«Հրապարակ»․ Տպավորություն է, թե մենք դեռ 1995 թվականում ենք` նախընտրական տեխնոլոգիաների առումով
Sat, 02 May 2026 10:45:53 +0400
«Հրապարակի» զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
– Ամբողջ աշխարհում` քաղաքական պրոցեսներում ընդդիմադիր ուժերի խոսույթն է ավելի սուր, հռետորական, կտրուկ: Հայաստանում տպավորություն է, որ, այս առումով, տեղերով փոխվել են՝ իշխանությունները կտրուկ, երբեմն նույնիսկ չափազանց սուր հայտարարություններ են անում, փողոցի խոսույթ ու վարքագիծ դրսեւորում, իսկ ընդդիմությունը շատ ավելի մեղմ է, չափված-ձեւված, զուսպ, հին մեթոդներով աշխատող: Դուք նկատե՞լ եք, կա՞ նման երեւույթ, եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:
– Այո, կա նման երեւույթ, եւ այն պայմանավորված է նրանով, որ իշխող քաղաքական ուժն իր գիտակցության մեջ այդպես էլ ընդդիմադիր ուժից չդարձավ իշխող քաղաքական ուժ, իսկ այն ուժերը, ովքեր ժամանակին իշխանություն ունեին, իրենց գիտակցությամբ այդպես էլ չդարձան ընդդիմադիր: Քանի որ գիտակցության մեջ փոփոխություն տեղի չի ունեցել երկուստեք, մենք տեսնում ենք մի պատկեր, որ իշխանության խոսույթը սուր է, իսկ ընդդիմության խոսույթը` մեղմ: Արդեն ութ տարի է՝ այս վիճակն է:
– Բայց, օրինակ, Սամվել Կարապետյանն ու նրա ուժը երբեք չեն եղել իշխանություն, սակայն նույնպես համեմատաբար մեղմ են իրենց հայտարարություններում, պահվածքում:
– Դա էլ այլ ձեւով է բացատրվում: Կարապետյանի քաղաքական ուժը համապատասխան պոտենցիալ չունի՝ հասկանալու, թե ինչ բան է ընտրությունը, եւ ինչ թեմաների մասին պետք է քննարկել առհասարակ: Երբ նայում ենք նախընտրական գործընթացներին, տպավորություն է, որ հատկապես ընդդիմադիր ուժերն այս ամենին վերաբերվում են իմիջիայլոց, այնքանով՝ որքանով: Տպավորություն է, որ ընտրություններին մատների արանքով են նայում, եւ այն ընդամենը միջոցառում է իրենց համար, քննարկումներ են ունենում, խոստումներ են տալիս, ու վերջ: Այն ավյունը, այն պաթոսը, որը սովորաբար ունենում են ընդդիմադիր ուժերն ամբողջ աշխարհում, Հայաստանում չկա: 21-րդ դարին բնորոշ տեխնոլոգիաների կիրառում չկա ընդդիմության շրջանում, ապագայի վերաբերյալ վառ պատկերացումներ չեն ներկայացնում, տպավորություն է, որ մենք դեռեւս 1995 թվականում ենք` նախընտրական տեխնոլոգիաներով, հայտարարություններով եւ այլն:
– Վերջերս Սամվել Կարապետյանն անձամբ ակտիվացել է, հայտարարություններ է անում, ուղերձներ է հղում, հանդիպումներ է ունենում, ասուլիս է տալիս իր տանը, որովհետեւ տնային կալանքի տակ է, եւ այլն: Ի՞նչ եք կարծում` այդ ակտիվությունը դրակա՞ն ազդեցություն է թողնում ընտրողների վրա, թե՞ բացասական:
– Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանն իր անձնական ներգրավվածությամբ էական փոփոխությունների է հասնելու: Եթե անգամ նա լուռ կանգնի, իր ուժը հավաքելու է որոշակի տոկոսներ: Հունիսի 7-ը սովորական ընտրություն չէ, այն աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ընտրություն է, որը նմանվելու է ճակատամարտի: Արեւմուտքն ամեն ինչ անելու է, որպեսզի իշխող ուժը մնա: Սա դասական ընտրություն չէ: Ընդդիմադիր ուժերը սովորականից տասնապատիկ անգամ ավելի ակտիվ պետք է լինեին, սակայն մենք դա չենք տեսնում: