«Հրապարակ»․ Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին` միջազգային երաշխիքներով, հրավիրել Բաքու

«Հրապարակ»․ Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին` միջազգային երաշխիքներով, հրավիրել Բաքու

Sat, 09 May 2026 10:15:53 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է:

– Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը ուղերձ են հղել` բավականին տխուր եւ հուսահատ նոտաներով: Վարդանյանի ուղերձից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում գերիների հայրենադարձման համար: Ռ. Վարդանյանը նաեւ դիմել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեկնի Բաքու` իրեն այցելության, նա, ըստ էության, մերժել էր: Կա՞ն տեղեկություններ, թե ինչ է այժմ տեղի ունենում Բաքվում՝ հայ ռազմագերիների հետ:

– Կա խնդիր, որի մասին բարձրաձայնվում է: Որեւէ մեկի ուշադրությունից չի վրիպել, հավանաբար, որ տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ: Մենք հասկանում ենք, որ նմանատիպ հանդիպումները կարող են լինել բացառապես ՄԻՊ-ի ցանկության արդյունքում: Հայ պատանդները տարբեր ժամանակներում բարձրաձայնել են տարբեր հարցերի, խնդիրների մասին, սակայն դրանց ականջալուր չեն լինում ադրբեջանցի պաշտոնյաները: Հայ գերիները Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են այնպիսի հարցեր, որոնք հենց ՄԻՊ-ի տիրույթում են: Օրինակ` Ադրբեջանի դատարանները չեն տալիս դատավճիռներ, ես չեմ պատկերացնում, թե այստեղ ինչ աշխատանք կարող է անել Հայաստանի ՄԻՊ-ը, որպեսզի դատավճիռները տրամադրվեն: Օրինակ` Հայաստանում կան դատական ակտեր, որոնք հասցեատերերին չեն տրամադրվում, եւ ես լավ չեմ պատկերացնում, թե, օրինակ, Բելգիայի կամ ՌԴ-ի ՄԻՊ-ն ինչպես կարող է լուծել այդ համակարգային խնդիրը: Իմ գիտելիքները եւ փորձը ցույց են տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանները միտված են սեփական երկրում, սեփական իշխանության գործողություններից պաշտպանելու համար: Այս պահին հայ ռազմագերիների իրավունքները խախտվում են Ադրբեջանում, ուստի լավ չեմ պատկերացնում, թե Հայաստանի ՄԻՊ-ն ինչ կարող է անել: Ադրբեջանի ՄԻՊ-ը, իր աշխատանքը անելու փոխարեն, Հայաստանի ՄԻՊ-ի այցելությունն Ադրբեջան կարեւոր է համարում: Ինձ համար՝ որպես ոլորտի մասնագետի, որն ամեն օր արձանագրում է տարբեր ադրբեջանական օրինաչափություններ, խիստ հետաքրքիր է, թե Անահիտ Մանասյանն ինչ հարց կարող է լուծել Ադրբեջանում: Եթե դա ուղղակի շրջայց է, ապա մենք կտեսնենք լուսանկարներ, որոնք ուղղակի կվիզուալիզացնեն խաղաղությունը, այն նույն տրամաբանությամբ, ինչպես քաղհասարակության ներկայացուցիչների այցերի պարագայում է լինում: Բայց եթե ՄԻՊ-ն իսկապես պատասխանատու է իր զբաղեցրած պաշտոնի եւ ստանձնած առաքելության համար, ապա ինձ համար առնվազն հստակ չէ, թե ինչ երաշխիքներով ու կանոններով, ինչ կարգերով նա ունակ կլինի արձանագրել առկա խնդիրները եւ դրանց մասին բարձրաձայնել միջազգայնորեն: Հայաստանի ՄԻՊ-ը չունի նման գործիքներ, նա դառնալու է ընդամենը ադրբեջանական ՄԻՊ-ի կցորդը, որն առայսօր դատարաններին փորձում է համոզել, որ հայերը չեն խոշտանգվում, դեռ մի բան էլ` ապահով վայրում են։ Այս պարագայում ես ավելի վտանգավոր այցելություն, քան կարող է լինել ՄԻՊ-ի այցն Ադրբեջան, ուղղակի չեմ պատկերացնում:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանը նման ցանկություն հայտնել:

– Ռուբեն Վարդանյանն իրավական նյուանսներին կարող է չտիրապետել: Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերի կամարտահայտությունները կարող են փոփոխությունների ենթարկվել՝ պայմանավորված Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքով: Եթե Ադրբեջանում խոշտանգումների կանխարգելման գործառույթ է անհրաժեշտ, ապա դա պետք է լինի միջազգային ձեւաչափով, քանի որ կան դրա գործառույթները: ՀՀ ՄԻՊ-ը, ի տարբերություն Ադրբեջանի ՄԻՊ-ի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է: Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Անահիտ Մանասյանին հրավիրել Բաքու հենց այդ կոմիտեի հովանու ներքո, որպեսզի ՀՀ ՄԻՊ-ն ունենա միջազգայնորեն երաշխավորված գործիքակազմ: Ադրբեջանական կողմը կարող է խոստանալ, որ ցանկացած զեկույց, որը կկազմվի այդ այցի շրջանակում, ենթակա է հրապարակման: Հրապարակված ուղերձներում պետք է արձանագրենք մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիր` դատավճիռների չտրամադրում, ընտանիքի անդամների հետ շփման, տեսակցությունների հետ կապված հարցեր եւ այլն: Ի դեպ, տեսակցությունների մասով հասցեատերերը ՀՀ պետական որոշ մարմիններ են, սակայն ո՛չ ՄԻՊ-ը: ՄԻՊ-ի այցելությունն Ադրբեջան, իմ կարծիքով, ունի քաղաքական կոմպոնենտ, այլ ոչ թե մարդու իրավունքների հետ կապված խնդիրների: Մենք նաեւ խոսել ենք հյուպատոսական այցերի մասին: Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ունի իր քաղաքացիներին տեսակցելու իրավունք, ինչպես նաեւ՝ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու, որոնց արդյունքում կարող են արձանագրվել մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ: Եթե այցելությունը լիներ միջնորդավորված, իսկ դրա համար այցը պետք է կատարեր ՀՀ հյուպատոսարանի աշխատակից կամ ՀՀ պատվիրակ, որը Բաքվում հավատարմագրված այլ հյուպատոսության աշխատակից կարող է լինել, ապա նրանք կարող էին մուտք գործել, ծանոթանալ բոլոր խնդիրներին, եւ դիվանագիտական խողովակով խնդիրները կբարձրաձայնվեին: Մենք բարձրաձայնում ենք այն խնդիրը, որ Հայաստանը պետք է գործիքակազմեր մշակի` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոցելիությունը վերացնելու նպատակով, քանի որ Կարմիր խաչն Ադրբեջանում այլեւս չի ծավալում գործունեություն: Իսկ ինչ վերաբերում է պետական մարմինների այցելություններին, ապա դրանք պետք է միտված լինեն խոշտանգումների բացահայտումներին, դրանց կանխարգելմանը: Մենք չպետք է հարմարվենք մի իրավիճակի, որ Բաքվում հայերը պետք է բանտարկված մնան, իսկ մենք ընդամենը պետք է նրանց տեսակցության հարցն ապահովենք` կարոտը մեղմելու համար, այլ մենք պետք է զբաղվենք նրանց անհապաղ ազատ արձակման հարցով, քանի որ վերջիններս Բաքվի բանտում են հայտնվել ապօրինաբար:

– Եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստան էին այցելել, օրինակ` Ֆրանսիայի նախագահը խոստացավ հայ ռազմագերիների հարցով միջնորդել Ալիեւին: Ի՞նչ եք կարծում, Երեւանում կայացած եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում այս թեման բարձրաձայնվե՞լ է:

– Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որտեղ հստակ ձեւակերպում կար այն մասին, որ ադրբեջանական կողմն անհապաղ պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին: Իհարկե, սա քաղաքական ճնշում ապահովող գործիք է, որն իրականում դեռեւս չի տվել արդյունք, սակայն շատ կարեւոր է, որ քաղաքական քայլեր էլ արվեն այս ամենի համատեքստում: Ադրբեջանական կողմը շատ սուր արձագանքեց դրան, ինչը նշանակում է, որ այդ պահանջն Ադրբեջանի պետական քաղաքականությանը դեմ էր: Ադրբեջանի նախագահը նշեց, որ հայ բանտարկյալներն իր բանտարկյալներն են, եւ եվրոպացիները ոչ մի գործ չունեն իր բանտարկյալների հետ: Նա փորձեց ցույց տալ, որ դա ներպետական խնդիր է, ներքին հարց է, իսկ միջազգային կառույցները չպետք է միջամտեն այդ հարցերին: Մենք տեսանք, որ այդ բանաձեւի ընդունումն ադրբեջանական իշխանությունները ցավագին ընդունեցին: Կողմերի քաղաքական հարաբերությունների կասեցումը եւս դեմարշ է հիշեցնում: Ադրբեջանական կողմը, ամեն դեպքում, վերջնականապես չի խզի իր կապերը, քանի որ դա իր շահերից չի բխում, այն ունի նաեւ առեւտրային տարրեր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին Մոսկվայի շքերթի մասին ծաղրալից հրամանագիր է ստորագրել

Զելենսկին Մոսկվայի շքերթի մասին ծաղրալից հրամանագիր է ստորագրել Sat, 09 May 2026 14:30:39 +0400 Դոնալդ…

27 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի Սարգսյան…

31 րոպե ago

Իմ զինակից եղբայրները եւ ես բարձր ենք գնահատում պարոն Ծառուկյանի քայլը

Իմ զինակից եղբայրները եւ ես բարձր ենք գնահատում պարոն Ծառուկյանի քայլը Sat, 09 May 2026…

34 րոպե ago

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ Sat, 09 May 2026 14:15:33 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

42 րոպե ago

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․ Sat, 09 May 2026 13:45:21 +0400 Հաղթանակի…

1 ժամ ago

Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին

Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Sat, 09 May 2026 13:41:32…

1 ժամ ago