Տհասության արդյունք է այդ հայտարարությունը` անմեղսունակություն
Thu, 07 May 2026 23:15:46 +0400
«Կրթության մարդիկ պետք է զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը որպես քաղաքացի պետք է չունենա և չարտահայտի իր դիրքորոշումը, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ` չի՛ թույլատրվելու: Ահազանգի պարագայում յուրաքանչյուր դեպքի մասով օրենքը գործելու է ամբողջ խստությամբ»,- ԱԺ-ում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով առաջիկա օրերին մեկնարկող պաշտոնական քարոզարշավին:
Նախարարն ուսումնական հաստատություններում աշխատող բոլոր քաղաքացիներին խստորեն զգուշացրել է պահպանել օրենքի պահանջը՝ ուսումնական գործընթացը զերծ պահելով քաղաքական քարոզչությունից: Նա ընդգծել է, որ նախորդող տարիներին փոխվել են կրթության ոլորտի բոլոր օրենքները, և շատ հստակ մեխանիզմներ են նախատեսվել նման գործունեության պարագայում՝ սկսած աշխատանքի ազատումից մինչև մանկավարժական գործունեության իրավունքի սահմանափակում։ «Մենք, ըստ անհրաժեշտության, այդ բոլոր քայլերը ձեռնարկելու ենք և հետևողականորեն արձագանքելու ենք բոլոր ահազանգերին»,- հավաստիացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ժողովրդական լավ խոսք կա` «Առաջ դու գողին բռնիր, քանի գողը քեզ չի բռնել»: Այս խոսքերը կարծես ՔՊ-ականների մասին լինի: Տիկին նախարարը վստահաբար գիտի, թե դպրոցներում ովքեր են կուսակցական քարոզով զբաղվում, վստահաբար գիտի որ, օրինակ, Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը ՔՊ-ական է, ամիսներ առաջ մասնակցում էր հակաեկեղեցական արշավներին, Կաթողիկոսի դեմ հայտարարություններ էր անում, հիմա էլ ՔՊ ցուցակում է, սրտիկներ է ցուցադրում: Այս հայտարարությամբ ԿԳՄՍ նախարարն ուզում է տպավորություն թողնել, թե իբրև ընդդիմադիրներն են նման քարոզչություն անում կրթական հաստատություններում, այնինչ իրականությունը լրիվ հակառակն է:
Ինչպես դպրոցների տնօրենները 2018 թվականից առաջ ՀՀԿ-ական էին, այնպես էլ 2018-ից հետո հլուհնազանդ դարձել են ՔՊ-ական: Նաև հարց է առաջանում, թե նախարար Անդրեասյանը ինչպե՞ս է պայքարելու ՔՊ-ական տնօրենների դեմ, ովքեր զօրուգիշեր քաղաքական քարոզչություն են անում դպրոցներում:
Պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Անդրեասյանի հայտարարության մասին, ասում է. «Դպրոցները ՔՊ-ականացված են, դա միանշանակ է: Նախարարի այս հայտարարությունն իրականում ազգայինի դեմ է, հայկականի դեմ է: Այսինքն, եթե օրինակ ինչ-որ մի մանկավարժ, ով ՔՊ-ական էլ չէ, սակայն դասերի ժամանակ ՔՊ-ական թեզեր է առաջ տանում, օրինակ, խոսում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, միանշանակ չի պատժվի: Կամ, ասենք եթե, ինչ-որ մի ուսուցիչ ասի, որ պետք է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատենք, ասի, որ Արցախը մերը չէր, Արարատ սարը մերը չէ, վստահաբար նման ուսուցչին ոչ միայն չեն պատժի, այլև դեռ մի բան էլ կխրախուսեն, կպարգևատրեն, անկախ նրանից, թե տվյալ ուսուցիչը որ կուսակցության անդամ է: Այս մարդկանց թիրախը հայկականությունն է: Իրենք քաղաքական ասելով նկատի ունեն` հայկականություն:
Ցանկացած քարոզ, որը ազգային ինքնության պահպանմանը միտված կլինի, ՔՊ-ականների համար անթույլատրելի է: Ցանկացած ուսուցիչ` եթե դպրոցում խոսի հայկականության օգտին, ստացվում է, որ ինքնըստինքյան խոսում է ՔՊ-ի դեմ: Ինչու, որովհետև ՔՊ-ն հակազգային կուսակցություն է: Ցանկացած ազգայինի օգտին խոսող մարդ անկախ իրենից ՔՊ-ի դեմ է դուրս գալիս: Եթե ինչ-որ մի մանկավարժ` դպրոցում պաշտպանի եկեղեցին, դրական խոսքեր ասի Կաթողիկոսի մասին, ուրեմն դա ՔՊ-ի թշնամին է: Ենթադրենք «Հայ առաքելական եկեղեցու դերը` հայ բազմադարյա պատմության մեջ» դասի շրջանակներում, եթե ուսուցիչը գովաբանի եկեղեցուն, ավելի ճիշտ դա գովաբանել էլ չէ, այլ փաստերի արձանագրում, ապա ստացվում է, որ քաղաքականությամբ է զբաղվում, և ՔՊ-ականներին դեմ է արտահայտվում: Ասել, որ դպրոցում չի կարելի խոսել քաղաքականության մասին, դա էլ է տգիտության նշան: Կան առարկաներ` Հայոց պատմություն, Հասարակագիտություն, որտեղ խոսվում է ընտրական իրավունքից, բարոյական նորմերից, իշխանությունից, առաջնորդությունից, ինչպե՞ս կարող է ուսուցիչը խոսել այս թեմաների մասին և քաղաքականությանը չանդրադառնալ: Տհասության արդյունք է այդ հայտարարությունը, անմեղսունակություն: Այլ հարց է, որ դպրոցները չպետք է կուսակցականացվեն, ինչպես որ հիմա է: Ով չգիտի, որ դպրոցները վաղուց են կուսակցականացվել, իսկ իրենք եկան իշխանության ու շարունակեցին հին ավանդույթները, ավելին` դրանք այնքան զարգացրին, որ հասցրել են իրենց պիկին: Պատմության առարկայից թեմաներ կան, որոնք վերաբերում են Երրորդ Հանրապետության հասարակական, քաղաքական կյանքին, մարտի 1-ին, 2018-ին և այլն: Հիմա ի՞նչ անի մանկավարժը, ասի` ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու այդ թեմաները շրջանցի՞: Կարելի՞ է այդքան տհաս լինել»: