Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ` միջանցիկ բակ. փորձագետ

Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ` միջանցիկ բակ. փորձագետ

Mon, 04 May 2026 21:22:32 +0400


Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

«Այս օրերին Երևանը վերածվել է մի վայրի, որտեղ օտար իմաստները հնչում են ավելի բարձր, քան սեփականը։ Այստեղ են եկել առաջնորդներ, բերվել են օրակարգեր, ներկայացում են ապագայի պատրաստի մեկնաբանություններ։ Եվ գրեթե աննկատ հետին պլան է մղվել գլխավորը՝ ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում:

Հայաստանի իշխանությունները, կարծես, ընտրել են ամենահարմար ճանապարհը՝ ոչ թե ձևակերպել, այլ միանալ։ Ոչ թե գիծ ձևավորել, այլ շարժվել գծերի միջև՝ հույսով, թե շարժումն ինքնին արդեն ռազմավարություն է։ Մինչդեռ դա պարզապես դրեյֆ է։

Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, նրա տարածքում պահպանվում է ռուսական ռազմական ներկայությունը, և միևնույն ժամանակ Երևանում հավաքվում է Եվրոպական քաղաքական համայնքը՝ քննարկելով անվտանգության մի ճարտարապետություն, որտեղ նախկին դաշինքների համար ավելի ու ավելի քիչ տեղ է մնում։

Իշխանությունները դա անվանում են ճկունություն։ Իրականում դա նշանակում է խուսափել ընտրությունից՝ բազմավեկտորության քողի ներքո։ Այո, քաղաքականության մեջ ընտրությունից հրաժարումն էլ է ընտրություն։ Սակայն սովորաբար՝ հօգուտ այն ուժի, որը ձևակերպում է կանոնները։

Հայաստանը ընդունում է, կազմակերպում է, ուղեկցում է, բայց չի ձևավորում օրակարգը։ Սա ադմինիստրատորի վարք է, ոչ թե սուբյեկտի։ Սերվիսային քաղաքականություն:

Այսպիսով, պետությունը կորցնում է իմաստի աղբյուր լինելու կարողությունը և դառնում է օտար իմաստային կառուցվածքների կրող։ Այն դադարում է ինքնուրույն որոշել՝ ինչն է իր համար արժեք, և սկսում է փոխառել նույնիսկ գնահատման չափանիշները։

Կարծես իշխանությունները ելնում են այն ենթադրությունից, թե որքան մեծ է արտաքին ուշադրությունը, այնքան բարձր է միջազգային սուբյեկտությունը։ Մինչդեռ ուշադրությունը ճանաչում չէ։ Դա ռեսուրս է, որը օգտագործվում է այնքան ժամանակ, քանի դեռ պետք է։ Հետո՝ մոռացվում։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ փոքր պետությունները գոյատևում են ոչ թե կապերի քանակի, այլ հստակ դիրքորոշման շնորհիվ։ Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ։

Եվ ամենավտանգավորն այն պատրանքն է, թե հնարավոր է միաժամանակ գտնվել մի քանի անհամատեղելի համակարգերի մեջ և դրա համար գին չվճարել։

Գինը միշտ էլ կա։ Պարզապես այն երբեք նախապես չի հայտարարվում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել են նկարների գողերը

Ձերբակալվել են նկարների գողերը Fri, 09 Oct 2026 02:30:21 +0400 Ֆրանսիայում ձերբակալել են Կանն-սյուր-Մերի Պյեր…

44 րոպե ago

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում

Իրանի դեմ ռազմական նոր հարվածների տարբերակներ են մշակում Fri, 09 Oct 2026 02:00:21 +0400 Սպիտակ…

1 ժամ ago

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի

Տիտղոսազուրկ արքաեղբոր Bentley-ն հանվել է վաճառքի Fri, 09 Oct 2026 01:30:14 +0400 Մեծ Բրիտանիայում տիտղոսազուրկ…

2 ժամ ago

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ

Մեղադրել է կնոջը հետապնդելու մեջ Fri, 09 Oct 2026 01:00:14 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

2 ժամ ago

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը

Ո՞վ է գրականության ոլորտում 2026 թ․ Նոբելյան մրցանակակիրը Fri, 09 Oct 2026 00:30:55 +0400 Գրականության…

3 ժամ ago

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո»

Վերակենդանացած տղամարդը պատմել է, թե ինչ է տեսել «մահվանից հետո» Thu, 08 Oct 2026 23:55:16…

3 ժամ ago