Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը

Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը

Fri, 01 May 2026 22:10:02 +0400


Այսօր մայիսի 1-ն է։ Աշխատանքի տոն…Ոչ աշխատանքային օր։ Աշխարհի մեծ մասը նշում է այս տոնը։
Հայաստանի պատմության մեջ, սակայն, մայիսի առաջի օրերը այլ պատճառով են հայտնի։

1991 թվականի ապրիլի 30-ին Արցախի հյուսիսային հատվածի հայաբնակ գյուղեր մտան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի, Խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները։

Մայիսի առաջին օրերին հայերից «մաքրվեցին» Գետաշենն ու Մարտունաշենը․ գյուղերը հանկարծակի շրջափակվեցին, տղամարդիկ ձերբակալվեցին, կանայք և երեխաները ավտոբուսներով՝ հսկողության ներքո, արտաքսվեցին, տները թալանվեցին, գույքն ու հողերը փոխանցվեցին ադրբեջանցիներին։

Օպերացիան կոչվում էր «Կոլցո»։ Սկսվելով փաստացի մայիսի 1-ին՝ այն տևեց ամբողջ 1991թ. ամառը, ընդգրկեց տասնյակ հայկական գյուղեր և դարձավ խորհրդային բանակի վերջին խոշոր պատժիչ գործողությունը սեփական տարածքում՝ սեփական ժողովրդի դեմ։ ԽՍՀՄ բանակը խորհրդային քաղաքացիներին արտաքսում էր բեռնատարներով՝ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի

(ՆԿՎԴ) զորքերից ժառանգած մեթոդական ցուցումներով։

«Կոլցոն» ստալինյան ազգային տեղահանությունների ուղիղ մեթոդաբանական ժառանգորդն է։ Նույն զորքերը, նույն մեթոդները․ գործողության մեկնարկը՝ տոնի հետ նույն օրը, նույն տրամաբանությունը. կա բնակչություն, որը խանգարում է խնդրի լուծմանը, հետևաբար այն տեղափոխվում է։ Փոխվում էին միայն ձևական պատճառները՝ 1944թ.` «անվստահելիություն», 1991թ.՝ «անձնագրային ռեժիմ», բայց ընթացակարգի էությունը նույնն էր։

Արցախում այս մոդելի ճարտարապետը գեներալ-մայոր Վլադիսլավ Սաֆոնովն էր՝ ԼՂԻՄ արտակարգ դրության շրջանի ռազմական կոմենդանտը։ Ադրբեջանի համար նա հերոս է՝ «երկաթե գեներալ» մականունով։ Հայկական հիշողության մեջ նրան, ինչպես և ողջ գործողությունը, զգուշորեն մղել են հետին պլան, քանի որ հիշելը անհարմար էր աշխարհաքաղաքական նկատառումներով:

Ինչու՞ վերադառնալ այս ամենին այսօր և ինչու՞ հենց այսպես։

Ոչ թե ասելու համար «Ռուսաստանը վատն է, ԽՍՀՄ-ը վատն էր»։ Դա անիմաստ թեզ է։ Պետությունները «լավ» կամ «վատ» չեն լինում․ դրանք ունեն շահեր, ռեսուրսներ և գործիքներ, որոնցով իրականացնում են այդ շահերը։
ԽՍՀՄ-ը 1991թ. լուծում էր իր խնդիրը՝ պահել Ադրբեջանը փլուզվող Միության կազմում՝ տասնյակ հայկական գյուղերի բնակչության հաշվին։ Հասկանալի, ցինիկ, ռացիոնալ խնդիր։

Հայկական քաղաքական ավանդույթի խնդիրը այլ տեղում է։ Այն տասնամյակներով կառուցվել է «հատուկ», «եղբայրական», «անխախտ» հարաբերությունների թեզի վրա։

Գաղափարապես սա հարմար է, գործնականում՝ աղետալի, որովհետև խանգարում է հաշվարկել։ Խանգարում է տեսնել, թե երբ են ռուսական շահերը համընկնում հայկականի հետ, և երբ՝ հակասում։ Խանգարում է հասկանալ, որ 2023 թվականի սեպտեմբերին Ստեփանակերտում խաղաղապահների անգործությունը «ընկերության դավաճանություն» չէր, այլ շահերի հետևողական իրականացում, որոնք վաղուց էին տեսանելի, և երբեք չէին ենթադրում հանուն Հայաստանի ինչ-որ բան զոհաբերել։

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը ոչ թե «ընկերության» միֆի վերականգնումն է, ոչ էլ դրա մերժումը (մերժողների մոտ՝ «Ռուսաստանը հավերժ թշնամի է», ինչը նույնքան անհեթեթ է)։

Լուծումը սթափ ըմբռնումն է՝ ու՞մ հետ են Հայաստանի շահերը համընկնում, ո՞ր հատվածում, ի՞նչ հարցում, ինչ պայմաններով։

Ձանձրալի, ոչ ռոմանտիկ, պրագմատիկ աշխատանք։ Բայց հենց դրա բացակայությունն է վերջին 35 տարում հայ ժողովրդին արժեցել այն, ինչ արժեցել է։

Աշխատանքի օրը լավ առիթ է հիշեցնելու, որ սթափ հաշվարկն էլ աշխատանք է։

Արման Թաթոյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից

Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Mon, 17 Aug 2026 20:35:44…

12 րոպե ago

Դիվանագիտական սկանդալ Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ

Դիվանագիտական սկանդալ Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ Mon, 17 Aug 2026 20:30:24 +0400 Իրանի Հետախուզության նախարարությունը…

18 րոպե ago

«Յանի բարի մարդ ա, ժողովրդին սիրում ա, անհանգստանում ա, իրականում կեղծավորի մեկն ա», «Խեղկատակ». քոմենթներ

«Յանի բարի մարդ ա, ժողովրդին սիրում ա, անհանգստանում ա, իրականում կեղծավորի մեկն ա», «Խեղկատակ». քոմենթներ…

32 րոպե ago

Անոմալ շոգից թունավոր ջրիմուռներ են բազմացել

Անոմալ շոգից թունավոր ջրիմուռներ են բազմացել Mon, 17 Aug 2026 20:00:49 +0400 Բալթիկ ծովի ափամերձ…

47 րոպե ago

Կարող են ՔՊ-ական պատգամավորներին զենք բաժանել, ասեն՝ կրակեք

Կարող են ՔՊ-ական պատգամավորներին զենք բաժանել, ասեն՝ կրակեք Mon, 17 Aug 2026 20:00:18 +0400 Latest…

48 րոպե ago

Արժե՞ զարմանալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վրա` բոլորով Օրուելի գրքի մեջ ենք հայտնվել

Արժե՞ զարմանալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վրա` բոլորով Օրուելի գրքի մեջ ենք հայտնվել Mon, 17 Aug…

1 ժամ ago