«Հրապարակ». 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ անհայտ ընկերություններ

«Հրապարակ». 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ անհայտ ընկերություններ

Wed, 06 May 2026 11:15:32 +0400


Մոտ մեկուկես տասնամյակ առաջ Իջեւանում զրույց ունեցա Տավուշի մարզային հարկային տեսչության պետի հետ, որը ծագումով տավուշցի չէ։ Զրույցը հավաքագրվող հարկերի մասին էր, նա ասաց․ «Մի քանի մարզում հարկայինի պետ եմ աշխատել, սակայն Հայաստանում Տավուշի նման աղքատ մարզ չեմ տեսել»։ Խնդրեցի բացատրել, թե իր կարծիքով ինչու է Տավուշը մարզերի մեջ ամենաաղքատը։ Բացատրեց, որ Տավուշում հանքարդյունահանող, բազմաթիվ աշխատատեղեր ապահովող, մեծ հարկեր մուծող ձեռնարկություններ չկան, սննդի վերամշակման գործարանները քիչ են, Տավուշի հիմնական հարստությունն անտառն է, որն էլ պետության սեփականությունն է։

Այդ զրույցը հիշեցի, երբ ծանոթացա Պետական եկամուտների կոմիտեի՝ օրերս հրապարակած 2026 թվականի հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակին։ Այդ ցանկում հիմնականում Երեւանում, Երեւանի շուրջ, Արարատյան դաշտում գործող ընկերություններ են, նաեւ՝ հանքարդյունահանող ձեռնարկություններ։ Սա փաստում է Հայաստանի տարածքների՝ Երեւանի եւ մարզերի տնտեսական անհամաչափ զարգացման մասին։

Ինձ հետաքրքրեց, թե Տավուշի մարզից քանի ընկերություն է ընդգրկված 1000 խոշոր հարկատուների ցուցակում։ Պարզվեց` Տավուշից 7 ընկերություն կա։ Ցուցակի 351-րդ տեղը զբաղեցնում է «Իջեւանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն։ 676-րդ տեղում Բերդ համայնքում արտադրական ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն է։ 1000 խոշոր հարկատուների ցանկի 731-րդ տեղում Դիլիջան քաղաքում շինարարական գործունեություն ծավալող «Սթրաքթ» ՓԲԸ-ն է։ Ցուցակի 854-րդ տեղում «Մհեր Հարությունյանն» է, իսկ 855-րդ տեղում՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 885-րդը Դիլիջանում գարեջուր արտադրող «Հ եւ Տ Հակոբյաններ» ընկերությունն է։ 963-րդ տեղը զբաղեցրել է «Արվա պրոֆ» ընկերությունը։ Համացանցում որոնումով պարզեցի, որ «Արվա պրոֆ»-ը սանիտարահիգիենիկ ապրանքներ ներմուծող ընկերություն է, որի՝ որպես գործունեության հասցե նշված է Մասիս քաղաքը։ Համացանցում տեղեկություններ չգտա «Մհեր Հարությանյանի» գործունեության մասին:

Այսինքն, 1000 խոշոր հարկատուների թվում Տավուշի մարզից ընկերություներ կան, որոնց մասին Տավուշում ոչինչ չգիտեն: Սրանից 4 տարի առաջ` 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, ՊԵԿ տեղեկատվությամբ՝ 1000 խոշոր հարկ վճարողների մեջ 6 ընկերություն էր ընդամենը Տավուշի մարզից։ 2022 թվականի այդ ցուցակի 322-րդ տեղը զբաղեցրել է «Դենիզ»-ը, 579-րդ տեղը՝ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, 587-րդը՝ «Տավուշ տեքստիլը», 733-րդը՝ «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա»-ն, 836-րդ տեղում «Փոենի»-ն էր, 970-ում՝ «Դիլիջան» առողջարանը։ Համացանցում «Դենիզ» եւ «Փոենի» ընկերությունների մասին տեղեկություններ չկարողացա գտնել։ Այլ աղբյուրից պարզեցի, որ «Դենիզ» ընկերությունը զբաղվում է արտաքին առեւտրով, իսկ «Փոենի»-ն Երեւանում շենքեր է կառուցում։ Թե ինչու են «Դենիզ» եւ «Փոենի» ընկերություններն իրավաբանական գրանցում ստացել սահմանամերձ Տավուշի մարզում, պարզ չէ։ Հավանաբար՝ որպեսզի օգտվեն սահմանամերձ տարածքներում գործող ընկերություններին տրվող հարկային արտոնություններից։
Ամփոփելով արձանագրենք, որ անցած 4 տարում հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակում Տավուշի մարզում գրանցված ընկերություններից իրենց տեղը պահպանել են միայն Իջեւանի գինու-կոնյակի գործարանը, «Տավուշ տեքստիլը» եւ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի հիմնադիրը Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն է, եւ որի հետ կնքված որոշ պայմանագրեր խզելու համար Հայաստանը մի շարք հայցերով դիմել է դատարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ես իմ ձայնը հետ կվերցնեմ, եթե հանկարծ Նիկոլի հետ գործարքի գնան

«Հրապարակ»․ Ես իմ ձայնը հետ կվերցնեմ, եթե հանկարծ Նիկոլի հետ գործարքի գնան Fri, 27 Nov…

7 րոպե ago

Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս»

Ռուսաստանում հոկտեմբերն անվանել են «սև ամիս» Fri, 27 Nov 2026 10:00:33 +0400 Ռուսաստանի թվային զարգացման,…

22 րոպե ago

Փաշինյանի հայտարարությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել»

Փաշինյանի հայտարարությունից հետո «Կինոմոսկվան» խոստանում է «առավել հետևողական լինել» Fri, 27 Nov 2026 09:53:57 +0400…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Սեւանում թեժ մրցակցություն է

«Հրապարակ»․ Սեւանում թեժ մրցակցություն է Fri, 27 Nov 2026 09:45:47 +0400 Նոյեմբերի 29-ին Սեւանում կայանալիք…

37 րոպե ago

Ինչ է կախված Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցից

Ինչ է կախված Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք առաջիկա այցից Fri, 27 Nov 2026 09:30:59 +0400 Ռուս…

52 րոպե ago

«Հրապարակ»․ Թող չխաբեն` սահմանային մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի այդ դաշտը՝ ծննդավայրը

«Հրապարակ»․ Թող չխաբեն` սահմանային մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի այդ դաշտը՝ ծննդավայրը Fri, 27 Nov…

1 ժամ ago