Ազգային հիշողությունը քարի լեզվով վերարտադրողը
Thu, 26 Nov 2026 21:00:44 +0400
Ֆիլադելֆիայի արվեստների թանգարանի հյուսիսային մուտքի մոտ տեղադրված է Մհերի արձանը` «Սասնա ծռեր» հայկական էպոսի հերոսի։ Հեղինակը քանդակագործ Խորեն Տեր-Հարությունյանն է՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած արվեստագետ, որը քարի լեզվով վերակերտել է հայկական ազգային պատմական հիշողությունը, ազգային ինքնությունն ու հայի ազատատենչ ոգին։ Ծնվել է Օսմանյան կայսրությունում։ 1915 թվականին հայրն ու ավագ եղբայրը սպանվել են, ընտանիքը կորցրել է ավելի քան 20 ազգական։ Մայրը՝ Նունուֆարը, փրկել է երեխաներին, նրանց տանելով Հունաստան՝ Դերսիմով, Էրզրումով եւ Ստամբուլով։ 1921 -ին ընտանիքը հաստատվել է ամերիկյան Վուսթեր քաղաքում, որտեղ ապագա քանդակագործն ուսում է ստացել, հրապուրվել նկարչությամբ, երաժշտությամբ, հետագայում դարձել տաղանդավոր ջրանկարիչ։ 30-ականների սկզբին ուղեւորվել է Ջամայկա, որտեղ ապրել է մի քանի տարի, ուսումնասիրել բնությունը, մարդկանց, մշակույթը, ավանդույթներն ու կենցաղը։ Նրա աշխատանքները գրավել են թե՛ քննադատների, թե՛ կոլեկցիոներների ուշադրությունը։ Ջամայկայում ծանոթացել է քանդակագործ Էնդ Մենլիի հետ։ Սկսել է յուրացնել փայտի փորագրությունը։ Աստիճանաբար քանդակագործությունը դարձել է նրա ստեղծագործությունների հիմնական ուղղությունը։
1938 -ին՝ Ջամայկայից վերադառնալուց հետո, ներկայացրել է առաջին գործերը Լոնդոնում։ Իրեն նվիրել է փայտի աշխատանքներին։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրա աշխատանքներում տեղ են գրավել բռնությունը, ցավը, տառապանքն ու դիմադրությունը։ Առավել հայտնի են «Դավիթն ու Գողիաթը», «Տառապյալ մարդկությունը» քանդակները։ 44 թվականից հաստատվել է Նյու Յորքում եւ փայտից անցել է քարին։ Նրա գործերը սկսել են ցուցադրվել Վիթնիի եւ այլ հեղինակավոր հաստատություններում։ Տեր-Հարությունյանը ստեղծել է մի շարք մոնումենտալ գործեր, ստացել ամերիկյան մշակույթի եւ արվեստի կարեւոր պարգեւներ ու մրցանակներ։ Նրա ստեղծագործություններում պահպանել է հայկական թեմատիկան, որոնցից են «Մուսա լեռան քառասուն օրը», «Անի» շարքը եւ այլ գործեր՝ նվիրված հայկական մշակույթին։ Առանձնահատուկ նշանակություն ունի Ֆիլադելֆիայի «Փոքր Մհերը»։ Քանդակի բացումը կատարվել է 76 թ․ ապրիլի 24-ին։ Նվիրված է միաժամանակ թե՛ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, թե՛ ԱՄՆ անկախության երկդարյա հոբելյանին։ Խորեն Տեր-Հարությունյանն այն արվեստագետներից է, որը կարողացել է իր եւ իր ժողովրդի ողբերգությունը համադրել համամարդկային արժեքների հետ՝ կերտելով գործեր, որոնք հասկանալի են բոլորին՝ անկախ ազգությունից։