Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

«Հրապարակ». 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ անհայտ ընկերություններ

«Հրապարակ». 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ անհայտ ընկերություններ

Wed, 06 May 2026 11:15:32 +0400


Մոտ մեկուկես տասնամյակ առաջ Իջեւանում զրույց ունեցա Տավուշի մարզային հարկային տեսչության պետի հետ, որը ծագումով տավուշցի չէ։ Զրույցը հավաքագրվող հարկերի մասին էր, նա ասաց․ «Մի քանի մարզում հարկայինի պետ եմ աշխատել, սակայն Հայաստանում Տավուշի նման աղքատ մարզ չեմ տեսել»։ Խնդրեցի բացատրել, թե իր կարծիքով ինչու է Տավուշը մարզերի մեջ ամենաաղքատը։ Բացատրեց, որ Տավուշում հանքարդյունահանող, բազմաթիվ աշխատատեղեր ապահովող, մեծ հարկեր մուծող ձեռնարկություններ չկան, սննդի վերամշակման գործարանները քիչ են, Տավուշի հիմնական հարստությունն անտառն է, որն էլ պետության սեփականությունն է։

Այդ զրույցը հիշեցի, երբ ծանոթացա Պետական եկամուտների կոմիտեի՝ օրերս հրապարակած 2026 թվականի հունվար-մարտ ամիսների 1000 խոշոր հարկատուների ցուցակին։ Այդ ցանկում հիմնականում Երեւանում, Երեւանի շուրջ, Արարատյան դաշտում գործող ընկերություններ են, նաեւ՝ հանքարդյունահանող ձեռնարկություններ։ Սա փաստում է Հայաստանի տարածքների՝ Երեւանի եւ մարզերի տնտեսական անհամաչափ զարգացման մասին։

Ինձ հետաքրքրեց, թե Տավուշի մարզից քանի ընկերություն է ընդգրկված 1000 խոշոր հարկատուների ցուցակում։ Պարզվեց` Տավուշից 7 ընկերություն կա։ Ցուցակի 351-րդ տեղը զբաղեցնում է «Իջեւանի գինու-կոնյակի գործարան» ՓԲԸ-ն։ 676-րդ տեղում Բերդ համայնքում արտադրական ձեռնոցներ արտադրող «Տավուշ տեքստիլ» ընկերությունն է։ 1000 խոշոր հարկատուների ցանկի 731-րդ տեղում Դիլիջան քաղաքում շինարարական գործունեություն ծավալող «Սթրաքթ» ՓԲԸ-ն է։ Ցուցակի 854-րդ տեղում «Մհեր Հարությունյանն» է, իսկ 855-րդ տեղում՝ Դիլիջանի միջազգային դպրոցը։ 885-րդը Դիլիջանում գարեջուր արտադրող «Հ եւ Տ Հակոբյաններ» ընկերությունն է։ 963-րդ տեղը զբաղեցրել է «Արվա պրոֆ» ընկերությունը։ Համացանցում որոնումով պարզեցի, որ «Արվա պրոֆ»-ը սանիտարահիգիենիկ ապրանքներ ներմուծող ընկերություն է, որի՝ որպես գործունեության հասցե նշված է Մասիս քաղաքը։ Համացանցում տեղեկություններ չգտա «Մհեր Հարությանյանի» գործունեության մասին:

Այսինքն, 1000 խոշոր հարկատուների թվում Տավուշի մարզից ընկերություներ կան, որոնց մասին Տավուշում ոչինչ չգիտեն: Սրանից 4 տարի առաջ` 2022 թվականի հունվար-սեպտեմբերին, ՊԵԿ տեղեկատվությամբ՝ 1000 խոշոր հարկ վճարողների մեջ 6 ընկերություն էր ընդամենը Տավուշի մարզից։ 2022 թվականի այդ ցուցակի 322-րդ տեղը զբաղեցրել է «Դենիզ»-ը, 579-րդ տեղը՝ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, 587-րդը՝ «Տավուշ տեքստիլը», 733-րդը՝ «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա»-ն, 836-րդ տեղում «Փոենի»-ն էր, 970-ում՝ «Դիլիջան» առողջարանը։ Համացանցում «Դենիզ» եւ «Փոենի» ընկերությունների մասին տեղեկություններ չկարողացա գտնել։ Այլ աղբյուրից պարզեցի, որ «Դենիզ» ընկերությունը զբաղվում է արտաքին առեւտրով, իսկ «Փոենի»-ն Երեւանում շենքեր է կառուցում։ Թե ինչու են «Դենիզ» եւ «Փոենի» ընկերություններն իրավաբանական գրանցում ստացել սահմանամերձ Տավուշի մարզում, պարզ չէ։ Հավանաբար՝ որպեսզի օգտվեն սահմանամերձ տարածքներում գործող ընկերություններին տրվող հարկային արտոնություններից։
Ամփոփելով արձանագրենք, որ անցած 4 տարում հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակում Տավուշի մարզում գրանցված ընկերություններից իրենց տեղը պահպանել են միայն Իջեւանի գինու-կոնյակի գործարանը, «Տավուշ տեքստիլը» եւ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի հիմնադիրը Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն է, եւ որի հետ կնքված որոշ պայմանագրեր խզելու համար Հայաստանը մի շարք հայցերով դիմել է դատարան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ

«Հրապարակ». Այո, 8 տարի առաջ Հայաստանը սուբյեկտայնություն չուներ Wed, 06 May 2026 08:45:12 +0400 Հարցազրույց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով