Ընտրողներին հոգնեցնելիս՝ վախեցեք անակնկալից

Ընտրողներին հոգնեցնելիս՝ վախեցեք անակնկալից

Sat, 18 Apr 2026 17:45:33 +0400


Մենք գորովանքով ու սիրով չենք հիշում ընտրական գործընթացները նախկինների օրոք։ Ովքեր հիշում են, առնչվել են, շփվել են, ամեն ինչ էլ կարող են մտաբերել՝ թե՛ ընտրակաշառք, թե՛ անօրինականություններ՝ խախտումներ քվեարկության կամ հաշվարկների փուլում, կուտակումներ ընտրատեղամասերում, բռնություններ եւ այլն։ Ինչ ասես եղել է տարբեր տարիներին՝ տարբեր ուժգնության ու տարբեր ինտենսիվության։ Գնալով, իհարկե, բացասական երեւույթները պակասում էին, խախտումները՝ ավելի բարդանում եւ, ըստ այդմ, նվազում, բայց ընտրություններ, որոնց արդյունքներն աղտոտված չեն կասկածանքով ու թերահավատությամբ, Հայաստանում չեն պատահել։

Իսկ այսօր, երբ թվում է, թե ընտրախախտումների փուլը հեղափոխությամբ ընդհատվել է, ընտրական գործընթացն առավել քաղաքակիրթ չի դարձել, այլ այն ավելի ամոթալի, ցածր, շատ ավելի անընդունելի բնույթ է ընդունել ու առաջացնում է արդեն ոչ թե կասկած, այլ՝ զզվանք։ Դժվար է ասել, թե որն է ավելի տհաճ՝ կասկածե՞լ ընտրությունների արդյունքներին, թե՞ զզվել դրանցից առանձին-առանձին ու ամբողջությամբ վերցրած՝ ամբողջ գործընթացից։ Նախկինում ընդունված չէր այդպես մուրալ քվեներ, այդպես ամեն րոպե թիրախավորել մրցակիցներին, վախենալ հրապարակայնորեն եւ պարծենալ արհեստականորեն։ Նախընտրական գործընթացներին զուգահեռ, կյանքը շարունակվում էր իր գրեթե սովորական հունով, կառավարության աշխատանքը, Ազգային ժողովի նիստերն իրենց հունով առաջ էին գնում՝ ոչ ընտրական ժամանակահատվածների համեմատ շատ փոքր տարբերությամբ։ Այսօր մենք արդեն հոգնել ենք դեռեւս չմեկնարկած քարոզարշավից, հոգնել ենք հետեւել, թե ինչպես է ամեն ճիգ գործադրվում՝ վերարտադրության համար, ինչպես ընտրություն չեն դնում միջոցների մեջ։

Եթե ընտրությունների ոճն ու բովանդակությունը վատն են, դրանում առաջին հերթին պետք է մեղադրել իշխող ուժին, որի ձեռքում են ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար անհրաժեշտ լծակները, ուժն ու իրավունքը։ Իշխանությունների գործն է՝ լինել արդար ընտրությունների երաշխավորը երկրում։

Ի վիճակի՞ է այս իշխանությունը, որը տառապում է ընտրվելու մոլուցքով, ապահովել ընտրական նորմալ գործընթաց։ Ընդ որում, ընտրությունների արդարությունը միայն ընտրակաշառքը բացառելու մեջ չէ․ ընտրությունը պետք է լինի ազատ, արդար եւ թափանցիկ, իսկ այն բարոյահոգեբանական իրադրությունում, որը ստեղծել են այս իշխանություններն ընտրություններից առաջ, արդեն ազատ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող։ Իշխող ուժն ամբողջ թիմով տեռորի է ենթարկում ընտրազանգվածին՝ ամեն եղանակով ու ամեն առիթով մրցակցային մթնոլորտում պահելով հանրությանը։ Երկիրը նախընտրական տենդի մեջ է արդեն տեւական ժամանակ, մինչդեռ նախընտրական օրինական գործընթացները դեռ նոր են սկսվում, դեռ նոր են մասնակցության հայտ ներկայացնում ԿԸՀ, իսկ քարոզարշավը չի էլ մեկնարկել։

Եվ արդեն կարելի է գնահատել՝ երբ իշխանությունը հիվանդ է ընտրացավով, այդ տենդը թույլ չի տալիս առողջ ընտրական գործընթաց։ Առողջ միջավայր՝ հավասար, արդար, ակնհայտորեն չկա։ Ընդ որում, որքան իշխանությունը տենդագին ակտիվ է՝ լարված, կատաղած, ընդդիմությունը նույնքան հիվանդագին պասիվ է՝ անմիաբան։ Այս պայմաններում ընտրողի համար մի բան է կարեւորվում․ շուտ անցնեն այս երկու ամիսները, վերջանա այս լեզվակռիվը, անարդարությունների այս շքերթը, իրավապահ եւ դատական համակարգի ծաղրը, հանրության զգացմունքների, նպատակների եւ հույսերի նկատմամբ այս անամոթ արշավը։

