Եվրոպացի ղեկավարները երեւի նախանձից կանաչել են՝ ինչպես կասեին ֆրանսիացիները
Sat, 09 May 2026 13:15:37 +0400
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասին խոսելով՝ քաղաքապետ Ավինյանն ասել է, թե նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ նման բան տեղի չի ունեցել։
Եվ, այո, արդարեւ՝ դա ճիշտ ձեւակերպում է։ Տիգրան Մեծից մինչեւ մեր օրերը հայերը հայտնի էին աշխարհին, եվրոպական այդ երկրների ղեկավարները գոնե շատ լավ գիտեն՝ ինչերի միջով է անցել հայը, մինչեւ հասել է մեր օրերը։ Եվ բնական է, որ առիթը բաց չթողնելով՝ կգային տեսնելու հայի այն նոր տեսակը, որն իրենց հայտնի չէ, իրենց իմացածի հակառակն է։
Եվ, փաստորեն, եկել են տեսնելու հայի այն տեսակը, որը սեփական արժանապատվության հաշվին թշնամի հարեւանին բարեկամ է անվանում, թքում են երեսին, ասում է՝ անձրեւ է, սպառնում են, ասում է՝ սիրում ենք ջերմ, եղբայրական սիրով, քանդում, ավիրում են վայրագաբար հայի սրբությունները, ասում են, որ իրենց եղբայրների կոտրված սրտում կա արդար վրեժ, հիմա իրենց հողն է, ինչ ուզում են՝ անում են։ Ահա, եկել են տեսնելու, թե ինչպես է մի փոքրիկ երկրի փոքրիկ կուսակցություն որոշել, որ փոխելու է աշխարհի կարգը, այլեւս զոհն է որոշում՝ լինի՞ խաղաղություն, թե՞ ոչ, մորթվողն է որոշում՝ ապրի՞, թե՞ մեռնի, տարածքներ կորցնողն է հերոսանում եւ կարողանում հերոսների պատիվը դարձնել առոչինչ։ Ինչպե՞ս։
Այդպիսի համարձակությունը տեսնելու բան է։ Ո՞վ չի գա եւ ո՞վ չի նախանձի։ Գիտե՞ք, թե ինչպես կնախանձեն, կանաչ կդառնան նախանձից, կսեղմեն այդ ձեռքն ու կասեն․ «Բայց դու կեցցես, արեցիր մի բան, որը մենք չէինք կարող ո՛չ Տիգրան Մեծի օրերում, ո՛չ այսօր, ո՛չ էլ երբեւէ։ Այսքան ձախողումներ մարսե՞լ։ Տո, մեզ մեկ սխալ բառը չեն ներում, մեկ ձախողում չենք մարսի, մեզ օդ կթռցնեն ՀԿ-ներն ու իրավապաշտպանները, հայրենասերներն ու կանաչները, դեղիններն ու երկնագույնները։ Ախր, դու բոլորին ես նեղացրել ու ակնկալում ես հերթական հաղթանակ, ասա՛ այդ գաղտնիքը մեզ․․․»։
Իհարկե, նրանցից շատերն այնքան արժանապատիվ են, որ իրենք են հեռանում, երբ որեւէ խոստում ի վիճակի չեն լինում կատարել՝ բոլորովին անկախ իրենց կամքից։ Նրանց համար պաշտոնը ժամանակավոր մի բան է, գալիս են դժվարությամբ, հեռանում՝ հեշտությամբ։ Կառչել պաշտոնից՝ նրանք չեն կարող, դա թույլ չի տա ո՛չ նրանց օրենսդրությունը, ո՛չ հասարակությունը եւ ո՛չ էլ սեփական դաստիարակությունը։
Պարտությունից հետո երկրորդ անգամ ընտրվելու հավակնություն ունեցող եւ նույնիսկ հավանականություն ունեցող եւ անգամ դրանցից մեկը հաջողությամբ հաղթահարած եւ մեկ ամբողջ ժամկետ ամեն տեսակ ստերով ու նորանոր ձախողումներով կառավարած առաջնորդին ով ասես, կուզի գա՝ մոտիկից տեսնի, հետը նկարվի։ Դա, ըստ էության, բացառիկ երեւույթ է եւ ապագայում եւս միշտ լինելու է բացառիկ։
Աշխարհի կարգը չի փոխվելու։ Սեփական երկրի տարածքը փոքրացրած եւ դրա ապացույցը կրծքին ամրացրած ղեկավարն աշխարհում ամեն տեղ հեռանալու է կառավարման ղեկից, դատվելու է։ Եթե անգամ այդ հայրենիքը մի թոկ էր ու դարդ էր ամբողջությամբ, միեւնույն է, նա, ով լինելու է այդքան հանդուգն ու համարձակ, որ այդ թոկը տալու է ուժեղ թշնամուն, չի հերոսանալու, նա հեռանալու է։ Դա շատ լավ գիտակցում են նրանք, ովքեր, համենայնդեպս, սոլիդարություն են ցուցաբերում այդ վիճակում հայտնված իրենց գործընկերոջ նկատմամբ, թերեւս վիճակի բացառիկությունը, ինչու ոչ՝ նաեւ իրենց որոշակի մասնակցությունն այդ ձախողումներում, ստիպում է առաջին անգամ լինելով՝ բոլորով գալ ու ընտրություններից անմիջապես առաջ ամեն կերպ աջակցել Փաշինյանին, իսկ մտքում չհավատալ, որ այդ աջակցությունը կարող է բերել գործնականում գոնե մեկ ավելի ձայն։
Եվ, ուրեմն, Տիգրան Ավինյանին պետք է բացատրել, որ աշխարհում Տիգրան Մեծի հետ ինքն ունի լոկ մեկ ընդհանրություն, եւ դա սահմանափակվում է միայն հրաշալի անունով։ Մնացած ամեն ինչ՝ իր հոգեկերտվածքում, կապ չունի Տիգրան Մեծի հետ։ Դրա համար էլ եկել են մարդիկ, որ տեսնեն իրեն։ Ոչ միայն իրեն, այլեւ՝ իրեն ընտրողին։
Մինչ օրս չի եղել մի ղեկավար, որը կարող էր, չափսոսելով սեփական մատաղ սերնդի կյանքը, չափսոսելով հայերի տանջանքն ու թափած արյունը, չհիշելով նախնիների իղձերն ու պատգամները, չսիրելով հայրենիքի մի չքնաղ հատված՝ այն տալ թշնամուն, կործանել, մոռանալ, ուրանալ եւ աջակցություն ստանալ ժողովրդից։ Դա լսվա՞ծ բան է։ Ո՞վ կարող է այդ մարդկանցից, որ եկել էին Փաշինյանին աջակցելու, պատկերացնել, որ նման մասշտաբի ձախողումներից հետո իրենց երկրների՝ ամեն ինչի համար բողոքի ցույց անող ժողովուրդները կթողնեին, որ մեկ օր, մեկ ժամ ավելի իրենք մնային երկրի ղեկին։
Եվ, ուրեմն, Ավինյանը չպետք է զարմանա, որ եվրոպական երկրները եկել են տեսնելու այն բացառիկ հերոսներին կամ գուցե՝ հակահերոսներին, որոնք պատերազմում պարտվելուց եւ սեփական երկիրն ու հայրենակիցներին ծայրահեղ անհարմար ու անպատիվ վիճակում դնելուց հետո մեկ անգամ արդեն ընտրվել են ու վստահությամբ շարունակում են սեփական երկրի նկատմամբ հաղթարշավն ու պարտությունը թշնամու նկատմամբ՝ նորանոր դրվագներով։
Դա դեռ ամենը չէ։ Ո՞վ կարող է ամեն րոպե թքել ռազմավարական գործընկերոջ մեջքին, իսկ դեմքին ժպտալ ու քծնել եւ մարսել այդ վարքագիծը։ Եվ այդ գործընկերը ոչ այլ ոք է, քան Պուտինը։ Եվրոպացիները չեն էլ պատկերացնում, թե որտեղ է գաղտնիքը։
Եվ, հետեւաբար, հպարտանալու բան քիչ կա։ Հակառակը։ Այս բացառիկ հավաքը մի բան է ապացուցում՝ որ իրենք իրոք բարդ իրավիճակում են, այնքան բարդ, որ եվրոպացի գործընկերները չեն զլացել նրանց աջակցող այդ հավաքին գալ, քանի որ հասկանում են, որ իշխանությունը կորցնելը հիմա նրանց համար ավելի բարդ է, քան այս իրավիճակում այն պահելը։ Ախր, իշխանությունը պահելուց հետո էլ է նրանց կյանքը բարդ լինելու։ Դեռ կան խնդիրներ, որոնց նրանք առնչվելու են, դեռ խորացնելու են Տիգրան Մեծից մինչեւ մեր օրերը չտեսնված ձախողումները։ Այդ ամենը լինելու է, եթե մնա իշխանության։ Բայց դրանք գոնե հասկանալի եւ փորձված բարդություններ են։ Իսկ ի՞նչ բարդություններ կունենան իշխանությունը կորցնելուց հետո, ահա՝ դա է, որ հասկանալի չէ, ու այդ մասով, ահա, եվրոպացիները ՔՊ-ականներին, այդ թվում՝ Ավինյանին, ամենեւին չեն նախանձի։
Արեգ Մարգարյան