Մերժենք տնկած ցուցամատների ճեպազրույցները
Fri, 17 Apr 2026 17:15:01 +0400
Հանգիստ եղեք, խնդիր չկա տնտեսական դաշտում ռուսական կողմի հետ՝ վերջին ինքնավստահությամբ խոսում է Ռուբեն Ռուբինյանը։ Նա, օրինակ, վստահ է, որ գազի գինը Ռուսաստանը չի բարձրացնի, վստահ տոնով, քան դա կասեր ինքը՝ Պուտինը, ասում է՝ գազը չի թանկանա։ Ինչո՞ւ պետք է թանկանա, ագրեսիվ համառությամբ պնդում է նա, թեեւ հստակ Պուտինն ասել է, որ պետք է ընտել՝ ուզո՞ւմ են երկրի համար ապահովել էժան գազ, թե՞ ուզում են գնալ դեպի Եվրամիություն։ Ռուբինյանը դրանում ակնարկ, սպառնալիք չի տեսել եւ չի տեսնում անհրաժեշտություն՝ պատասխանելու հարցերին, հատկապես այն լրագրողների կողմից, ովքեր հետաքրքրված են՝ հասկանալու Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների հեռանկարը։ Այստեղ մի պահ հիշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում ռուսական կողմից սպառնալիքը եւ դրան պատասխանում է փոխադարձ սպառնալիքով՝ ասելով, թե այդ դեպքում Հայաստանը կլքի ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն։ Ուրեմն, այնուամենայնիվ, Պուտինն ակնարկել է, եւ դա ընկալել են ոչ միայն Ռուբինյանի համար անընդունելի լրատվամիջոցները։
Պարզվում է, որ մենք՝ լրագրողներս, իրավունք չունենք այս պաշտոնյային տալ իր համար անհարմար կամ տհաճ հարցեր, եւ այդ ամբարտավան ինքնավստահությունը նա արդարացնում է ժողովրդի քվեով։ Պարզվում է նաեւ, որ ժողովուրդն ընտրել է այս երիտասարդին՝ անձամբ նրան ժողովուրդն ընտրել է ու տվել մանդատ՝ ճղճղալու եւ լրագրողների վրա մատ թափ տալու համար։ Նա կարծում է՝ ժողովուրդը համաձայն է, որ պաշտոնյան սպառնա, թե պարզելու է լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները եւ արգելելու է հարց տալ նրանց, ում աղբյուրն անձամբ իրեն դուր չի գա։ Նա չի ընդունում, որ ընթերցողը եւս ֆինանսավորում է լրատվամիջոցը եւ նույն ընթերցողն ակնկալում է ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, քանի որ առիթ է գտել ռուսական օլիգարխներին, նախկիններին, ուրիշներին, այլ մեղավորների եւ պատասխանատուների հիշատակելու համար։
«Թիրախավորել եմ լրագրողներին եւ թիրախավորելու եմ ապագայում»․ սպառնագին խոստանում է այս պաշտոնյան, որն իր գործունեությամբ ոչինչ չի ավելացրել հայ մարդու կյանքում, բացի աղետներից ու ցավից, ոչնչով հայտնի չէ, բացի իր թրքասիրությունից, եւ ընտրվել է ոչ թե իր հեղինակության կամ գիտելիքների, խոսքի-շնորհքի, ինչ-որ տաղանդի, հմտության կամ որեւէ այլ լավ բանի շնորհիվ, այլ՝ միայն որպես նիկոլփաշինյանական դասական ուսապարկ։ Բայց կարեւորը դա չէ, այլ՝ այն, որ մենք՝ լրագրողներս, թույլ ենք տալիս մեզ հետ աշխատել այս ոճով։ Առաջին անգամ չէ, որ տեսնում ենք, թե ինչպես է պաշտոնյան ԱԺ-ում հարձակվում, թիրախավորում, ծաղրում, վիրավորում, անգամ նվաստացնում մեր գործընկերներին։ Լրագրողները, որ ենթադրաբար պետք է ելնեն մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, կարողանան պաշտպանել ուրիշների ոտնահարվող իրավունքները, կանգնում՝ համբերատար լսում են, թե ինչպես է պաշտոնյան փրփուրը բերանին ու մատը տնկած, թլոշ- փլոշ աղաղակում, վիրավորում լրագրողին։
Հարգելի գործընկերներ, իսկ ի՞նչ ինֆորմացիա հաղորդեց մեզ տվյալ պաշտոնյան՝ ծաղրանքով պատասխանելով ձեր բոլոր հարցերին, ի՞նչ նորություն ասաց, ի՞նչ ավելացրեց ձեր լրահոսին, ի՞նչ տվեց ունկնդրին։ Ոչինչ՝ 0 տեղեկատվություն, 0 նորություն, 0 հետաքրքրություն։ Եթե պարզվեց, որ տվյալ պաշտոնյան դրսեւորում է իրեն ամբարտավան ոճով ու անհարգալից տոնայնությամբ, դա արդեն վաղուց հայտնի էր, նրա կերպարը բացահայտելու իմաստով՝ նույնպես նոր բան չկար։ Այս ճեպազրույցներով մենք միայն նրանց հնարավորություն ենք տալիս՝ լրահոսում տարածել իրենց նախընտրական ակտիվությունը, ցուցադրել իրենց կարծիքներն ու ինքնավստահությունը, ինքնահաստատվել, երեւալ ղեկավարի աչքին, ում ուսապարկն են իրենք հանդիսանում, երեւալ ընտրողի աչքին, երեւալ «ուժեղ», «սրամիտ» ու «հաղթական»։
Ես հին լրագրող եմ, բայց ինձ համար բացարձակապես անընդունելի է այն ցուցամատը, որը թափահարելով խոսում է այս թոթովախոս պաշտոնյան՝ մեր գործընկեր, լրագրող, երջանկահիշատակ Գենոֆիայի որդին։
Մեզ՝ որպես լրատվամիջոց, այս հարցազրույցները գրեթե ոչինչ չեն տալիս, այս հարցազրույցներն առաջին հերթին իրենց են պետք, ոչ թե մեզ կամ մեր ընթերցողին։ Եվ, ուրեմն, մեր գործընկերներին վիրավորող առանձնյակներին կարելի է արհամարհել, բոյկոտել, չտալ ոչ մի հարց, դրանով իսկ պատժել նրանց ընտրությունների նախաշեմին, ստիպել, որ հարգեն ցանկացած հարց՝ ցանկացած լրատվամիջոցից, հարգեն մեր ընթերցողին, որոնցից շատերը նրանց ընտրողը չեն։ Բոյկոտելով անքաղաքավարի զրուցակիցներին՝ մենք կսովորեցնենք նրանց, որ քանի դեռ պաշտոնյա են, ստիպված են զուսպ լինել՝ իրենց անսահման անզսպության ու անդաստիարակության մեջ։ Առնվազն հարցազրույցի պահին, երբ պաշտոնյան դրսեւորում է անհարիր կեցվածք, կարելի է կիսատ թողնել այդ կարեւոր զրույցը եւ դադարեցնել նրա գովազդը, թույլ չտալ, որ ամեն անգամ նրանք առաջինը հեռանան՝ մեզ իրենց արժանի զրուցակից չհամարելով, այն դեպքում, երբ իրենք արժանի չեն մեր հարցերին եւ ուշադրությանը։
Դժբախտաբար, մեր հանրությունն էլ չի կարողանում միավորվել մեկ գաղափարի շուրջ, նույնկերպ ընտրություններից առաջ ընդդիմությունը չկարողացավ վերադասավորվել ու միավորվել, շարունակեցին աշխատել անջատ ու տրոհված՝ իրենց էներգիան վատնելով նույն խրամատում հակառակորդներ փնտրելով։ Այս պայմաններում երեւի գոնե լրագրողները պետք է կարողանան միավորվել, գոնե մեկ անգամ պետք է կարողանանք արհամարհել ու պատժել նրանց, ով մեզ ծաղրում է, չի հարգում։ Եթե ծաղրում են մի լրագրողի, ուրեմն ծաղրում են մեզ՝ բոլորիս, ծաղրում են անարժանները, նրանք, ովքեր իրականում արժանի են ամենայն ծաղրի ու արգահատանքի։
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, գուցե հենց դրանում է թաքնված մեր հանրության կոտրված արժանապատվության վերականգնումը, գուցե հենց մենք պետք է ցույց տանք միավորվելու, իրար պաշտպանելու եւ մեր տեսակը փրկելու կամք ու կարողություն։