

Հայաստանը ընկալվում է որպես ակտիվ և հուսալի գործընկեր միջազգային սպորտային հարթակում Mon, 13 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով