«Հրապարակ»․ Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը

«Հրապարակ»․ Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը

Sat, 18 Apr 2026 12:45:35 +0400


Իմ զրուցակիցն է գրող, հրապարակախոս, բանաստեղծ, «Երջանիկ տարեցներ» գիտամշակութային միության նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Դալլաքյանը:

– Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա վիճակը՝ ազգային, հոգեւոր, մշակութային, քաղաքական համատեքստում։

– Այսօրվա Հայաստանը միաժամանակ ե՛ւ ցավի մեջ է, ե՛ւ որոնման։ Պետականությունն արտաքինից կարծես կայացած է, բայց ներսում կա խոր արժեքային ճգնաժամ։ Ազգային մտածողությունը նահանջում է, գալիս է անհատական շահի գերակայությունը։ Մենք փորձում ենք նմանվել ուրիշներին՝ մոռանալով, որ մեր ուժը մեր տարբերության մեջ է։ Երբ երիտասարդը չգիտի իր պատմությունը, իր մշակույթը, իր երգը, իր լեզվի խորքը, դառնում է հեշտ կառավարվող։ Երկրորդը հոգեւոր դատարկությունն է։ Երբ հավատը դառնում է ձեւական, այլ ոչ թե ապրող արժեք, մարդը կորցնում է իր ներքին ողնաշարը: Իրավիճակային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվում են՝ քաղաքական փոփոխություններով, տնտեսական վերադասավորումներով։ Բայց երբ ճգնաժամը դառնում է արժեքային, այն ներթափանցում է մարդու մտածողության մեջ: Մարդիկ փորձում են հարմարվել, գոյատեւել, բայց ոչ՝ պահել իրենց ինքնությունը։ Սա արդեն վտանգի ազդանշան է։

– Այսինքն՝ կարծում եք, որ չափազանցություն չեն այն ահազանգերը, որ մեր ազգային ինքնությունն իրական վտանգի տակ է։

– Ազգային ինքնությունը չի կորչում միանգամից։ Այն մաշվում է լեզվի նկատմամբ անտարբերությունից, պատմության նկատմամբ մակերեսային վերաբերմունքից, մշակույթի նկատմամբ ձեւական հետաքրքրությունից։ Ամենավտանգավորն այն է, որ մարդը կարող է չզգալ այդ կորուստը։ Նա կարող է ապրել, աշխատել, հաջողության հասնել, բայց ներսում այլեւս չունենալ կապն իր ժողովրդի հետ։ Այդ պահին նա դառնում է անհատ, բայց ոչ՝ ազգային միավոր։ Մեր հոգեւոր հիմքը թուլացել է։ Այսօր տեսնում ենք հակասություն՝ մարդը կարող է արտաքուստ լինել հավատացյալ, բայց իր վարքում չարտահայտել այդ հավատը։ Սա նշանակում է, որ հոգեւոր արժեքները չեն դարձել ներքին ուղեցույց։ Երբ մարդը կորցնում է իր ներքին սահմանները, նա սկսում է արդարացնել նույնիսկ այն, ինչը նախկինում անընդունելի էր։ Սա արդեն հոգեւոր թուլացման նշան է, եւ այս նշանով է առաջնորդվում հատկապես այսօրվա վարչակարգը, որն իրեն իրավունք է վերապահել խառնվել մայր եկեղեցու ներքին գործերին: Ամենայն հայոց հայրապետը միայն Հայաստանի կաթողիկոսը չէ, նա Ամենայն հայոցն է, նրա գոյությունը պայմանավորված չէ մեկ «մարդու» հիվանդագին դրսեւորումներով: Տեսնում եմ բարոյականության նահանջ, այն էլ՝ պետական մակարդակով: Բարոյականությունը հասարակության հիմքն է։ Եթե այդ հիմքը խարխլվում է, մնացած բոլոր ոլորտները՝ քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, դեֆորմացվում են։ Տարբեր կարծիք ունենալը հաճախ ընկալվում է որպես թշնամություն: Սա բերում է վստահության անկման, եւ այս ամենի մեղավորը դարձյալ ներկա վարչակարգն է: Երբ մարդիկ չեն վստահում իրար, նրանք չեն կարող կառուցել միասնական հասարակություն, ավելին՝ պառակտվում են պետության ազգային-հոգեւոր-մշակութային-հասարաքաղաքական կյանքի հիմքերը, եւ պետությունը դատապարտվում է ձուլման այլ ազգերի մեջ: Բայց մենք՝ երիտասարդներս, մեր ընտրությամբ չենք թողնի, որ այս իշխանությունների որդեգրած ծրագրերն իրագործվեն: Մշակույթը պետք է լինի ինքնության պահպանման գլխավոր գործիքը, բայց այն լիարժեք չի կատարում այդ դերը։ Ու դա դարձյալ այս իշխանությունների մեղքով է: Մենք ունենք ստեղծագործող մարդիկ, ունենք տաղանդներ, բայց հաճախ մշակութային կյանքը չի դառնում հասարակության մտածողության ձեւավորման գործոն։ Ես մշակույթի գործիչներին ուզում եմ ասել՝ հարգելիներս, երբ հայրենիքն է վտանգի շեմին, գրիչն էլ զենք չէ, թուղթն էլ՝ մարտադաշտ: Տեսնում ենք՝ քաղաքականությունը դարձել է ոչ թե ծառայություն, այլ պայքար իշխանության համար։ Դա է խարխլում պետության հիմնասյունը: Դա պիտի բացատրել մեր ժողովրդին:

– Դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին։

– Պատերազմը մարդու մեջ մաքրում է ամեն ավելորդը։ Այնտեղ հասկանում ես՝ ինչն է իրական արժեք։ Ես տեսել եմ հերոսություն, տեսել եմ զոհաբերություն, եւ դա ինձ համար դարձավ կյանքի չափանիշ։ Այսօր, երբ խոսում ենք հայրենասիրությունից, պետք է հիշենք, որ դա ոչ թե խոսք է, այլ՝ գործողություն։ Երիտասարդությունը մեր ամենամեծ հույսն է, բայց նաեւ ամենամեծ պատասխանատվությունը։ Երիտասարդը կանգնած է բազմաթիվ գայթակղությունների առաջ՝ հեշտ ճանապարհների, արագ հաջողության։ Բայց պետք է հասկանալ՝ իրական արժեքը ստեղծվում է աշխատանքի, պայքարի եւ հավատքի միջոցով։

– Երիտասարդությունը ո՞րն է համարում ամենամեծ վտանգը Հայաստանի համար։

– Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը։ Երբ մենք սկսում ենք բաժանվել՝ քաղաքական, գաղափարական կամ անձնական հիմքերով, թուլանում ենք որպես ազգ։ Թշնամին միշտ օգտվում է մեր ներսի բաժանումից, Հայաստանի համար ամենամեծ վտանգը, այո, ներկայիս կառավարությունն է: Ես երիտասարդներին հորդորում եմ՝ սիրել մեր երկիրը ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Ազգը չի կորչում, երբ պարտվում է, այլ երբ դադարում է հավատալ իրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում Tue, 02 Jun 2026 00:30:08 +0400 Հունական Սիրոս կղզում…

44 րոպե ago

Շտապ օգնության տնօրենը հեռանում է

Շտապ օգնության տնօրենը հեռանում է Tue, 02 Jun 2026 00:02:15 +0400 Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ բուժաշխատողներ,…

1 ժամ ago

Կոլումբիայի նախագահը չի ընդունում պարտությունը․ ովքե՞ր են անցել 2-րդ փուլ

Կոլումբիայի նախագահը չի ընդունում պարտությունը․ ովքե՞ր են անցել 2-րդ փուլ Mon, 01 Jun 2026 23:55:44…

1 ժամ ago

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա Mon, 01 Jun 2026 23:48:37 +0400…

1 ժամ ago

Ողբերգական դեպք՝ Արթիկում․ Տան հրդեհը մարելուց հետո 74-ամյա թոշակառուին գտել են մահացած

Ողբերգական դեպք՝ Արթիկում․ Տան հրդեհը մարելուց հետո 74-ամյա թոշակառուին գտել են մահացած Mon, 01 Jun…

2 ժամ ago

Ցանկանում են էկոհամակարգերին իրավաբանական անձի կարգավիճակ տալ

Ցանկանում են էկոհամակարգերին իրավաբանական անձի կարգավիճակ տալ Mon, 01 Jun 2026 23:18:34 +0400 Եվրամիությունում նախաձեռնող…

2 ժամ ago