Հերիք է մարդկանց ապուշի տեղ դնեք
Fri, 24 Apr 2026 20:15:34 +0400
Վարչապետի հետ մեկ ապրող, մեկ բաժանվող «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը, երեկ պատասխանել է «Հրապարակի» ««Կրթվելը նորաձեւ է» ՀԿ-ն բարեգործություն է անում․ նրան ձայնագրող ու արգելող չկա» հոդվածին։
Նախ, նշել է, որ իր հիմնադրամի ծրագրերից որեւէ մեկը «նորանոր» չէ։ Այսինքն, 14 լրագրողի ապրիլի 13-15-ը հիմնադրամի հաշվին Ֆրանսիա տանելը հին ծրագիր էր, քանի որ, ինչպես նշում է Աննա Հակոբյանը, մասնակցության համար մրցույթը հայտարարվել է անցյալ տարվա ապրիլի 2–ին։ Նույնատիպ պնդումներ է անում նաեւ մյուս ծրագրերի վերաբերյալ՝ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում», «Հաջողակից` սկսնակին եւ այլն, ներառյալ կանանց համար յոգայի եւ այլ դասընթացները մարզային կենտրոններում, եւ այլն` բոլորը հնում իրականացվող ծրագրեր են եւ ինքն ընդամենը դրանք շարունակում է:
Բայց օրենքը հին ու նոր չի ճանաչում: Երբ օրենսդրական փոփոխություն էին իրականացնում` աչքի առաջ ունենալով «Տաշիր հիմնադրամն» ու «Ծառուկյան հիմնադրամը» եւ որոշել էին արգելել նախընտրական շրջանում բարեգործությունը, անգամ բարեգործության համար քրեական պատիժներ էին սահմանում, որ ամեն մի տատիկին նվեր տալու համար մարդկանց բռնեն` բանտ ուղարկեն, տիկին Հակոբյանը պետք է իր կողակցին ասեր. «Սիրելիս, իսկ ի՞նչ ենք անելու «Իմ քայլը» հիմնադրամի հետ»:
Պարզ է, որ օրենքը իշխանությունը կիրառում է ըստ հայեցողության, բայց այսպիսի ակնհայտ խախտում, որ նման արգելք գործի ընդդիմության հիմնադրամների, իսկ իշխանական հիմնադրամի նկատմամբ չգործի, համաշխարհային սկանդալի թեմա է: Մարդիկ կդիմեն դատարան, կբողոքարկեն ընտրությունների արդյունքները, կհիշեցնեն, որ Փաշինյանն արդար ընտրություններ էր խոստանում եւ սա պակաս ընտրակեղծիք ու ընտրախախտում չէ, որքան փող բաժանելն էր:
Չի արել տիկին Հակոբյանը, հիմա հայտնվել է «Հրապարակի» էջերում, եւ անգամ Դանիել Իոաննիսյանն է դիմել դատարան` վարչապետի կնոջ գործողություններում 15 կետից կազմված խախտում տեսնելով, այժմ ինչի՞ց է նեղանում վարչապետի կողակիցը եւ ի՞նչն է հերքում:
Այն էլ բավական ամբարտավան տոնով, ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ մեղադրելով մեզ` լրագրողներիս, մասնավորապես՝ ինձ, ով լրատվական դաշտում է 1994 թվականից եւ ինքս կարող եմ ցանկության դեպքում կրթել ՔՊ–ական լրագրողների հոծ բանակ։ Եւ եթե վարչապետի հետ ապրելը նրան այնքան է մեծամտացրել, որ նա որոշել է ամբողջ ազգին կրթել, դա չի նշանակում, որ կարող է թաքնվել իր կասկածելի կարգավիճակի տակ, օրենք խախտել, մոլորեցնել հանրությանը եւ խրատել փորձառու լրագրողներին։
««Արդյո՞ք «Կրթվելը նորաձեւ է»-ի եւ «Իմ քայլի» թվարկված կազմակերպության այս ծրագրերն ընտրակաշառք չեն» – գրել էի ես իմ հոդվածում: Տիկին Հակոբյանն իր չեղած գիտելիքները ցուցադրելով, մեզ դաս է տվել. «Եթե լրագրողը չնչին իսկ պրոֆեսիոնալիզմ ունենար, ինքն իր այս հարցին կպատասխաներ` հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածին։ Նշված հոդվածի իմաստով ընտրակաշառք է համարվում ընտրողին գույք` ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը», եւ այլն, եւ այլն:
Իսկ եթե ինքը մի փոքր պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ լիներ, բարի լիներ դիմել իրավաբանների օգնությանը, իրեն կբացատրեին, որ իր իրականացրած ծրագրերը, մատուցված ծառայությունները մեծ հաշվով հենց ընտրության արդյունքի վրա ազդելու, հետեւապես «ընտրությանը մասնակցելու, ընտրությանը որևէ ձևով քվեարկելու» փորձեր են։
Բայց ամենազավեշտալին այն է, որ հերքում է անգամ այն, որ «Կրթվելը նորաձեւ է» շարժմանը ՀԿ կարգավիճակ է տրվել։ Մինչդեռ իր շարժման էջում ապրիլի 8–ին գրել էր․ «Այսօր կայացավ «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որի արդյունքում ընդունվեց կազմակերպության անդրանիկ հայտարարությունը»։ Գուցե նկատի ունի, որ դեռ ՀԿ-ի թղթերը չի՞ ստացել, բայց դա արդեն բոլորովին էական չէ: Եւ եթե Աննա Հակոբյանին թվում է, թե իրեն կարելի է հիմնադրամ ղեկավարել, ՀԿ գրանցել, զբաղվել բարեգործությամբ, իսկ, օրինակ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, «Վետերանների միավորում» ՀԿ ղեկավար Գոհար Ղումաշյանին՝ չի կարելի, ապա ինքը չարաչար սխալվում է:
Աննա Հակոբյանը, պարզվում է, նաեւ հումորի «զգացում» ունի, նա գրում է. «Եթե «Հրապարակ»-ին հաջողվի ապացուցել, որ Աննա Հակոբյանը որևէ ՀԿ է գրանցել, որևէ կուսակցության անդամ է, կամ բարեգործական ծրագրերի անվան տակ իրականացնում է քաղաքական քարոզչություն, ապա կրկնակի քաղցրավենիք և ծաղկեփնջեր կուղարկենք ամբողջ խմբագրակազմին»։
Մենք նրան հարց չենք տա, թե ի՞նչ գործ ուներ կիրակի օրը Գյումրիում` վարչապետի քարոզչական նախընտրական այցելության ժամանակ։ Ինչ գործ ուներ դրանից առաջ` շրջիկ պատարագի ժամանակ: Ընդամենը կասենք, որ կարող եք միամիտ մարդկանց մոտ թատերական ներկայացումներ բեմադրել` բաժանվելու, միանալու, վարձով ապրելու եւ այլ թեմաներով: Իսկ ողջամիտ մարդիկ հասկանում են, որ ամուսնական (կամ քաղաքացիական ամուսնության) համատեղ կյանքը ձեռքի մի շարժումով եւ հրամանագրով չի ավարտվում: Եթե անգամ հիմա բաժանվեք եւ տարբեր մոլորակներ մեկնեք, միեւնույնն է` հանրային գիտակցության մեջ դուք մեկ միասնություն եք եւ ձեր քայլերն էլ փոխկապակցված են ու դա կհաստատի ցանկացած քիչ թե շատ գրագետ իրավաբան եւ քիչ թե շատ օրինավոր դատարան:
Առհասարակ, հերիք է մարդկանց ապուշի տեղ դնեք, տիկին, հավատացեք, մենք իրերն ու անձանց իրենց իսկական անուններով ենք կոչում եւ կոչելու` անկախ ձեր հեգնախառն հերքումներից: