«Հրապարակ»․ Սա վատ է անդրադառնալու սերնդափոխության վրա

«Հրապարակ»․ Սա վատ է անդրադառնալու սերնդափոխության վրա

Thu, 23 Apr 2026 09:45:34 +0400


Կառավարությունը հաստատել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը։ Փաթեթը ներառում է «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հպարտությամբ հայտարարել է, որ, ըստ նախատեսված փոփոխությունների, 65 տարեկան քաղծառայողներին այլեւս չեն ազատի աշխատանքից, այսինքն` քաղծառայողների տարիքային շեմը կհանվի, եւ նրանք կարող են աշխատել մինչեւ խոր ծերություն եւ մահ: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանի հետ:

– Պարոն Բադալյան, չկա՞ մտավախություն, որ այս որոշումից հետո համակարգը կարող է լճանալ, սերնդափոխություն կարող է չլինել այլեւս, երիտասարդների` աշխատանքի տեղավորվելու հնարավորությունները կարող են պակասել: Մեծահասակները համակարգից չեն հեռացվի եւ զբաղվածություն կունենան, սակայն կան տեսակետներ, որ այս եղանակով համակարգում մի շարք խնդիրներ կարող են առաջանալ:

– Փորձառուները ստանալու են հնարավորություն` աշխատանքը շարունակելու, այստեղ կա դրական բան, առավել եւս, որ երիտասարդներից շատերը չէ, որ հրապուրված են քաղծառայող դառնալու ցանկությամբ։ Մյուս կողմից` ինչքան էլ որ քիչ են հրապուրվածները, ամեն դեպքում, այս որոշումը երիտասարդների կարիերայի աճին կխոչընդոտի:

– Այսինքն` հիմա երիտասարդները չե՞ն ցանկանում պետական կառավարման համակարգում աշխատել:

– Որքանով ես եմ տեղյակ` գնալով փոքրացել է երիտասարդների թիվը: Իմ ժամանակ երիտասարդների թիվը քիչ չէր, բավականին շատ էին, սակայն հիմա նվազել է հավակնող երիտասարդների թիվը: Երեք ամիսը մեկ ուսումնասիրում էինք, մոտ 400 մարդ դիմում էր, դա փոքր թիվ չէր, սակայն վերջին շրջանում, ինչքանով որ ես եմ տեղյակ, թիվը նվազել է: Ամեն դեպքում, 65 տարեկան անձանց վաստակած հանգստի մեկնելը ես համարում եմ արդարացված, քան հակառակը:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ կան օրինաչափություններ, կանոններ, որոնց պետք է հետեւել: Մարդը եթե ամբողջ կյանքում աշխատել է, ապա պետք է գնա վաստակած հանգստի: Ամբողջ աշխարհում մարդիկ ընդվզում են, երբ կենսաթոշակի տարիքն անգամ մի քանի ամսով երկարացնում են, մեզ մոտ հակառակն է` մարդը սթրեսի մեջ է ընկնում, երբ գալիս է թոշակ ստանալու ժամանակը, ինչո՞ւ, որովհետեւ կենսաթոշակի չափը փոքր է: Սա շատ նուրբ հարց է, ափսոս է, երբ փորձառություն ունեցող մարդը, երկար տարիների փորձը թողած, ստիպված հեռացվում է համակարգից: Հատկապես որ համարժեք փոխարինող չէին կարողանում գտնել…. այս իմաստով միանշանակ չէ, որ 65-ը լրանում է, մասնագետը պիտի գնա: Ես կարծում եմ, որ ոչ թե բոլորին պետք է տալ այս հնարավորությունը, այլ՝ նրանց, ովքեր ունեն մեծ գիտելիքներ: Կարողությունները պետք է անպայման հաշվի առնել:

– Հնարավո՞ր է, որ սա էլ ընտրություններին ընդառաջ մարդկանց գրավելու մի ձեւ է, ընտրակաշառքի քողարկված տեսակ:

– Այո, հնարավոր է, չէի մտածել, սակայն չեմ բացառում: Երբ նայում ենք ընդհանուր մոտեցումներին, ապա տրամաբանական է:

– Իսկ թոշակի անցած քաղծառայողները կարո՞ղ են այս փոփոխությունից հետո վերադառնալ աշխատանքի:

– Կարծում եմ` ոչ, ո՞ւմ տեղը պետք է վերադառնան: Նրանց փոխարեն արդեն կադրեր կան: Տեխնիկապես դժվար լուծելի հարց է:

– Այսպիսով` ինչպե՞ս է լինելու սերնդափոխությունը քաղծառայության պաշտոններում, եթե 65 տարին լրացած մարդիկ չգնան վաստակած հանգստի:

– Շատ դժվար հարց է: Այդ խնդիրը եղել է միշտ, հիմա առավել, քան երբեւէ, կխորանա: Եթե պետական կառավարման համակարգում հանվեց տարիքային շեմը, հնարավորությունները երիտասարդների համար նվազելու են: Սա վատ է անդրադառնալու սերնդափոխության վրա: Կրկնեմ` առանց այդ էլ սերնդափոխության հարցը խնդրահարույց է եղել: Կարծում եմ` այս փոփոխությունը, ամեն դեպքում, լավ օրից չէ, որ արվում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը

Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը Sun, 14 Jun 2026 00:09:18 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2…

7 ժամ ago

Հայ ժողովուրդը չի տվել այս իշխանությանը հաղթողի մանդատ

Հայ ժողովուրդը չի տվել այս իշխանությանը հաղթողի մանդատ Sat, 13 Jun 2026 23:46:30 +0400 Latest…

8 ժամ ago

Ռուսական բանակի թվաքանակն ավելացվում է

Ռուսական բանակի թվաքանակն ավելացվում է Sat, 13 Jun 2026 23:30:41 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը…

8 ժամ ago

Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում

Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Sat, 13 Jun 2026 23:15:12 +0400…

8 ժամ ago

Այս համեմունքը օգնում է նվազեցնել դեպրեսիան

Այս համեմունքը օգնում է նվազեցնել դեպրեսիան Sat, 13 Jun 2026 23:00:54 +0400 Ավստրալացի գիտնականները պարզել…

8 ժամ ago

Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից

Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Sat, 13 Jun 2026 22:45:42…

9 ժամ ago