«Հրապարակ»․ Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին` միջազգային երաշխիքներով, հրավիրել Բաքու

«Հրապարակ»․ Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին Անահիտ Մանասյանին` միջազգային երաշխիքներով, հրավիրել Բաքու

Sat, 09 May 2026 10:15:53 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է:

– Բաքվի բանտից Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը ուղերձ են հղել` բավականին տխուր եւ հուսահատ նոտաներով: Վարդանյանի ուղերձից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում գերիների հայրենադարձման համար: Ռ. Վարդանյանը նաեւ դիմել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մեկնի Բաքու` իրեն այցելության, նա, ըստ էության, մերժել էր: Կա՞ն տեղեկություններ, թե ինչ է այժմ տեղի ունենում Բաքվում՝ հայ ռազմագերիների հետ:

– Կա խնդիր, որի մասին բարձրաձայնվում է: Որեւէ մեկի ուշադրությունից չի վրիպել, հավանաբար, որ տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ: Մենք հասկանում ենք, որ նմանատիպ հանդիպումները կարող են լինել բացառապես ՄԻՊ-ի ցանկության արդյունքում: Հայ պատանդները տարբեր ժամանակներում բարձրաձայնել են տարբեր հարցերի, խնդիրների մասին, սակայն դրանց ականջալուր չեն լինում ադրբեջանցի պաշտոնյաները: Հայ գերիները Ադրբեջանի ՄԻՊ-ի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են այնպիսի հարցեր, որոնք հենց ՄԻՊ-ի տիրույթում են: Օրինակ` Ադրբեջանի դատարանները չեն տալիս դատավճիռներ, ես չեմ պատկերացնում, թե այստեղ ինչ աշխատանք կարող է անել Հայաստանի ՄԻՊ-ը, որպեսզի դատավճիռները տրամադրվեն: Օրինակ` Հայաստանում կան դատական ակտեր, որոնք հասցեատերերին չեն տրամադրվում, եւ ես լավ չեմ պատկերացնում, թե, օրինակ, Բելգիայի կամ ՌԴ-ի ՄԻՊ-ն ինչպես կարող է լուծել այդ համակարգային խնդիրը: Իմ գիտելիքները եւ փորձը ցույց են տալիս, որ մարդու իրավունքների պաշտպանները միտված են սեփական երկրում, սեփական իշխանության գործողություններից պաշտպանելու համար: Այս պահին հայ ռազմագերիների իրավունքները խախտվում են Ադրբեջանում, ուստի լավ չեմ պատկերացնում, թե Հայաստանի ՄԻՊ-ն ինչ կարող է անել: Ադրբեջանի ՄԻՊ-ը, իր աշխատանքը անելու փոխարեն, Հայաստանի ՄԻՊ-ի այցելությունն Ադրբեջան կարեւոր է համարում: Ինձ համար՝ որպես ոլորտի մասնագետի, որն ամեն օր արձանագրում է տարբեր ադրբեջանական օրինաչափություններ, խիստ հետաքրքիր է, թե Անահիտ Մանասյանն ինչ հարց կարող է լուծել Ադրբեջանում: Եթե դա ուղղակի շրջայց է, ապա մենք կտեսնենք լուսանկարներ, որոնք ուղղակի կվիզուալիզացնեն խաղաղությունը, այն նույն տրամաբանությամբ, ինչպես քաղհասարակության ներկայացուցիչների այցերի պարագայում է լինում: Բայց եթե ՄԻՊ-ն իսկապես պատասխանատու է իր զբաղեցրած պաշտոնի եւ ստանձնած առաքելության համար, ապա ինձ համար առնվազն հստակ չէ, թե ինչ երաշխիքներով ու կանոններով, ինչ կարգերով նա ունակ կլինի արձանագրել առկա խնդիրները եւ դրանց մասին բարձրաձայնել միջազգայնորեն: Հայաստանի ՄԻՊ-ը չունի նման գործիքներ, նա դառնալու է ընդամենը ադրբեջանական ՄԻՊ-ի կցորդը, որն առայսօր դատարաններին փորձում է համոզել, որ հայերը չեն խոշտանգվում, դեռ մի բան էլ` ապահով վայրում են։ Այս պարագայում ես ավելի վտանգավոր այցելություն, քան կարող է լինել ՄԻՊ-ի այցն Ադրբեջան, ուղղակի չեմ պատկերացնում:

– Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուբեն Վարդանյանը նման ցանկություն հայտնել:

– Ռուբեն Վարդանյանն իրավական նյուանսներին կարող է չտիրապետել: Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերի կամարտահայտությունները կարող են փոփոխությունների ենթարկվել՝ պայմանավորված Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքով: Եթե Ադրբեջանում խոշտանգումների կանխարգելման գործառույթ է անհրաժեշտ, ապա դա պետք է լինի միջազգային ձեւաչափով, քանի որ կան դրա գործառույթները: ՀՀ ՄԻՊ-ը, ի տարբերություն Ադրբեջանի ՄԻՊ-ի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ է: Ի՞նչն է խանգարում Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Անահիտ Մանասյանին հրավիրել Բաքու հենց այդ կոմիտեի հովանու ներքո, որպեսզի ՀՀ ՄԻՊ-ն ունենա միջազգայնորեն երաշխավորված գործիքակազմ: Ադրբեջանական կողմը կարող է խոստանալ, որ ցանկացած զեկույց, որը կկազմվի այդ այցի շրջանակում, ենթակա է հրապարակման: Հրապարակված ուղերձներում պետք է արձանագրենք մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիր` դատավճիռների չտրամադրում, ընտանիքի անդամների հետ շփման, տեսակցությունների հետ կապված հարցեր եւ այլն: Ի դեպ, տեսակցությունների մասով հասցեատերերը ՀՀ պետական որոշ մարմիններ են, սակայն ո՛չ ՄԻՊ-ը: ՄԻՊ-ի այցելությունն Ադրբեջան, իմ կարծիքով, ունի քաղաքական կոմպոնենտ, այլ ոչ թե մարդու իրավունքների հետ կապված խնդիրների: Մենք նաեւ խոսել ենք հյուպատոսական այցերի մասին: Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ունի իր քաղաքացիներին տեսակցելու իրավունք, ինչպես նաեւ՝ հյուպատոսական ծառայություններ տրամադրելու, որոնց արդյունքում կարող են արձանագրվել մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ: Եթե այցելությունը լիներ միջնորդավորված, իսկ դրա համար այցը պետք է կատարեր ՀՀ հյուպատոսարանի աշխատակից կամ ՀՀ պատվիրակ, որը Բաքվում հավատարմագրված այլ հյուպատոսության աշխատակից կարող է լինել, ապա նրանք կարող էին մուտք գործել, ծանոթանալ բոլոր խնդիրներին, եւ դիվանագիտական խողովակով խնդիրները կբարձրաձայնվեին: Մենք բարձրաձայնում ենք այն խնդիրը, որ Հայաստանը պետք է գործիքակազմեր մշակի` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խոցելիությունը վերացնելու նպատակով, քանի որ Կարմիր խաչն Ադրբեջանում այլեւս չի ծավալում գործունեություն: Իսկ ինչ վերաբերում է պետական մարմինների այցելություններին, ապա դրանք պետք է միտված լինեն խոշտանգումների բացահայտումներին, դրանց կանխարգելմանը: Մենք չպետք է հարմարվենք մի իրավիճակի, որ Բաքվում հայերը պետք է բանտարկված մնան, իսկ մենք ընդամենը պետք է նրանց տեսակցության հարցն ապահովենք` կարոտը մեղմելու համար, այլ մենք պետք է զբաղվենք նրանց անհապաղ ազատ արձակման հարցով, քանի որ վերջիններս Բաքվի բանտում են հայտնվել ապօրինաբար:

– Եվրոպացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստան էին այցելել, օրինակ` Ֆրանսիայի նախագահը խոստացավ հայ ռազմագերիների հարցով միջնորդել Ալիեւին: Ի՞նչ եք կարծում, Երեւանում կայացած եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում այս թեման բարձրաձայնվե՞լ է:

– Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որտեղ հստակ ձեւակերպում կար այն մասին, որ ադրբեջանական կողմն անհապաղ պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին: Իհարկե, սա քաղաքական ճնշում ապահովող գործիք է, որն իրականում դեռեւս չի տվել արդյունք, սակայն շատ կարեւոր է, որ քաղաքական քայլեր էլ արվեն այս ամենի համատեքստում: Ադրբեջանական կողմը շատ սուր արձագանքեց դրան, ինչը նշանակում է, որ այդ պահանջն Ադրբեջանի պետական քաղաքականությանը դեմ էր: Ադրբեջանի նախագահը նշեց, որ հայ բանտարկյալներն իր բանտարկյալներն են, եւ եվրոպացիները ոչ մի գործ չունեն իր բանտարկյալների հետ: Նա փորձեց ցույց տալ, որ դա ներպետական խնդիր է, ներքին հարց է, իսկ միջազգային կառույցները չպետք է միջամտեն այդ հարցերին: Մենք տեսանք, որ այդ բանաձեւի ընդունումն ադրբեջանական իշխանությունները ցավագին ընդունեցին: Կողմերի քաղաքական հարաբերությունների կասեցումը եւս դեմարշ է հիշեցնում: Ադրբեջանական կողմը, ամեն դեպքում, վերջնականապես չի խզի իր կապերը, քանի որ դա իր շահերից չի բխում, այն ունի նաեւ առեւտրային տարրեր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Մենք գիտենք՝ ինչպես լուծել խնդիրները»․ Արման Թաթոյանը՝ «Միասնության թևերի» և մյուս քաղաքական ուժերի տարբերությունների մասին

«Մենք գիտենք՝ ինչպես լուծել խնդիրները»․ Արման Թաթոյանը՝ «Միասնության թևերի» և մյուս քաղաքական ուժերի տարբերությունների մասին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով