Ընտրապայքարի ընթացքում՝ «չուտել մարդու միս, խմել այծի կաթ»

Ընտրապայքարի ընթացքում՝ «չուտել մարդու միս, խմել այծի կաթ»

Thu, 30 Apr 2026 16:15:17 +0400


Խորհուրդներ ընդդիմադիրներին

Ընդդիմադիր քվեն այսօր, ըստ սոցիոլոգիական հետազոտությունների, շատ է մեր երկրում, ու դրա մեծ մասը չունի հասցեատեր։ Գործող իշխանությունը, որին հաճախ ընդդիմադիրներն անվանում են «փոքրիկ խմբակ», կարող է դառնալ՝ պայմանականորեն «մեծ խմբակ», եթե քվեատուփում ՔՊ-ին ընտրած ձայների քանակը՝ թվաբանորեն, ավելի շատ լինի։ Այնպես որ՝ փոքր է այդ խմբակը հանրության մեջ, թե՞ մեծ, կարևոր չէ, կարևոր է, որ այն փոքր լինի քվեարկության արդյունքում։ Իսկ դրանք երկու մեծ տարբերություններ են, ինչպես կասեին Օդեսայում։

Եվ ուրեմն, կարևոր է, որ հունիսի 7-ին ընտրատեղամաս շտապեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, այլ նաև նրանց մերժող մարդիկ, և ովքեր այդ օրը ավելի ջանասեր ու պարտաճանաչ լինեն, նրանց խմբակն էլ, ի վերջո, կլինի ավելի մեծ։ Դրա փայլուն ապացույցը Երևանի ավագանու ընտրություններն էին, երբ երևանցիների ճնշող մեծամասնությունը մերժեց «փոքր խմբակին», պարզապես արհամարհեց այդ ընտրությունը։ Իսկ չմերժող փոքրամասնությունը գնաց ընտրության, և միլիոնանոց քաղաքում մոտ 75,000 ընտրող դարձավ մեծամասնություն քվեատուփում ու ընտրեց իր ճաշակով քաղաքապետ։ Պատկերացրեք՝ Երևանն ունի մոտ 1 միլիոն բնակիչ, որոնցից ընտրելու իրավունք ունի մոտ 850 հազարը։ ՔՊ-ի թեկնածուն ընտրվել է մոտ 75 հազար ձայնով, ինչը կազմում է մոտ 9%-ն ընտրողներից և մոտ 7%-ը՝ ընդհանուր բնակչության համեմատ։ Ահա իրականում այսքան մարդ է որոշել, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը։ Ընտրվելուց հետո էլ ոչ ոք չհիշեց, որ այս քաղաքում իրենք փոքրիկ խմբակի պատվիրակած իշխանությունն են․ թագավորական պատիվներով երդմնակալություն արեցին, և նույն տրամադրությամբ էլ շարունակում են ընտանյոք որոշել, թե ով է այս քաղաքում «համբալ», իսկ ով՝ ժողովրդի ընտրյալ։

Եվ ուրեմն, պետք է ընտրողին բերել ընտրատեղամաս, որպեսզի ՔՊ-ականներն ու իրենց կողմնակիցները ընտրական գործընթացում մենակ չմնան ու չդառնան մեր ճակատագրի մշտական տերը։ Ինչպե՞ս բերել։ Դա ամենաբարդ հարցն է, որի միակ լուծումն այս ընտրապայքարի ընթացքում մանրակրկիտ և նպատակաուղղված աշխատանքն է։ Ինչպես ասում են՝ դաշտային աշխատանք․ լինել ընտրողների կողքին, խոսել անհատապես, բացատրել, ճանաչել ընտրողին ու ճանաչելի լինել նրա համար։ Անկեղծ լինել ու չլինել արհեստական։ Ահա և խորհուրդներ ընդդիմությանը։

Եվ ուրեմն, ամենակարևոր խորհուրդն է՝ բացատրել ընտրողին, որ անպայման պետք է գնալ ընտրության, հատկապես, եթե հիասթափված են, հոգնած, զզված բոլոր քաղաքական գործընթացներից, բոլոր քաղաքական գործիչներից, նախկիններից, ներկաներից, բոլորից և ամեն ինչից, պետք է անպայման գնալ ընտրության և նպաստել փոփոխությանը։

Ընդ որում, որքան էլ ընդդիմությունից ակնկալվում է մեծ ակտիվություն ու ջանք, միևնույնն է, չի պահանջվում պատասխանել պաշտոնյաների՝ ընդդիմադիրներին վարկաբեկող հայտարարություններին, նրանց ասածներին ընդհանրապես անդրադառնալ, հակադարձել, որևէ կերպ նրանց օրակարգը սպասարկել չարժե։ Տարբեր մեծության և կարևորության ուսապարկերի հետ չարժե բանավիճել սոցիալական ցանցերում, անդրադառնալ նրանց շինծու ծաղրանքներին, հեգնանքներին՝ իսպառ չարժե։ Պետք է խոսել ոչ թե նրանց հետ, այլ նրանց մասին․ պատմել, հիշեցնել՝ առանց հիշատակելու նրանց ասածները անձնապես ձեր մասին։
Եվ վերջապես, մի բան հստակ է և վերջնական․ նա, ով դեռևս ընտրում է իշխող քաղաքական ուժին, ձեր ընտրողը չէ, նրան ոչինչ համոզել չի լինի, և իմաստ չունի։ ՔՊ-ին ընտրողը կոնկրետ կողմնորոշված է։ Եվ իշխանությունների այդ ելույթներին հետևում և դրանք հավանում են միայն իրենց կողմնակիցները։ Դա կազդի, իհարկե, նաև իշխանություններից երես թեքած մարդկանց վրա, բայց չի մղի դեպի իշխանություն, այլ գուցե՝ դեպի այլ ընդդիմադիր առաջարկ։

Ընդդիմության պոտենցիալ ընտրողը նա է, ով գործող իշխանությանն այլևս չի համակրում, չի կիսում նրանց գաղափարները, ուստի և իշխաանական քարոզիչների անտաղանդ բեմականացված ծաղրանքները չի ընդունում, և դա ունի 0 ազդեցություն այդ ընտրազանգվածի վրա։ Կարելի է ասել հակառակը․ օրինակ՝ Վահագն Ալեքսանյանի կամ Հասմիկ Հակոբյանի ու էլի մի քանի գերակտիվ ՔՊ-ականների կողմից քարկոծվող մարդիկ շատ արագ դառնում են հետաքրքիր ու համակրելի գործիչներ։ Այնպես որ՝ էներգիա ծախսել ու պատասխանել այդ քննադատություններին չարժե։

Նրանց խոսքին ուղիղ պատասխանել՝ նշանակում է սպասարկել նրանց առաջ քաշած օրակարգը, խոսել այն մասին, ինչը նրանք հանում են հանրային դաշտ՝ համարելով իրենց համար շահեկան թեմա։ Դրան ուշադրության արժանացնել նշանակում է անտեղի ժամանակ ծախսել, այն դեպքում, երբ ամեն օրն արդեն հաշված է․ ժամանակը քիչ է, ընտրողի համար հասկանալի, ընթեռնելի, ընդունելի դառնալու համար ընդդիմությունն ունի քիչ ժամանակ և քիչ հնարավորություն։

Վերջին ամիսը բուն ընտրարշավն արդեն նյարդերի պայքար է․ իշխանությունը շտապելով՝ անընդհատ սայթաքում է, փոխում է ուղղությունը, փոխում է մարտավարությունն ու կարողանում է մոռացության տալ իր սխալները, բացթողումները, ամենաանդուր «բլթոցները»՝ նոր անսպասելի աճպարարությամբ շեղելով հանրային ուշադրությունն այս կամ այն ձախողված թեմայից։ Պետք է այդ գործում նրանց խանգարել, թույլ չտալով աճպարարության ծխածածկույթի տակ մոռացնել կարևորը։

Ահա հմտորեն երկրորդ պլան մղեցին եկեղեցու դեմ արշավը, քանի որ վնասից բացի օգուտ չկար այդ նախաձեռնությունից, բայց թույլ տալ, որ հանրությունը մոռանա, թե ինչպես էին ՔՊ-ական քաղաքապետները ջարդում սրբության սրբոց՝ մայր տաճարի դռները, թույլ տալ չի կարելի։ Սոցիալական ծրագրերը, որոնք ընդդիմությունը նախատեսում է իրականացնել, թերևս կարևոր են, բայց ընտրողին ընդդիմությունը պետք է ներկայանա գլխավորապես քաղաքական, հոգևոր, պատմական, արժեքային, հայրենասիրական թեմաներով։ «Մի փոր հացով» իշխանությունն արդեն շահագրգռել է բոլոր նրանց, ում կարող էր։ Բայց հաստատապես մեր հանրությունում այդ «քաղցած խավը» գերակշռել չի կարող, անգամ ծայրահեղ չքավորների շրջանում։ Առաջարկեք ընտրողին հոգևոր սնունդ, դրանից հրաժարվել մարդ արարածը չի կարող, քանզի հենց դրանով է տարբերվում կենդանուց։

Եվ վերջապես, եթե ձեր նպատակը իրոք փոփոխություն բերելն է, ոչ թե իշխանություն ստանալը, ապա ոչ մի ընդդիմադիր իր գաղափարակից մրցակիցներին չպետք է քննադատի ու փնովի։ Չկողմնորոշված ընտրողին վերջնականապես չկորցնելու համար ընտրապայքարում պետք է լինի մի չգրված օրենք՝ նույն խրամատում իրար չեն վնասում։ Ներընդդիմադիր ճամբարում միմյանց դեմ ուղղված նետերը երկսայր են, նրանք սպանելու են երկուսին էլ, ու երկուսն էլ պակասելու են ընդդիմությունից։ Դա օգուտ է միայն գործող իշխանությանը, իսկ չկողմնորոշված ընդդիմադիր ընտրողը այդ՝ գաղափարակիցներով «իրար միս ուտելու» ընտրապայքարից կունենա միայն մեկ հետևություն՝ ամրապնդված վստահություն, որ ընտրության գնալ չարժե։

Նրանց՝ ձեր իրական մրցակիցներին նմանվել պետք չէ․ եթե նրանք քննադատում են ընդդիմադիրներին, ուրեմն դուք չպետք է անեք նույնը, այսինքն՝ գործեք «չուտել մարդու միս, խմել այծի կաթ» քաղաքակրթության բանաձևը պահպանելով։

Եվ այսպես, ընդդիմադիրներին խորհուրդ է տրվում լինել քաղաքակիրթ, կայուն և սկզբունքային, վերևից նայել ամեն տեսակի բամբասանքների և ընտրողին առաջարկել ավելի լավ ազնիվ, ավելի խաղաղ ու արժանապատիվ կյանք, ավելի բարեկեցիկ Հայաստան, ընդ որում՝ ոչ միայն հացիվ։ Մինչդեռ իշխանությունները պնդում են, որ լավը հենց սա է, հասել ենք տեղ՝ ապրում ենք մեր ամենաերազանքի երկրում։ Ընդդիմությունը թող պատմի՝ որն է իսկապես խաղաղ, բարեկեցիկ, զարգացած հայրենիքը, թող առաջարկի ծրագրեր, որոնք կհետաքրքրեն նաև բոլոր ատամները տեղում՝ խոզանակով դրանք մաքրած ընտրողին։
Հաջորդիվ՝ խորհուրդներ ընտրողներին, ընդ որում՝ բոլոր ճամբարներից։
Շաքե Ավոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա Thu, 30 Apr 2026 19:30:18 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն…

5 րոպե ago

«Դեբոշ»՝ ԿԸՀ-ում․ քաղաքական ուժերը 48 ժամ ունեն

«Դեբոշ»՝ ԿԸՀ-ում․ քաղաքական ուժերը 48 ժամ ունեն Thu, 30 Apr 2026 19:26:31 +0400 Այսօր Կենտրոնական…

9 րոպե ago

Կիևի դիվանագիտական նոր աշխարհագրությունը․ ի՞նչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը

Կիևի դիվանագիտական նոր աշխարհագրությունը․ ի՞նչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը Thu, 30 Apr 2026 19:15:06 +0400…

20 րոպե ago

Ինչպե՞ս խնդիրը վերածել առավելության․ Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն

Ինչպե՞ս խնդիրը վերածել առավելության․ Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն Thu, 30 Apr…

24 րոպե ago

Viva-ի աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ձեռք է բերել ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմ

Viva-ի աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ձեռք է բերել ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմ Thu, 30 Apr…

30 րոպե ago

Նեթանյահուին ասել է՝ Լիբանանի հարցում զսպվածություն ցուցաբերեք

Նեթանյահուին ասել է՝ Լիբանանի հարցում զսպվածություն ցուցաբերեք Thu, 30 Apr 2026 19:00:30 +0400 ԱՄՆ նախագահ…

35 րոպե ago