3 անձ ձերբակալվել է
Mon, 13 Apr 2026 11:56:12 +0400

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է հանրային տրանսպորտում վճարումների կազմակերպման գործընթացին:
Քաղաքապետի ներկայացմամբ՝ նախորդ շաբաթվա տվյալները ցույց են տալիս, որ ուղևորների կողմից կատարված վալիդացիաների քանակը զգալիորեն աճել է՝ տարբեր օրերին հասնելով մինչև 30 տոկոսի, ինչը զգալի առաջընթաց է նախորդ շաբաթվա համեմատ։ Նրա խոսքով՝ թեև ընթացիկ փոփոխությունները որոշ դժվարություններով են ուղեկցվում, սակայն դրանք անհրաժեշտ են համակարգի զարգացման համար։
Ավինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել տրանսպորտի վարորդներին՝ նշելով, որ նրանք ոչ միայն կատարում են իրենց հիմնական աշխատանքը, այլ նաև վերահսկում են վճարումների իրականացումը։ Նա ընդգծել է, որ նույնիսկ սադրանքների և ճնշումների պայմաններում վարորդները հիմնականում պահպանում են զսպվածությունը, ինչը բարձր գնահատականի է արժանի։
Քաղաքապետը նաև անդրադարձել է վերջերս տեղի ունեցած միջադեպերից մեկին, երբ վարորդի նկատմամբ բռնություն է կիրառվել։ Նրա խոսքով՝ դեպքի առնչությամբ մի քանի անձ արդեն ձերբակալվել են, և նա հույս է հայտնել, որ բոլոր մեղավորները կստանան խիստ պատիժ։ Ավինյանը շեշտել է, որ վարորդների նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է դիտարկել ոչ միայն որպես անհատի դեմ գործողություն, այլ որպես հարված ամբողջ քաղաքային համակարգին։
Նրա գնահատմամբ՝ լուրջ խնդիր է նաև վճարումները չկատարող քաղաքացիների վարքագիծը։ Քաղաքապետը նշել է, որ շաբաթական տասնյակ միլիոն դրամների կորուստ է արձանագրվում չվճարումների պատճառով, ինչը կարող էր ուղղվել տրանսպորտային պարկի զարգացմանը։ Ըստ նրա՝ այդ միջոցներով հնարավոր կլիներ պարբերաբար նոր ավտոբուսներ ձեռք բերել և բարելավել ծառայությունների որակը։
«Ես գիտեմ, որ երեք անձինք ձերբակալվել են և չորրորդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր