Ցեղասպանության ինստիտուտի լուծարման գործընթացին ենք ականատես լինում. թուրքագետ
Thu, 23 Apr 2026 21:15:52 +0400
Նիկոլ Փաշինյանը որոշել է նախընտրական այս փուլում մեծ շուքով նշել ապրիլի 25-ը` Քաղաքացու օրը։ Այդ օրը Ամիրյան փողոցում լինելու է խորոված փարթի, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում՝ մեծ տոնական համերգ, որին ինքը մասնակցելու է անձամբ: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հաջորդ օրը նշանակված միջոցառումների մասին «Հրապարակը» զրուցել է թուրքագետ Մհեր Աբրահամյանի հետ։
-Ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը Երեւանի կենտրոնի փողոցներում խորոված է հյուրասիրելու, իսկ երեկոյան համերգ է կազմակերպել, որին մասնակցելու է նաեւ Վարչաբենդը: Այս ամենի տակ բարոյական ճգնաժամի տարրեր չկա՞ն, ինչի՞ համար է սա արվում, որովհետեւ անհնար է պատկերացնել, որ, օրինակ, Հոլոքոստի հիշատակին հաջորդող օրը նման ցուցադրական խրախճանք ու համերգ լինեն Իսրայելում: Ի՞նչ նոր նշաձող է սահմանում Փաշինյանը:
-Սա հստակ կազմակերպված եւ հստակ ուղղորդված քաղաքականություն է, որպեսզի հայ ժողովրդի, հայ հասարակության մեջ բթացնեն այն պայքարի ուժը, այն ազգային ուժը, եւ, ընդհանուր առմամբ, ազգայինը բթացնելուն միտված քաղաքականություն է, որն ունի իր ենթատեքստը, եւ այդ ենթատեքստը գալիս է հարեւան պետությունից: Նրանք առաջադրանք են դրել, որպեսզի հնարավորինս հայերի միջից հանվի ցեղասպանության մասին հիշողությունը եւ, ընդհանրապես՝ ցեղասպանության պահանջատիրությունը: Եվ սա այդ քայլն է, որն այս իշխանությունը շատ փայլուն կերպով իրականացնում է, եւ եթե նայում ենք անգամ այս քարոզարշավին, որ արվում է, հստակ երեւում է, որ այդպիսի մանր ու ցածրարժեք գործողություններով նրանք փորձում են ժողովրդի միջից դուրս բերել եւ հանել այդ բոլոր ազգային պայքարի, ազգային մտածելակերպի, ազգային պետություն ստեղծելու գաղափարն ու գաղափարախոսությունը:
– Բայց դա նաեւ անձնական մակարդակում արժանապատվության կորստի, ինքնահարգանքի բացակայության մասին չի՞ խոսում:
– Եթե հետեւում ենք նրանց, ապա տեսնում ենք, որ Ձեր նշած հանգամանքը գոյություն ունի այսօրվա իշխանության մոտ, եւ նրանք անգամ հայտարարում են, որ պատրաստ են նույնիսկ իրենց արժանապատվությունը մի կողմ դնելով՝ հասնել իշխանության: Եվ ինչո՞ւ չպիտի այս հարցում եւս չգնան դրան: Կարծում եմ, հասարակության եւ ժողովրդի մոտ պետք է ձեւավորվի այդ արժանապատվությունը՝ մերժելու այս ամենը:
– Ասում են` հիշատակի միջոցառումների՝ եթեր հեռարձակման ժամերն են սահմանափակվել:
– Մի համեմատական տանեմ, եւ ըստ այդ համեմատականի պարզ կլինի այդ քայլը: 2020 թվականից հետո, երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, եւ անհասկանալի պատճառներով պատերազմում մենք կորցրինք Արցախը, որովհետեւ դրա տրամաբանական շարունակությունը 2023 թվականն էր, 2023 թվականից հետո Թուրքիայում արգելվում են ցանկացած տեսակի գործողությունները, որոնք կհիշատակեն 1915 թվականի իրադարձությունները: Մինչեւ 2020 թվականը Թուրքիայում որոշակի կազմակերպություններ, հայեր եւ ոչ հայեր կազմակերպում էին տարատեսակ երթեր՝ այդ իրադարձությունների հիշատակման համար: 2020 թվականից հետո արգելվում է հատկապես Ստամբուլի նահանգապետարանի կողմից այդպիսի քայլերի իրականացումը: Այսօր այդ կազմակերպությունները նորից դիմել են, որպեսզի նահանգապետարանից թույլտվություն ստանան՝ իրականացնելու այդ երթը, ցույցը, բայց ստացել են մերժում, եւ հիմա նույնը կատարվում է Հայաստանում՝ Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք սահմանափակում են ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ ամեն տարի իրականացվելիք քայլերթի եթերաժամը: Իսկ մենք գիտենք, որ Հանրայինն այն ալիքն է, որը եթե ոչ Երեւանում, ապա Երեւանից դուրս ամենաշատ դիտվողն է:
– Ցեղասպանության ինստիտուտին անդրադառնանք: Նորանշանակ տնօրենը` Ադրբեջանի հետ գաղտնի բանակցությունների մասնակից Թաշչյանը, մամուլի հրապարակումների համաձայն, կրճատել է աշխատակիցների` միջազգային գիտաժողովներին մասնակցությունը, հայտարարելով, որ հիմա դրա ժամանակը չէ: Արդյո՞ք ականատես ենք լինում Ցեղասպանության ինստիտուտի դանդաղ լուծարմանը:
– Միանշանակ, մենք դրա ականատեսն ենք լինում, եւ կարծում եմ, որ նրանց մտադրություններում դա եւս կա, որպեսզի դա դարձնեն մի փոքրիկ թանգարան, որտեղ կցուցադրվի, ենթադրենք, ինչ-որ մի թաշկինակ, որը գործվել է Արեւմտյան Հայաստանում բնակվող մի հայ կնոջ կողմից: Այսինքն, դրա մակարդակն իջեցվելու է պարզապես ցուցանմուշների մակարդակին եւ ոչ թե ապացուցողական փաստաթղթերի ցուցադրումով, պարզապես ցուցադրելու են Թուրքահայաստանում կամ Թուրքիայում հայերի գործունեության հետ կապված նմուշներ: Քանի որ նրանք չեն կարողանալու այդ շենքը քանդել, վերացնել, իրենք դա կծառայեցնեն մի բանի, որը չի պահանջի արդեն որոշակի ֆինանսական օգնություն գիտնականներին, որոնք ուսումնասիրում են ցեղասպանությունը, չի պահանջի հավելյալ գումար հատկացնել եւ այլն, եւ այլն, ինչն արվեց նաեւ Արցախի հետ: Արցախին տրամադրվելիք գումարն այլեւս չկա, եւ դա տրամադրվում է ցեղասպանության հիշատակման հաջորդ օրվան՝ խորոված անելուն: