Հինգշաբթի , 1 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը

«Հրապարակ»․ Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը

Sat, 18 Apr 2026 12:45:35 +0400


Իմ զրուցակիցն է գրող, հրապարակախոս, բանաստեղծ, «Երջանիկ տարեցներ» գիտամշակութային միության նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Դալլաքյանը:

– Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա վիճակը՝ ազգային, հոգեւոր, մշակութային, քաղաքական համատեքստում։

– Այսօրվա Հայաստանը միաժամանակ ե՛ւ ցավի մեջ է, ե՛ւ որոնման։ Պետականությունն արտաքինից կարծես կայացած է, բայց ներսում կա խոր արժեքային ճգնաժամ։ Ազգային մտածողությունը նահանջում է, գալիս է անհատական շահի գերակայությունը։ Մենք փորձում ենք նմանվել ուրիշներին՝ մոռանալով, որ մեր ուժը մեր տարբերության մեջ է։ Երբ երիտասարդը չգիտի իր պատմությունը, իր մշակույթը, իր երգը, իր լեզվի խորքը, դառնում է հեշտ կառավարվող։ Երկրորդը հոգեւոր դատարկությունն է։ Երբ հավատը դառնում է ձեւական, այլ ոչ թե ապրող արժեք, մարդը կորցնում է իր ներքին ողնաշարը: Իրավիճակային խնդիրները ժամանակի ընթացքում լուծվում են՝ քաղաքական փոփոխություններով, տնտեսական վերադասավորումներով։ Բայց երբ ճգնաժամը դառնում է արժեքային, այն ներթափանցում է մարդու մտածողության մեջ: Մարդիկ փորձում են հարմարվել, գոյատեւել, բայց ոչ՝ պահել իրենց ինքնությունը։ Սա արդեն վտանգի ազդանշան է։

– Այսինքն՝ կարծում եք, որ չափազանցություն չեն այն ահազանգերը, որ մեր ազգային ինքնությունն իրական վտանգի տակ է։

– Ազգային ինքնությունը չի կորչում միանգամից։ Այն մաշվում է լեզվի նկատմամբ անտարբերությունից, պատմության նկատմամբ մակերեսային վերաբերմունքից, մշակույթի նկատմամբ ձեւական հետաքրքրությունից։ Ամենավտանգավորն այն է, որ մարդը կարող է չզգալ այդ կորուստը։ Նա կարող է ապրել, աշխատել, հաջողության հասնել, բայց ներսում այլեւս չունենալ կապն իր ժողովրդի հետ։ Այդ պահին նա դառնում է անհատ, բայց ոչ՝ ազգային միավոր։ Մեր հոգեւոր հիմքը թուլացել է։ Այսօր տեսնում ենք հակասություն՝ մարդը կարող է արտաքուստ լինել հավատացյալ, բայց իր վարքում չարտահայտել այդ հավատը։ Սա նշանակում է, որ հոգեւոր արժեքները չեն դարձել ներքին ուղեցույց։ Երբ մարդը կորցնում է իր ներքին սահմանները, նա սկսում է արդարացնել նույնիսկ այն, ինչը նախկինում անընդունելի էր։ Սա արդեն հոգեւոր թուլացման նշան է, եւ այս նշանով է առաջնորդվում հատկապես այսօրվա վարչակարգը, որն իրեն իրավունք է վերապահել խառնվել մայր եկեղեցու ներքին գործերին: Ամենայն հայոց հայրապետը միայն Հայաստանի կաթողիկոսը չէ, նա Ամենայն հայոցն է, նրա գոյությունը պայմանավորված չէ մեկ «մարդու» հիվանդագին դրսեւորումներով: Տեսնում եմ բարոյականության նահանջ, այն էլ՝ պետական մակարդակով: Բարոյականությունը հասարակության հիմքն է։ Եթե այդ հիմքը խարխլվում է, մնացած բոլոր ոլորտները՝ քաղաքականությունը, տնտեսությունը, կրթությունը, դեֆորմացվում են։ Տարբեր կարծիք ունենալը հաճախ ընկալվում է որպես թշնամություն: Սա բերում է վստահության անկման, եւ այս ամենի մեղավորը դարձյալ ներկա վարչակարգն է: Երբ մարդիկ չեն վստահում իրար, նրանք չեն կարող կառուցել միասնական հասարակություն, ավելին՝ պառակտվում են պետության ազգային-հոգեւոր-մշակութային-հասարաքաղաքական կյանքի հիմքերը, եւ պետությունը դատապարտվում է ձուլման այլ ազգերի մեջ: Բայց մենք՝ երիտասարդներս, մեր ընտրությամբ չենք թողնի, որ այս իշխանությունների որդեգրած ծրագրերն իրագործվեն: Մշակույթը պետք է լինի ինքնության պահպանման գլխավոր գործիքը, բայց այն լիարժեք չի կատարում այդ դերը։ Ու դա դարձյալ այս իշխանությունների մեղքով է: Մենք ունենք ստեղծագործող մարդիկ, ունենք տաղանդներ, բայց հաճախ մշակութային կյանքը չի դառնում հասարակության մտածողության ձեւավորման գործոն։ Ես մշակույթի գործիչներին ուզում եմ ասել՝ հարգելիներս, երբ հայրենիքն է վտանգի շեմին, գրիչն էլ զենք չէ, թուղթն էլ՝ մարտադաշտ: Տեսնում ենք՝ քաղաքականությունը դարձել է ոչ թե ծառայություն, այլ պայքար իշխանության համար։ Դա է խարխլում պետության հիմնասյունը: Դա պիտի բացատրել մեր ժողովրդին:

– Դուք մասնակցել եք 44-օրյա պատերազմին։

– Պատերազմը մարդու մեջ մաքրում է ամեն ավելորդը։ Այնտեղ հասկանում ես՝ ինչն է իրական արժեք։ Ես տեսել եմ հերոսություն, տեսել եմ զոհաբերություն, եւ դա ինձ համար դարձավ կյանքի չափանիշ։ Այսօր, երբ խոսում ենք հայրենասիրությունից, պետք է հիշենք, որ դա ոչ թե խոսք է, այլ՝ գործողություն։ Երիտասարդությունը մեր ամենամեծ հույսն է, բայց նաեւ ամենամեծ պատասխանատվությունը։ Երիտասարդը կանգնած է բազմաթիվ գայթակղությունների առաջ՝ հեշտ ճանապարհների, արագ հաջողության։ Բայց պետք է հասկանալ՝ իրական արժեքը ստեղծվում է աշխատանքի, պայքարի եւ հավատքի միջոցով։

– Երիտասարդությունը ո՞րն է համարում ամենամեծ վտանգը Հայաստանի համար։

– Ամենամեծ վտանգը ներքին պառակտումն է, որ բերում է այս իշխանությունը։ Երբ մենք սկսում ենք բաժանվել՝ քաղաքական, գաղափարական կամ անձնական հիմքերով, թուլանում ենք որպես ազգ։ Թշնամին միշտ օգտվում է մեր ներսի բաժանումից, Հայաստանի համար ամենամեծ վտանգը, այո, ներկայիս կառավարությունն է: Ես երիտասարդներին հորդորում եմ՝ սիրել մեր երկիրը ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Ազգը չի կորչում, երբ պարտվում է, այլ երբ դադարում է հավատալ իրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երանի՜ Վահրամներ շատ լինեն, որ չթողնեն մեր Տան պատերը քանդեն

Երանի՜ Վահրամներ շատ լինեն, որ չթողնեն մեր Տան պատերը քանդեն Wed, 30 Sep 2026 13:45:35 …