Մարդկանց իջեցնում են անճաշակ երաժշտության և ստամոքսի մակարդակի
Sat, 25 Apr 2026 17:15:51 +0400
«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Կարինե Նալչաջյանն է:
– Տիկին Նալչաջյան, Հայոց ցեղասպանության հիշատակից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը որոշել է համերգ և խորոված փարթի կազմակերպել: Երևանի փողոցներում ամենուր թանկ գներով խորոված են վաճառում, ապա Հանրապետության հրապարակում` քաղաքացու օրվան նվիրված համերգ է տեղի ունենալու: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է քաղաքացու օրվա խորհուրդը:
– Այս ամենում ես անպայման միտում եմ տեսնում: Ինքնախաբեություն կլինի այս ամենը պատահականություն համարելը: Ասեմ ավելին` հեղաշրջման օրերին էլ էին հաշվի առել ամիսը, օրերը: Սիմվոլները հաշվի առնելը գունավոր հեղափոխություններին շատ բնորոշ մի բան է: Սիմվոլները գունավոր հեղափոխությունների ժամանակ կարևոր դեր են կատարում: Քաղաքացու օր ասվածը ևս այդ տրամաբանության մեջ է: Երեկ Հայոց ցեղասպանության տարելիցն էր, այսօր տոնում են քաղաքացու օրը: Արժեքները, ազգային գաղափարները, մտածողությունը և այն ամենն, ինչ կապված է ազգայինի հետ, սրանք աղավաղելու միտում ունեն: Խորոված, համերգներ, սրանք մարդու համար հաճելի տարրեր են, բայց այս ամենն արվում է միտումնավոր` մարդկանց էլեմենտար հաճույքի զգացումը արթնացնելու համար: Սովորաբար մարդիկ ոչ միայն ապրիլի 24-ին են գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այլև` ամսի 25-ին, 26-ին: Այս օրերը մեզ համար սգո օրեր են, դրանք հայ ազգի համար խորհրդանշանական օրեր են: Ի վերջո` մեր ազգի ամենաողբերգական էջերից է Հայոց ցեղասպանությունը, սակայն Ցեղասպանության հիշատակի օրը մարդկանց իջեցնում են անճաշակ երաժշտության և ստամոքսի մակարդակի: Փորձ է արվում մեր ազգային իքնությունը ոչնչացնելու: Հայ ժողովրդի դեմ հոգեբանական պատերազմի առանձին էպիզոտներ են տեղի ունենում: Ի վերջո Հայաստանի նման աղքատ, քաղցած երկրում, երբ ամեն բան թանկանում է օրեցօր, քաղաքով մեկ խորոված վաճառելը ինչի՞ համար է: Անգամ մարդկանց այդ խորովածը անվճար չեն տրամադրում, այլ` վաճառում են: Ապականում են ամեն բան, սրանք ուղղակի սրբություն չունեցող մարդիկ են: Ամեն ինչի ընդունակ են: Թող ոչ մեկը չմտածի, թե մենք ուրախություն չենք սիրում, միայն ողջ ենք ուզում, ոչ, բայց կան սահմաններ, կարմիր գծեր: Ամսի 24-ին` Ծիծեռնակաբերդում ես հիացած էի մեր ժողովրդի կեցվածքով: Այնպես չէ, որ մեր ժողովրդի արժեհամակարգը այդքան ընկել է, որ միայն խորովածի և համերգների մասին մտածեն….