Ո՞ր բիզնեսմեններն էին ներկա Փաշինյանի հետ «նախաճաշին»
Mon, 13 Apr 2026 18:21:58 +0400
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Հայաստանի խոշոր գործարարների հետ։
Նա ողջունելով ներկաներին՝ նշել է, որ հանդիպմանը հրավիրվել են Հայաստանում ամենաշատ աշխատատեղեր ստեղծած ընկերությունների ներկայացուցիչները, որոնք «2018 թվականից հիմնականում արձագանքող են եղել և շարունակում են արձագանքող լինել Կառավարության քաղաքականություններին» և ստեղծել են 288 000 աշխատատեղ։
Պարզ է, որ սա նախընտրական հանդիպում է` հանրությանը ներշնչելու համար, որ խոշոր բիզնեսն իր կողքին է, բայց պարզ է նաեւ, որ այս բիզնեսմենները հնարավորություն չունեին` հրավեր ստանալու դեպքում չմասնակցել այս «նախաճաշին»` նրանց օդերը Փաշինյանն արագությամբ կփակեր:
Այնուամենայնիվ հետաքրքրիր է, թե ովքեր են մասնակցել այս հանդիպմանը:
Կադրերից նկատեցինք, որ ներկա էին բոլոր իշխանությունների կողքին գտնվող Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, Արտակ Սարգսյանը՝ «Սասի Արտակը», Բակուր Մելքոնյանը՝ պետական տենդերների շահող եւ բանակի մատակարար «Արտ լանչի» տերը, «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր եղբայրներից ավագը` Միքայել Վարդանյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը` Արտյոմ Քուշկյանի փեսան, Երեմյանների ներկայացուցիչը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Թիմ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Եսայանը: Ներկա էին նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը` «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրենը: