Միշտ հայտնվել են առաջնորդներ, ովքեր կարողացել են նորից ոտքի կանգնեցնել երկիրը
Sat, 11 Apr 2026 18:26:26 +0400

Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին և հասարակության տրամադրություններին։
Նրա խոսքով՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե հայ ժողովուրդը կորցրել է իր զգոնությունը, և կարելի է առանց դիմադրության իրականացնել ցանկացած քայլ։ Սակայն հրապարակում հավաքված մեծաթիվ մարդկանց ներկայությունը, ըստ Կարապետյանի, վկայում է հակառակի մասին։
Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ընդգծեց, որ նման համախմբված տեսարանը վստահություն է ներշնչում, որ հնարավոր է հասնել միասնականության և իրականացնել երկար սպասված համախմբման գաղափարը։
Կարապետյանը նաև նշեց, որ լավ պատկերացնում է, թե ինչն է այսօր առավելապես մտահոգում հասարակությանը։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է երկրի թուլացման, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում ժողովրդի շրջանում։
Ելույթի ընթացքում նա շեշտեց, որ հայ ժողովրդին բնորոշ չէ թուլությունը և անհրաժեշտ է չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ։
Անդրադառնալով պատմական փորձին՝ Կարապետյանը հիշեցրեց, որ նույնիսկ ամենածանր ժամանակահատվածներում, երբ հույսը նվազել է և իրավիճակը փակուղային է թվացել, հայ ժողովուրդը կարողացել է վերականգնվել։ Նրա խոսքով՝ միշտ հայտնվել են առաջնորդներ, ովքեր կարողացել են նորից ոտքի կանգնեցնել երկիրը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր