Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ

Ինչ էին ասում հայ մտավորականները 30 տարի առաջ

Thu, 30 Apr 2026 21:15:55 +0400


Հատել էինք 1990 թվականը: Պատասխանատու եւ աննախադեպ ժամանակահատված էր: Ավարտվում էր երկրորդ հազարամյակը, մտնում էինք երրորդ հազարամյակ: Ի՞նչ մտորումներով ու խոհերով էին գնահատում այդ անցման ժամանակաշրջանը անվանի մտավորականները: «Կանչ» մանկապատանեկան թերթի խմբագրակազմն այն հրատարակեց առանձին ժողովածուով: «Դարավերջի դիմանկար» ժողովածուն դարձավ 278 մտավորականների հույզերով, տագնապներով, հույսերով լեցուն վավերագրություն։
30 եւ ավելի տարիներ անց վերընթերցելով 399 էջանոց ժողովածուն՝ խիստ այժմեական ենք նկատում Հայոց անկախ պետականության նկատմամբ ժամանակի հայ մտավորականների (գրողներ ու նկարիչներ, բժիշկներ ու երաժիշտներ, մանկավարժներ ու գիտնականներ, հասարակական, քաղաքական գործիչներ) ոգեւորությունն ու գուրգուրանքը, հարգանքն ու պատասխանատվությունը եւ այդ գործընթացին աջակից լինելու հանրության մղումը։

Թերեւս տեղին կլինի վերհիշել նրանց մտորումներից մի քանի պատառիկ.
– Մեր հայրենիքը դրախտավայր կդառնա ամեն մեկիս ջանքերով, յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվությամբ, իսկ մտահոգությունը մտահոգություն է այն ժամանակ, երբ հնարավոր է անել ճիշտ քայլ, բայց դանդաղում ես։ Տիգրան Լեւոնյան, 1996թ․
– Եթե խոսում ենք թերություններից, պարկեշտություն ունենանք մեղքի մեր բաժինն էլ տեսնելու։ Օտարի պես դատողություններ չանենք։ Մենք ենք մեր հայրենիքի, մեր ճակատագրի տերը։ Երվանդ Ղազանչյան, 1996թ․
– Ռոմանտիզմի եւ պրագմատիզմի զուգորդությունը պետք է միշտ ներդաշնակ լինի, եւ բացառվի որեւէ կողմի ճնշումը մյուս կողմի վրա։ Մեկին շատ սիրելը, նվիրվելը ահավոր վտանգավոր երեւույթ է, ինչպես նաեւ՝ հակառակ երեւույթը։ Ինձ անհանգստացնում է չափավորության խախտումը, այսինքն՝ շատ եվրոպականացումը, շատ շուկայացումը․․․ Մեր փոքրիկ Հայաստանն էլ պետք է դառնա հնի եւ նորի հրաշք համադրության երկիր։ Արամ Մանուկյան, 1997թ․
– Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը։ Արագությունը փոքրացնում է երկիրը։ Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ Հայրենիք է։ Վանո Սիրադեղյան, 1999թ․
– Հայրենիքը հիմնարկ չէ։ Աշոտ Նավասարդյան, 1997թ․
– Դարավերջի հրաշքը մեզ՝ հայերիս համար բոլշեւիզմի փլուզումն էր, որ 70 տարի փաթաթվել էր մեր պարանոցին եւ դանդաղորեն խեղդում էր, փշրում մեր ոսկորները։
Սակայն ամենամեծ հրաշքը անկախությունն էր, մեր պետականության վերականգնումը, որ այսօր դանդաղ ու համառ կայանում է ու նվաճում աշխարհի համակրանքն ու հարգանքը։ Վարագ Առաքելյան, 1996թ․
– 20-րդ դարի մեծագույն նվաճումն է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ընթացքը։ Ամբողջ աշխարհն է համոզված, որ կա այդ խնդիրը, եւ այն պետք է ստանա իր լուծումը։ Բաբկեն Արարքցյան, 1999թ․
– Հաճախ մենք կորցնում ենք ինքներս մեզ։ Աշխարհի համար դա գուցե այնքան էլ մեծ կորուստ չէ։ Աշխարհի համար, ըստ էության, միեւնույն է, բայց մեզ համար դա ողբերգություն է, վերջ։ Անահիտ Թոփչյան, 1997թ․
– Չհասկացա հազար ու մի կուսակցությունների անհրաժեշտությունն այս մինուճար երկրում, կործանումից փրկելու նրանց եռանդը չհասկացա․․․ Վրեժ Իսրայելյան, 1998թ․
– Ուրեմն՝ աչքներս լույս, դեռ շատ գործ կա անելու երրորդ հազարամյակում։ Սուրեն Դանիելյան, 1999թ․
– Մեզնից հետո տասնյակ սերունդներ, կարդալով այս տարիների պատմությունը, պիտի ասեն․ «Երանի՜ ապրած լինենք նրանց ժամանակ»։ Աշոտ Սարգսյան, 1997թ․

Պատշաճ համարեցինք ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ներկայացնել թատերագետ Լուիզա Սամվելյանի մտահոգություններով խոհերը՝ ասված 1996-ին։ Այն մեր տագնապալից օրերում լուրջ մշակութային եւ խորը քաղաքական ենթատեքստով է հնչում։
Ահա Լուիզա Սամվելյանի խոսքը․ «Մեր երկրում, իմ շրջապատում ինձ ամենից ավելի մտահոգում է ռոմանտիկայի պակասը: Այն գործարարությունը, նույնիսկ գործամոլությունը, որ այսօր համակել է շատերին, վտանգավոր է նրանով, որ ունի մեկ նպատակ, այն է՝ անձնական շահ, անձնական փառք, նաեւ՝ անձնական գործունեության ոչ համարժեք գնահատման ակնկալություն․ իհարկե, խոսքը գերագնահատման մասին է: Եթե հայերի գոնե մեծամասնությունն իր կատարած աշխատանքի մեջ մի քիչ ավելի մտածեր ուրիշների մասին եւ ոչ թե միայն սեփական անձի, ապա թե՛ հոգեւոր, թե՛ նյութական բնագավառներում հայերն այսօր մեծ հաջողությունների հասած կլինեին: Բայց, դատելով արվեստի աշխարհում կատարվող բազմաթիվ երեւույթներից, հոգեւոր ասպարեզում ծառայող անձերից, ցավով տեսնում եմ, որ նրանց գերակշիռ մասը գործ ձեռնարկելիս նախեւառաջ մտածում է, թե դրանից ինքն անձամբ ինչ օգուտ կունենա: Մինչդեռ աշխարհի գրավոր պատմության շուրջ 6000 տարիները հաստատել են անվերանայելի մի ճշմարտություն, որեւէ գործ հասնում է կատարելության այն ժամանակ, երբ գործ կատարողը (կատարողները) աշխատելիս մոռանում է իր սեփական անձը, եկամուտը: Այդպես են ծնվում գլուխգործոցները արվեստի, գիտության մեջ:

Եթե իրերն իրենց անունով կոչենք, ապա արհեստի մեջ արվեստ, անշահախնդրության բաժին էլ պիտի լինի: Իսկ երբ մեծամասնությունն է նույն սկզբունքով գործում, համատարած առեւտուրը, անձնամոլությունն է իշխում:

Ռոմանտիկայի պակասից տուժում են առաջին հերթին ռոմանտիկայի հակված մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր աշխատում են խղճի մտոք: Բայց, վերջին հաշվով, տուժում են նաեւ գործարարները: Ուրեմն՝ չմոռանանք, որ հոգեբանության եւ մարդկային գործունեության գլխավոր՝ «Գործել ոչ միայն իր համար, այլեւ՝ ուրիշների», օրենքը խախտելը անպատիժ անցնել չի կարող: Թող ամեն հայ՝ պատանի, թե տարեց, իր մասնագիտությանը հարմարեցնի հանճարեղ արվեստագետ Կոնստանտին Ստանիսլավսկու հանրահայտ ասույթը. «Սիրիր արվեստը քո մեջ եւ ոչ թե քեզ՝ արվեստի մեջ»»:

Արամայիս Ասլանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ հայտնի հայ և ֆրանսիացի երգիչներն են երգելու Գյումրիում Մակրոնի այցի օրը

Որ հայտնի հայ և ֆրանսիացի երգիչներն են երգելու Գյումրիում Մակրոնի այցի օրը Thu, 30 Apr…

5 րոպե ago

Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ

Լրատվամիջոցների դերը փորձում են հետին պլան մղել՝ առաջին պլան բերելով կեղծ էջեր, տելեգրամյան ալիքներ Thu,…

8 րոպե ago

Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում

Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում Thu,…

12 րոպե ago

Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն՝ ծայրահեղ աղքատ ընտանիքներին

Ուժեղ Հայաստանում ամսական 150,000 դրամ աջակցություն՝ ծայրահեղ աղքատ ընտանիքներին Thu, 30 Apr 2026 22:32:49 +0400…

20 րոպե ago

Մտահոգիչ են սահմանազատման նոր ստեղծվող քարտեզները

Մտահոգիչ են սահմանազատման նոր ստեղծվող քարտեզները Thu, 30 Apr 2026 22:30:51 +0400 Latest news from…

22 րոպե ago

Disney-ը Կասպերի մասին սերիալ կնկարահանի

Disney-ը Կասպերի մասին սերիալ կնկարահանի Thu, 30 Apr 2026 22:30:17 +0400 Disney կինոընկերությունը սկսել է…

23 րոպե ago