Թալանչի նախկինների մասին բալլադներին այսօր ավելացել են կալուգացի օլիգարխի «արկածները», որոնք ամեն օր հեքիաթի պես պատմում են ՔՊ-ական պաշտոնյաները՝ մտածելով, թե նորից կարող են հեղափոխություն անել, չհասկանալով, որ իրենց կողմնակիցներն արդեն բավականին փոքրաթիվ են՝ հեղափոխական ալիք առաջացնելու համար։ Ընտրություններից առաջ իշխանությունները մեծածավալ սոցիալական ծրագրեր են սկսում, թոշակների բարձրացում եւ այլն, ու դա, իհարկե, ոչ մի կերպ ընտրակաշառք չի կոչվում, իսկ մրցակից ուժերն այս օրերին ինչ էլ անեն, վտանգի տակ են ընտրակաշառքի հոդվածով։ Նրանք այս օրերին լավ կանեն՝ անգամ թափառական երաժշտի գլխարկի մեջ մանրադրամ չդնեն, որովհետեւ դա կարող է դիտվել հանցագործություն։ «Նրանց թվում է, որ իրենք կարող են գնել Հայաստանի ժողովրդին»,- ասում է մի երիտասարդ, բավականին տխրահռչակ պաշտոնյա, մարդ, որին թվում է, թե իրենք կարող են հերթական անգամ խաբել Հայաստանի ժողովրդին։ Նրանց թվում է, թե զոռով-շառով, սպառնալիքով ու բռնությամբ՝ ամեն գնով, հնարավոր է պահել իշխանությունը, թեկուզ դա լինի ամենամեծ անօրինականությունների ու ամենատգեղ նվաստացումների ճանապարհով։

Ընտրողին նախապես այսպես հոգնեցնելը ոչ միայն տգեղ է, այլեւ՝ սխալ, քանի որ «իներտ դժգոհից» նա փոխակերպվում է «գործուն դժգոհի», որը կարող է գնալ ընտրատեղամաս։ Այս վիճակին վերջ կդնի այն սառնասիրտ ընտրողը, որն այսօր անտարբեր հետեւում է նախընտրական անամոթությանը, դիտարկում է տեսածն ու լսածը՝ բժշկի նման։ Այդ ընտրողը, որ դեռեւս չունի նախընտրած թեկնածու, թվում է՝ անվրդով ու հոգնած, դեռեւս մերժում է մաս կազմել ընտրական որեւէ գործընթացի, կարծես՝ չի գնալու ընտրատեղամաս, քանի որ բոլորից զզված է։ Բայց այս բուռն ընտրատենդի պայմաններում մի մեծ անակնկալ մատուցելով այդ փութաջան «վերընտրվողներին», նա՝ այդ բժիշկ-ընտրողը, գնալու է եւ բուժելու է հիվանդոտ միջավայրը՝ քվեարկելով հանուն այսօրվա պաշտոնյաների դեմքերն այլեւս չտեսնելու եւ նրանց ընտրատենդից ծվծվան ձայներն այլեւս չլսելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհն այսօր կանգնել է անորոշության առաջ, որը չափազանց վտանգավոր է․ Էրդողան

Աշխարհն այսօր կանգնել է անորոշության առաջ, որը չափազանց վտանգավոր է․ Էրդողան Sat, 18 Apr 2026…

13 րոպե ago

Ոչ կուսակցական եմ, ոչ էլ էս պահին ընտրությունների մասին եմ մտածում, իմ դարդը իմ անասուններն են, որ չեմ կարողանում բերել

Ոչ կուսակցական եմ, ոչ էլ էս պահին ընտրությունների մասին եմ մտածում, իմ դարդը իմ անասուններն…

28 րոպե ago

Բանակցությունները թուլության նշան չեն․ Ժոզեֆ Աուն

Բանակցությունները թուլության նշան չեն․ Ժոզեֆ Աուն Sat, 18 Apr 2026 19:00:25 +0400 Իսրայելի հետ բանակցությունները…

43 րոպե ago

Երեւան-Լառնակա-Երեւան

Երեւան-Լառնակա-Երեւան Sat, 18 Apr 2026 18:45:39 +0400 Բակում մեր հարեւան Շմավոնին տեսա… Տրամադրությունը լավ էր.…

58 րոպե ago

Անկարան հանդես է գալիս Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության օգտին․ Էրդողան

Անկարան հանդես է գալիս Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության օգտին․ Էրդողան Sat, 18 Apr 2026 18:30:20…

1 ժամ ago

Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանձը

Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանձը Sat, 18 Apr 2026 18:19:59 +0400 Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է…

1 ժամ ago