Հարցաշար՝ Ալեն Սիմոնյանին
Wed, 22 Apr 2026 18:45:10 +0400
ՀՀ ԱԺ տակավին գործող նախագահ Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում 3 հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանին. «1) Երբ Վանաձորում դրական արձագանք էր տալիս այն հարցին, որ Հայաստանը պետք է կիսանախագահական լինի, դա ի՞ր անձնական կարծիքն է, թե՞ նաեւ դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի։ 2) Եթե «Հայաստան» դաշինքին հաջողվի հատել անցողիկ շեմը, պատգամավորները զբաղեցնելո՞ւ են իրենց հասանելիք պաշտոնները ԱԺ-ի հանձնաժողովներում, մասնակցելո՞ւ են նիստերին եւ մնացած օրենքով նախատեսված աշխատանքներին։ 3) Ինքն անձամբ գալո՞ւ է ԱԺ, թե՞ «Հայաստան» դաշինք ընտրողներն իրականում ՀՅԴ են ընտրում»։
Ինչպես տեսնում եք՝ հարցերն ամբողջությամբ վերաբերում են «Հայաստան» դաշինքի ներքին խոհանոցին եւ կարող են ունենալ մեկ կտրուկ պատասխան՝ Ալեն, քե՞զ ինչ: Այստեղից էլ հավելյալ հարցեր են ծագում՝ դու ո՞վ ես, Ալեն, որ հետաքրքրվում ես «Հայաստան» դաշինքի անելիքներով կամ դաշինքի անդամների հարաբերություններով:
Այսուհանդերձ, Ալեն Սիմոնյանը ՀՀ քաղաքացի է եւ կարող է ամենատարբեր հարցեր հնչեցնել: Դա նրա իրավունքն է: Կարող է, օրինակ, հետաքրքրվել ՔՊ առաջնորդից, թե այս ընթացքում քանի թոշակառու է իր թոշակին ավելացված 10 հազարով օգտվել Երեւան-Լառնակա-Երեւան չվերթներից: ՔՊ առաջնորդն ասում էր՝ կարելի է 5 հատ «տուդա-աբռատնի» տոմս գնել: Ինչո՞ւ Ալենն այս հարցը չի տալիս իր առաջնորդին… Մի պարզ պատճառով՝ Ալենը համոզված է, որ իր առաջնորդի արած հայտարարությունն ապուշություն է:
Թուրքիա գնացիր վերջերս, Ալեն, մեծ-մեծ մարդկանց հետ նստեցիր-վեր կացար: Որեւէ մեկից հետաքրքրվեցի՞ր, թե ինչու Թուրքիան չի բացում Հայաստանի հետ սահմանը: Արցախը տվեցինք, միջանցքը տվեցինք… Ինչո՞ւ չեն բացում սահմանը: Վախեցա՞ր թուրքերից: Եղբայր, թուրքերից վախեցար՝ տեղակալիցդ հետաքրքրվեիր… Պուճուր Քըլըչից: Ամբողջ ժամանակ կողքիդ վերընկած է՝ նրանից չե՞ս կարող հետաքրքրվել ժողովրդին հուզող այդ հարցի ճակատագրով:
Լիքը ուրիշ հարցեր կան, որ վայել են ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձին: Այդ կալիբրի անձը, օրինակ, կարող էր վետո դնել այն կառավարության վրա, որի ղեկավարը հայտարարում է, որ կառավարությունն ինքն է: Բայց դու ասա՝ Ալեն Սիմոնյանը գոնե աչք թարթե՞լ է այդ հայտարարությունից հետո: Երեւի մի բան էլ չարախնդացել է թշվառ նախարարների վրա: Եվ ինչո՞ւ միայն նախարարների… դատախազի, դատավորի, ԱԺ ՔՊ-ական բիոմասսայի եւ մյուսների վրա, որոնք նստում-վեր են կենում վարչապետական փայտիկի հրահանգներով:
Ասվածը, կարծում եմ, լիուլի բավարար է սոցցանցում Ալեն Սիմոնյանին ուղղված երեք նորմալ հարց ձեւակերպելու համար: Բայց Ալեն Սիմոնյանին ուղղելու «աննորմալ» հարցեր շատ կան, որոնք կարելի է հնչեցնել արդեն այսօրվանից: Զորօրինակ՝ 1. Կգա՞, արդյոք, Նիկոլ Փաշինյանը ԱԺ, եթե ընտրությունների արդյունքներով կորցնի վարչապետի աթոռը։ 2. Կգա՞, արդյոք, ՔՊ-ն ԱԺ, եթե չունենա բացարձակ մեծամասնություն։ 3. Կաշխատի՞, արդյոք, ՔՊ-ն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, որ կձեւավորվի նոր՝ ոչ ՔՊ-ական խորհրդարանում։ 4. Եթե ՔՊ-ն այնուամենայնիվ հաղթահարի 4 տոկոսի շեմը, Նիկոլի ուսապարկերը կհամարձակվե՞ն հերոսաբար ներկայանալ գլխավոր դատախազի մասնակցությամբ ԱԺ նիստերին՝ իմանալով, որ նիստից հետո դատախազի ուղեկցությամբ են հեռանալու խորհրդարանի շենքից։ 5. Քանի՞ ՔՊ-շնիկ կմնա Հայաստանում, եթե «Հայաստան» դաշինքը գա իշխանության եւ, ինչպես խոստացել է, սկսի ՔՊ-շնիկ առ ՔՊ-շնիկ պատասխանատվության ենթարկել Արցախի կորստի, հազարավոր զոհերի, Հայաստանի օկուպացիայի, աննախադեպ թալանի, հասարակությանը դեգրադացնելու, հային հայի դեմ հանելու համար:
Հարցերը շա՜տ-շատ են, Ալեն, եւ, ինչպես տեսնում ես, ողջ հանրությանը հուզող: