«Հրապարակ». Արեւմուտքը մտածում է` արժե՞ գումար տալ «պրավալի» մատնված ուժին
Thu, 30 Apr 2026 10:45:19 +0400
«Հրապարակի» զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն է:
– Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխավորությամբ, երեկ անսպասելիորեն ժամանեց Երեւան․ ադրբեջանական ինքնաթիռն ուղիղ վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Հայաստանյան եւ ադրբեջանական կողմերը դեռեւս չեն հստակեցրել, թե այդ այցն ինչ նպատակ ունի: Ըստ Ձեզ` կողմերն ի՞նչ հարցեր կարող են քննարկել, եւ, ի վերջո, այս այցը որքանո՞վ է տեղին այս փուլում` ընտրությունների շեմին:
– Ես վստահ եմ, որ սա այն ցայտնոտի նշանն է, որն առկա է թե՛ Նիկոլի շրջապատում, թե՛ Նիկոլի տերերի շրջանակներում: Նրանք լավ են հասկանում, որ Նիկոլը վերարտադրվելու շանս գրեթե չունի: Ինչու «գրեթե», որովհետեւ անելու են ամեն հնարավոր բան, որպեսզի Նիկոլի իշխանության կյանքը ձգեն: Կուսակցությունների գրանցմանն են խոչընդոտելու, չգիտես էլ ինչեր են անելու: Բայց այս սցենարն այն չէ, ինչ ակնկալում էին այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած են: Վստահ եմ, որ Ադրբեջանի փոխվարչապետը եկել է իրավիճակին ծանոթանալու, հասկանալու, թե ինչ առարկայական օգնություն կարելի է տրամադրել Նիկոլին, որպեսզի նա ինչ-որ կերպ լրացուցիչ ձայներ բերի` խաղաղություն խաղալուն զուգահեռաբար: Հիմա հարց կառաջանա, թե ինչու են այդ դեպքում հրապարակայնացնում այս այցը։ Պատասխանը շատ պարզ է․ որպեսզի հայ հասարակության մոտ տպավորություն թողնեն, թե իբրեւ կողմերն արդեն խաղաղության են հասել, այժմ այն վիճակում են երկու երկրների հարաբերությունները, այնպիսի բարձր մակարդակի վրա, որ արդեն Ադրբեջանից բարձրաստիճան պաշտոնյաներ են հյուրընկալում մեզ մոտ: Իրականում, Նիկոլին փորձում են ավելի առարկայական կերպով օգնել: Քննարկելու են այդ հարցերը: Չեմ բացառում, որ այս փուլում կարող են նաեւ մի քանի հայ ռազմագերի վերադարձնել Հայաստան, որպեսզի դարձյալ հանրության աչքին թոզ փչեն: Անձնագրերից հեռացնում են Արարատ լեռան պատկերը, թվում է, թե ընդհանրապես այդ ապազգային օրակարգը` գոնե այս նախընտրական փուլում, պետք է լիներ քողարկված, սակայն՝ ոչ, Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն է գործում եւ իսկապես մնացել է թուրք-ադրբեջանական տանդեմի աջակցության հույսին: Թուրքերը եւ Արեւմուտքը ամեն գնով փորձում են Նիկոլին օգնել, բայց բոլորն են հասկանում, որ եթե մի ղեկավար պատրաստ է դավաճանել իր ժողովրդին ու երկրին, ինչ-որ մի պահի կարող է նաեւ դավաճանել իրենց, ուստի իրավիճակը նմանվում է առեւտրի: Նրանք Նիկոլին ասում են` հենց հիմա, մինչեւ վերարտադրվելդ, պետք է միանգամից քայլառքայլ ի ցույց դնես, թե ինչ ես անելու վերարտադրվելուց հետո: Այս ամենի նպատակն այն է, որ Նիկոլը վերարտադրվելուց հետո չկարողանա պրոցեսներից խուսափել: Կա մտավախություն, որ նա կարող է ինչ-ինչ հարցերում նշել, որ այս կամ այն հարցի հետ կապված՝ ժողովուրդը դեմ է, ուստի նրան հիմա ստիպում են միանգամից դիմել որոշակի քայլերի․ նա փակուղու մեջ է ու նահանջի տեղ այլեւս չունի: Բացահայտ հպատակության նոպաները հենց դրա մասին են վկայում: Ի դեպ, Եվրոպայում, մասնավորապես` Բրյուսելում, մեծ կասկածներ ունեն, որ Նիկոլը կարող է այս ընտրություններում պարտվել: Նրանք խոստացած ֆինանսավորումը չեն տվել դեռ, քանի որ ռիսկեր կան, որ Նիկոլը կարող է ձախողվել: Արեւմուտքը մտածում է` արժե՞ գումարներ հատկացնել «պրավալի» մատնված ուժին: Արդյունքում ստացվում է, որ Փաշինյանի հույսն ադրբեջանական պրոպագանդան է, ներառյալ՝ Թուրքիայի աջակցությամբ: Այս ամենը հուշում է մի բանի մասին եւս․ Նիկոլն արդեն վաղուց լեգիտիմ ղեկավար չէ եւ կախված է փրփուրներից: