Ի՞նչ պետք է անել կրկին չխաբվելու համար
Tue, 05 May 2026 20:15:08 +0400
Հետաքրքիր երևույթ է տարիք ասվածը: Այն, նախ, ֆիզիկապես է փոփոխության ենթարկում մարդուն՝ ծերացնելով օրգանիզմը:
Երկրորդ, փոխում է մարդու մտածողության ուղղվածությունը՝ որքան էլ այն մնա իրականությանն ադեկվատ: Այսինքն, մարդը չի կորցնում մտածելու, երևույթները վերլուծելու կարողությունը, սակայն փոխվում են առաջնահերթությունները: Օրինակ, որպես թոշակառու, ինձ այսօր հետաքրքրում էր, թե երբ է բանկերին փոխանցվելու թոշակը: Փառք Աստծո, այնպես չէ, որ 65+ տարիքում միայն թոշակի հույսին եմ մնացել, բայց այդ տարիքում թոշակը փոխարինում է աշխատավարձին՝ ցանկանամ, թե ոչ: Եվ որքան էլ այն փոքր լինի աշխատավարձից, միևնույն է, գրավում է թոշակառուի ողջ ուշադրությունը:
Ինչևէ, Ֆեյսբուք մտնելով պարզում եմ, որ ինձանից շատ ավելի երիտասարդ օգտատերերը նկատել են այն, ինչ ես, թոշակի խնդրով տարված, չէի նկատել: Դրանից, իհարկե, վատ զգացի, բայց, ինչպես ասվում է, տարիքից չես փախչի:
Պարզվում է, որ մարդիկ նկատել են, որ Երևանը վերածվել է, ասենք, աֆրիկյան որևէ երկրի մայրաքաղաքի՝ ուր այցի են գնում սպիտակամաշկ երկրների պաշտոնական պատվիրակություններ: Պատկերացնում եք, թե ինչպիսի քծնողական վերաբերմունք կդրսևորվի հյուրերի նկատմամբ: Բայց այս հարցում առկա է մի շատ կարևոր երևույթ, ինչը չէր նկատվել դա նկարագրած անձանց կողմից: Այդ վերաբերմունքը կդրսևորվեր մինչև նախորդ դարի կեսերը, մինչև 60-ական թվականները: Որովհետև հենց վաթսունականներին աֆրիկյան ավելի քան երեք տասնյակ պետություններ անկախություն ստացավ սպիտակամորթ եվրոպացիների գաղութային լծից:
Ի դեպ, 1960 թվականը պատմության մեջ մտավ որպես «Աֆրիկայի տարի», քանի որ անկախություն ստացավ միանգամից 17 երկիր:
Բայց քանի որ մենք, այնուամենայնիվ, գտնվում ենք ոչ թե Աֆրիկայում, այլ Հարավային Կովկասում և պատկանում ենք եվրոպոիդ ռասային, մեզ «պալոժ» չէ նմանվել մինչ այդ պետություն չունեցած աֆրիկյան բնիկներին: Թեկուզև մեր երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նման արտահայտություն թույլ տա իրեն. «Երբ թվում էր՝ Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք Մակրոնի ձեռքը»: Չգիտեմ, թե ինչպես ենք զգացել և հատկապես շոշափել մեկի ձեռքը, ով անտարբեր հայացքով դիտում էր, թե ինչպես է 44-օրյա պատերազմում պարտության տանում երկիրը վերը նշված անձը: Ով դրանից հետո համաձայնվեց պարտված լինելու գաղափարին՝ չնայած հակառակ բանն էր ասում պատերազմի սկզբում: Ու դրա արդյունքում թշնամուն հանձնեց թե՛ Արցախը՝ նպաստելով էթնիկ զտմանը, և թե՛ տարածքներ Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ու ինքն էլ կողքից նպաստեց դրան:
Ինչևէ, վերադառնանք թոշակառուիս կարգավիճակին: Որպես այդպիսին ցանկանում եմ դիմել բոլոր թոշակառուներին: Ահա այն. «Նիկոլի իբրև թե սիրելի՛ տատիկ-պապիկներ, այսօր մայիսի 5-ի ժամը 17-ն անց է 15 րոպե, բայց բանկերը մեր թոշակները դեռևս չեն ստացել: Հիմա հասկացա՞ք, որ նա ձեզ ոչ միայն չի սիրում, այլև դուք նրա համար եղած-չեղած մի բան եք: Չէ, ոչ թե եղած-չեղած եք, այլ բեռ, որ հաճույքով կուզենար ազատվել: Ճիշտ այնպես, ինչպես ազատվեց Արցախից: Եթե նա, լավագույն դեպքում, անտարբեր չլիներ ձեր նկատմամբ՝ ոչ թե սիրեր, ապա ապրիլի 30-ին մենք՝ ես էլ ձեզ հետ, կստանայինք մայիսի մեր աղքատաթոշակը: Հաշվի առնելով, որ հաջորդ մի քանի օրը մեզանից ոմանք, ովքեր այլ եկամուտներ չունեն, մնալու են առանց գումարի: Ու ստիպված են սնվել օդով և ջրով: Ի դեպ, ինչպես ինձ հուշեց ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը, ով Ռուսաստանի նկատմամբ սիրով չի «տառապում», նման դեպքերում Նիկոլի չսիրած այդ երկրում թոշակը բաժանվում է նախապես: Իսկ մեր «հզոր վարչապետն» ութ տարում չֆայմեց, որ կարելի է նման բան անել:
Դուք հիմա հասկացա՞ք, որ 10 հազար դրամի հետվճարն ու այնուհետև կրկին նույնքան գումարով թոշակի բարձրացումն ընդամենը կաշառք էր՝ տրված մեզ: Կաշառք, որպեսզի հունիսի 7-ին գնանք ընտրատեղամաս ու ընտրենք նրան ու նրա կուսակցությունը: Իհարկե, կարող եք ասել՝ գլուխը քարը, կարևորը բարձրացնելն էր: Բայց այդ դեպքում հիշե՛ք. հաջորդ 10 հազարի ավելացումը մենք (ավելի ճիշտ մեզանից նրանք, ովքեր դեռևս կլինեն կենդանի) կստանանք ընդամենը հինգ տարի անց: Իսկ այդ ընթացքում ինքը տասնյակ միլիոնավոր դրամներ կհատկացնի իրեն ու իր նշանակած ապաշնորհ չինովնիկներին՝ ինչպես դա արեց վերջերս: Դա այդպես կլինի՝ եթե, իհարկե, դուք այս անգամ էլ խաբվեք ու հունիսի 7-ին ընտրեք իրեն: Իսկ որպեսզի կրկին անգամ չխաբվեք՝ պետք է մերժեք Նիկոլին՝ այնպես, ինչպես 2018-ին մերժեցիք Սերժին: