«Հրապարակ». ՀՀ-ն գտնվում է ռիսկային գոտում, մենք՝ սփռված հայերս, հրաժարվում ենք լինել լոկ դիտորդ

«Հրապարակ». ՀՀ-ն գտնվում է ռիսկային գոտում, մենք՝ սփռված հայերս, հրաժարվում ենք լինել լոկ դիտորդ

Thu, 07 May 2026 12:15:55 +0400


Հարցազրույց Համահայկական Սենատի համակարգող Արամ Մկրտչյանի հետ

– Հայաստանում կայացան ԵՔՀ, ապա՝ ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովները։ Իբրեւ Եվրոպայում ակտիվ գործունեություն ծավալող գործիչ՝ ինչպե՞ս կգնահատեք այս միջոցառումների դերը Հայաստանի վարկանիշի վրա։

– Հայաստանի Հանրապետությունում եւ նրա շուրջ կատարվող զարգացումներն անհրաժեշտ է դիտարկել միմիայն պետության անվտանգության տեսանկյունից։ «Ռենդ Քորփորեյշն» (RAND Corporation) 2024, 2025, 2026 թթ․ հրապարակումները, մասնավորապես The U.S. Can’t Guarantee Armenia’s Security, Despite Azerbaijan’s Threats, but It Can Help (ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել), Countering Russian Influence: Support for Armenia, Georgia, and Moldova in the ‘Waiting Room of the West’ (Հակազդելով ռուսական ազդեցությանը. աջակցություն Հայաստանին, Վրաստանին եւ Մոլդովային՝ «Արեւմուտքի սպասասրահում»), Armenia’s Specters of Peace and War (Հայաստանի խաղաղության եւ պատերազմի ուրվականները) հոդվածների հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանը պետք է վերափոխվի «խոցելի դիմորդից» դեպի «դիմակայուն գործընկեր», որն ունակ է ինքնուրույն պաշտպանվել այնքան ժամանակ, մինչեւ միջազգային հանրությունը կարողանա դիվանագիտական միջամտություն ցուցաբերել։ Այս համատեքստում մայիսի 4-5-ը Երեւանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի եւ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովները բարձրացրին Հայաստանի վարկանիշը՝ միջազգային ասպարեզում «դիմորդից» վերածելով «գործընկերոջ»։ Անհրաժեշտ է շեշտել, որ սա ռիսկային քաղաքական կապիտալ է, որը կարող է ամրապնդել կամ քայքայել երկրի դիմակայունությունը։ Ռիսկային քաղաքական կապիտալի այս դրսեւորումները պարտադիր է դիտարկել անվտանգային 5 հիմնական ուղղությունների տեսանկյունից. 1. ռազմական եւ սահմանային անվտանգությունը պետության առաջնային շերտն է։ Այն ներառում է զինված ուժերի արդիականացումը, մարտունակության բարձրացումը, սահմանների ամրապնդումը՝ ինժեներական նոր լուծումների ներդրմամբ։ Սեփական ռազմարդյունաբերության զարգացումը` որպես արտաքին մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու միակ հուսալի միջոց։ 2. Դիվանագիտական եւ քաղաքական անվտանգությունը պետք է ծառայի ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությանը։ Գագաթնաժողովը տարածաշրջանում խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի համար մոդելավորեց նոր քաղաքական իրավիճակ։ 3. Տնտեսական եւ էներգետիկ անվտանգությունը տնտեսության անվտանգության հիմքն է։ Այն ենթադրում է էներգետիկ դիվերսիֆիկացիա (նոր աղբյուրներ, ճանապարհներ) եւ պարենային անվտանգության ապահովում։ 4. Ներքին կայունությունը եւ դիմակայունությունն անհրաժեշտ պայման են՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար, եւ ամուր թիկունք` պետական ինստիտուտների հզորացմանը։ Հայաստանի «ժողովրդավարական կղզյակի» համբավը թեեւ համարվում է «ռիսկային քաղաքական արժույթ», սակայն բավարար ճկունության դեպքում կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգային երաշխիք։ 5. Ժողովրդագրական անվտանգությունը պետության կենսունակության ապահովման գրավականն է։ Այն ներառում է ծնելիության աճ, արտագաղթի կանխում, սահմանամերձ բնակավայրերի վերաբնակեցում։ Հայրենադարձության կազմակերպումը եւ կայուն ապագայի տեսլականը պետք է դառնան դեմոգրաֆիական ճեղքումն ապահովող հիմնական գործիքները։

– Ակնհայտ է, որ Փաշինյանն այս 2 իրադարձությունն օգտագործում է նախընտրական իմաստով՝ իր կշիռը, վերարտադրվելու հավանականությունը մեծացնելու համար։ Իսկ Եվրոպան նրան սպասարկում է:

– Հայաստանի անվտանգությունը պետք է դիտարկել բացառապես ռազմական, դիվանագիտական, տնտեսական, ներքին եւ դեմոգրաֆիկ սյուների եւ ՌԴ, Թուրքիա, Իրան շահերի ավելացման կամ պակասեցման համատեքստում։ Փաշինյանը ստանում է ներքին լեգիտիմություն, իսկ Եվրոպան՝ տարածաշրջանային լծակ։ Սակայն այդ լիգիտիմացումը աշխարհաքաղաքական դաշտում «Թրամփի ուղու» միջոցով բերում է «Արեւելյան պանամայացման» իրական վտանգ։ Սա նշանակում է պետության վերածում սոսկ «միջանցքի», որի անվտանգությունը դառնում է գերտերությունների առեւտրի առարկա։ Անվտանգային վարկանիշը «դիմորդից գործընկեր» փոխելը կարեւոր է, բայց ոչ բավարար՝ պանամայացումից խուսափելու համար։ «Թրամփի ուղին» կարող է արժեզրկել «ժողովրդավարական բրենդը»՝ Հայաստանը թողնելով ՌԴ-ԱՄՆ մեծ գործարքի հույսին։ ՀՀ-ն առանց հայ ազգի դեմոգրաֆիկ աճի եւ սեփական ռազմարդյունաբերության՝ կրիտիկական խոցելի է։ Հայաստանը պետք է հրաժարվի հանդես գալ միայն որպես «սպասարկող տարածք» եւ վերածվի սեփական օրակարգն ունեցող սուբյեկտի։ Արեւելքի եւ Արեւմուտքի բախման կետում գոյատեւման պայմանը ազգի դեմոգրաֆիկ աճը եւ տնտեսական դիմակայունության կտրուկ բարձրացումն է։ Արտաքին վարկանիշը պետք է ծառայի ներքին ամրությանը, այլ ոչ թե փոխարինի դրան՝ գործարքի զոհ չդառնալու համար։

– Փաստորեն, Փաշինյանին սատարում են Եվրոպան, ԱՄՆ-ն, Բաքուն, Անկարան, բացի սեփական ժողովրդից։ Թե՞ ժողովուրդն էլ կընտրի՝ «նախկինների» եւ պատերազմի կեղծ վտանգի քարոզի ներքո։

– Առանց սեփական ժողովրդի ներքին աջակցության՝ ցանկացած արտաքին «սատարում» ընդամենը ժամանակավոր վարկ է, որի դիմաց պետությունը վճարում է սեփական ինքնիշխանությամբ: Երբ պետությունը սկսում է սպասարկել բոլորին՝ բացի իր քաղաքացուց, դադարում է լինել ինքնուրույն գործոն եւ վերածվում է աշխարհաքաղաքական առեւտրի առարկայի: Երբ արտաքին վարկանիշային աճն ու ներքին վախերը փոխարինում են իրական անվտանգային ամրությանը, պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը։ Որպեսզի Հայաստանը չդառնա աշխարհաքաղաքական զոհ, անհրաժեշտ է, որ արտաքին դիվանագիտական կապիտալը ծառայեցվի ոչ թե իշխանության պահպանմանը, այլ ներքին դիմակայունության եւ դեմոգրաֆիկ անվտանգության հզորացմանը։ Իրական խաղաղությունը ոչ թե զիջումների կամ միջազգային լուսանկարների, այլ սեփական ժողովրդի գիտակցված համախմբման եւ պետականակենտրոնության արդյունք պետք է լինի։ Ժողովրդի ընտրությունը կանգնած է ոչ թե գաղափարների, այլ էքզիստենցիալ վախերի հարթությունում։ «Նախկինների» վերադարձի եւ պատերազմի վերահաս վտանգի կեղծ քարոզը կաթվածահար է անում հասարակության քննադատական մտածողությունը։ Սա ընտրություն չէ հանուն ապագայի, սա ընտրություն է ընդդեմ սարսափի։ Նման պայմաններում իշխանության վերարտադրումը ոչ թե ժողովրդավարության հաղթանակ է, այլ՝ հանրային հուսալքության արձանագրում։

– Իսկ սփյուռքից չե՞ք գալու Հայաստան` ընտրություններին մասնակցելու: Կարծեմ` բավականին մեծ թվով մարդիկ են գալու, որոնք գիտակցում են՝ օրհասական է հայրենիքի վիճակը:

– Հայաստանի Հանրապետության համար վճռական այս պահին սփյուռքի, մասնավորապես՝ Ռուսաստանի հայության զանգվածային վերադարձը եւ մասնակցությունն ընտրական գործընթացներին դուրս է սոսկ քաղաքական նախապատվության շրջանակից։ Պատմականորեն եւ աշխարհաքաղաքականորեն Ռուսաստանը հանդես է եկել որպես Հայաստանի անվտանգային մանդատակիր։ Այսօր այդ մանդատի շուրջ ստեղծված ճգնաժամը եւ վեկտորի կտրուկ փոփոխությունը Հայաստանը դնում են «Արեւելյան պանամայացման» վտանգի տակ։ «Թրամփի ուղին» կարող է արժեզրկել «ժողովրդավարական բրենդը»՝ պետությունը վերածելով սոսկ «միջանցքի», որտեղ անվտանգությունը դառնում է ՌԴ-ԱՄՆ մեծ գործարքի առարկա։ Երբ մանդատակիրը փոխվում է, կամ մանդատը դառնում է առեւտրի առարկա, պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը։ Սա է պատճառը, որ սփյուռքի ներգրավվածությունը դառնում է ազգային ինքնապաշտպանական բնազդի դրսեւորում եւ գոյաբանական պայքար։ Թեեւ գործող օրենսդրությունը ստեղծում է կամքի եւ իրավունքի խզում՝ սահմանափակելով սփյուռքի ձայնը, ՀՀ քաղաքացիություն ունեցող հայրենակիցների ֆիզիկական ներկայությունը վերածվում է հզոր քաղաքական ակտիվիզմի եւ ուղղված է պետությունը լոկ սպասարկող տարածքի վերածելու դեմ։ Սփյուռքի ներկայությունը փաստում է աշխարհին, որ Հայաստանը ոչ թե սահմանափակ ռեսուրսներով տարածք է, այլ՝ համաշխարհային հզոր ցանց։ Սփյուռքի ներկայությունը երկրում կարող է դառնալ այն ուժը, որը կկոտրի պատերազմի վերահաս վտանգի կեղծ քարոզով ձեւավորված «վախի շղթան», հնարավորություն կտա հանրային դիսկուրս բերել ավելի լայն, ազգակենտրոն եւ անզիջում օրակարգ։ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ռիսկային գոտում, եւ մենք՝ սփռված հայերս, հրաժարվում ենք լինել լոկ դիտորդ։ Մենք վերցնում ենք մեզ վրա իրավական պատասխանատվություն՝ ներկայանալով որպես Սենատ՝ երկրորդ պալատ, որի նպատակը ՀՀ-ին ուղղված վտանգների չեզոքացումն է։ Սա այլեւս զուտ ընտրություն չէ, այլ՝ հայրենիքի պաշտպանության գիտակցված եւ կազմակերպված գործողություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վաշինգտոնը սպասում է Թեհրանի պատասխանին․ Դոնալդ Թրամփ

Վաշինգտոնը սպասում է Թեհրանի պատասխանին․ Դոնալդ Թրամփ Sat, 09 May 2026 17:30:23 +0400 Առաջիկա ժամերին…

19 րոպե ago

Նոր Նորքում քաղաքացին պատշգամբից ջուր լցրեց ՔՊ-ականների վրա

Նոր Նորքում քաղաքացին պատշգամբից ջուր լցրեց ՔՊ-ականների վրա Sat, 09 May 2026 17:18:34 +0400 Latest…

30 րոպե ago

Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է

Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է Sat, 09 May 2026 17:15:18 +0400 Վաղը՝ մայիսի 10-ին լրանում…

34 րոպե ago

Սիրիայի նախագահը պաշտոններից ազատել է իր եղբայրներին

Սիրիայի նախագահը պաշտոններից ազատել է իր եղբայրներին Sat, 09 May 2026 17:00:54 +0400 Սիրիայի նախագահ…

48 րոպե ago

Եթե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալվել էին նաև ողջ Արևելքն ու Արևմուտքը

Եթե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալվել էին նաև ողջ Արևելքն ու Արևմուտքը Sat, 09…

1 ժամ ago

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել Sat, 09 May 2026 16:31:06 +0400 Ուկրաինայի հարցով…

1 ժամ ago