Դոկտոր մահն է․ գերանդին է միայն պակասում
Tue, 28 Apr 2026 13:15:08 +0400
Ժողովուրդը, երբ մականուն է կպցնում, սովորաբար չի սխալվում։ Այնքան դիպուկ է անում, որ մականունը ժամանակի ընթացքում վերածվում է երկրորդ անվան։ Այդպես եղավ նաև Արսեն Թորոսյանի դեպքում, որին հանրային դաշտում անվանեցին «Դոկտոր մահ»։
Չէի անդրադառնա, եթե դա արդեն պարզապես խոսակցական մակարդակում մնացած բնորոշում լիներ։ Բայց երբ բացում ես տեղեկատվական հարթակները, նույնիսկ պարզ որոնմամբ տեսնում ես, որ այս արտահայտությունը փաստացի ամրագրվել է որպես քաղաքական գնահատական․ այն օգտագործվել է նրա գործունեության, հատկապես Կովիդ-19 համավարակի ժամանակ առողջապահական համակարգի կառավարման քննադատության համատեքստում։ Սա այլևս զուտ հույզ չէ, այլ ձևակերպված հանրային վերաբերմունք։
Սակայն խնդիրը նույնիսկ այստեղ չէ։ Խնդիրը այն է, որ նրա ներկայությունն ու խոսքը անընդհատ նույն ասոցիացիան են վերակենդանացնում՝ ավեր, կորոնա, կորուստներ, վատնում։ Եվ այստեղ առաջանում է բնական հարցը՝ եղան քրեական գործեր, քննարկումներ, աղմուկ… ի՞նչ եղավ հետո։ Ինչու՞ մարեց այդ ամենը։ Ինչու՞ «նորին մեծությունը» մի պահից հետո փափկեց և մոռացավ։
Բայց կա մի կարևոր հանգամանք․ ժողովուրդը չի մոռանում։ Կարող է թվալ, թե ժամանակը ջնջել է հիշողությունը, բայց իրականում այն պարզապես քնած է։ Բավական է մեկ հայտարարություն, մեկ սխալ շեշտադրում՝ և ամբողջ շղթան նորից վերականգնվում է։
Այստեղ արդեն հարցը դառնում է քաղաքական հաշվարկ․ իշխող ուժը արդյո՞ք չի հասկանում, որ նման կերպարների ակտիվ օգտագործումը հակառակ էֆեկտ է տալիս։ Մարդ, որը իր ժամանակին արդեն կատարել է իր «միսիան», հանրային ընկալման մեջ փակված էջ է, նորից բեմ բերելով՝ դու ոչ թե շահում ես, այլ բացում ես հին վերքերը։
Սակայն իրականությունն այլ է․ նա կրկին խոսում է, և խոսում է այն, ինչ իշխանությունը հաճախ չի ուզում ուղիղ ասել։ Ստացվում է, որ նա դառնում է փոխանցող օղակ՝ այնպիսի ձայն, որի վրա կարող են ընկնել հարվածները։
Վերջին հայտարարությունը դրա վառ օրինակն է․ նա խոսում է «հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլից» և փորձում է հարցը ձևակերպել օգտակարության տրամաբանությամբ՝ ի՞նչ կտա դա ՀՀ քաղաքացուն․ «Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում ենք․ եթե ինչ-որ քայլ արեցինք, դա ՀՀ քաղաքացուն ի՞նչ է տալու»։ Դա ասում է Ստեփանակերտում մեր եկեղեցիները ավերելու մասով։
Բայց այստեղ առաջանում է խորքային հակասություն․ արդյո՞ք կարելի է օգտակարության հաշվարկով անտեսել այն, ինչ ժողովրդի համար սրբություն է, պատմություն։
Երբ խոսքը վերաբերում է հայկական եկեղեցիներին, մշակութային արժեքներին, դա այլևս պարզապես քաղաքական հարց չէ։ Դա ինքնության հարց է։ Հայի համար Եկեղեցին պարզապես կառույց չէ․ այն ընտանիք է, սրբություն, գոյության շարունակություն։ Եվ հենց այդ ընկալման պատճառով է, որ հանրային արձագանքը կոշտ է հնչում։ Բառի բուն իմաստով Թորոսյանին քրքրում են։
Երբ մարդը լսում է նման հայտարարություն, նրա հիշողության մեջ ակամա վերադառնում է նույն կերպարը՝ այն ամբողջ բեռով, որը ժամանակին կուտակվել էր։ Եվ այդ պահին «Դոկտոր մահ»-ը այլևս պարզապես մականուն չէ․ այն դառնում է ամբողջական խորհրդանիշ՝ իր բոլոր ենթաշերտերով։ Ահա այստեղ է, որ ձևակերպումը կրկին կենդանանում է իր ամենակոպիտ, բայց նաև ամենադիպուկ տեսքով․ «Դոկտոր մահն է, գերանդին է միայն պակասում»։