«Հրապարակ»․ Ի՞նչ է սա, եթե ոչ հիբրիդային պատերազմ

«Հրապարակ»․ Ի՞նչ է սա, եթե ոչ հիբրիդային պատերազմ

Tue, 19 May 2026 10:45:05 +0400


Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն իր ու իր թիմի համար շարունակում է ուղեկցվել «տհաճ անակնկալներով»։ Հերթական դրվագին երեկ ականատես եղանք. 44-օրյա պատերազմում բռնի անհետացած բարձրաստիճան սպա Հրանտ Պապիկյանի քույրը քարոզարշավի ժամանակ մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ ասաց․ «Այն, ինչը որ պետք է ասեմ, Դուք բազմիցս լսել եք, բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռվեց՝ այսքան մոտիկ տարածությունից նայել Ձեր աչքերի մեջ եւ ասել, որ Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, Դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Դուք ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ եղբորն եք գողացել, Դուք գողացել եք իմ ուրախությունը։ Դուք գիտե՞ք՝ քանի բռնի անհետացած եւ կամ անհայտ կորած բարձրաստիճան սպա ունենք, քանի՞ հատ ունենք։ Դուք մեզ կոտորել եք»։ Այս ելույթից Փաշինյանն ընկավ հոգեխանգարմունքի մեջ, կորցրեց ինքնատիրապետումը, սկսեց քաշքշել տիկնոջը։ «Դուք կներկայանա՞ք, ․․․ բժշկական գիտությունների թեկնածու, որտե՞ղ եք աշխատում Դուք, որտե՞ղ եք աշխատում, մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել։ Ուրեմն, ուրեմն, լսե՛ք, լսե՛ք․․․ ի՞նչն եմ քանդում։ Եթե Դուք Ռոբն եք, ես Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու, Ռոբին կզացնելու եմ ու կզացնելու եմ»,- գոռալով ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացին արձագանքեց․ «Ես հայ եմ, կզած մարդը Դուք եք»։

Փաշինյանը գոռոցով շարունակում էր․ «Ռոբը նստելու ա, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ սատկացնելու․․․»։ Հետո քաշեց կնոջ ձեռքից․ «Հլը մի րոպե մի գնա․․․․ էն մասկեքով, մասկեքով, որ ղարաբաղյան ակցենտով խոսում են, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարրի ֆորսաժով փախել են պատերազմից․․․․․ Ռոբիդ կզացնելու եմ, չոքըցնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուդ էլ եմ չոքացնելու։ Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք, եւ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում․․․ վիդեոն, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը, ա՛յ ստահակներ, ա՛յ փախածներ, ա՛յ, ա՛յ, մեր էրեխեքին հակառակորդի առաջ մենակ․․․, Ղարաբաղի ակցենտով, մասկեքով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, հանեք ձեր մասկեքը՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու լակոտներ, չոքըցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը»,- չէր հանգստանում նա:

ԵՊՀ դոցենտ, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը, մեզ հետ զրույցում խոսելով Նիկոլ Փաշինյանի փողոցային բառապաշարի, նրա քարոզարշավների ու սպառնալիքների մասին, ասաց. «Մեծ տագնապով նկատում եմ, որ օրեցօր նախընտրական քարոզարշավն ավելի ու ավելի է վերածվում ատելության խոսքի տարածման, բռնարարքների եւ բռնաճնշումների մի մեծ շղթայի: Դրա բացատրությունը կարող է լինել երկու հարթության վրա: Առաջինն այն է, որ իշխանությունը` Փաշինյանի գլխավորությամբ, առաջին անգամ առերեսվում է ոչ թե «ուրախ ավտոբուսի» բնակիչների, այլ ուղղակի հայ քաղաքացիների հետ: Փաշինյանն ուզում է մարդկանց հետ պայմանագիր կնքել, սակայն այդ պայմանագիրը ոչ միայն վաղուց պատռված է, այլեւ մարդիկ ունեն մեծ դժգոհություն, զայրույթի մեծ ալիք: Փաշինյանի ներսի խուճապն այլեւս անկառավարելի է: Իսկ հոգեբանորեն, երբ խուճապը մեծանում է, դրսեւորումները դառնում են վայրագ: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը կորցնում իր հավասարակշռությունը՝ առերեսվելով քաղաքացիների հետ: Վերջերս Արաբկիրում նրան առաջարկեցին փոխել իր բառապաշարը, եւ նա, որպես արդարացում, ասաց, որ իր վրա աշխատում է, սակայն այսօր տեղի ունեցածը հերթական անգամ փաստում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում իր թերությունների վրա աշխատել: Նրա վարքը, նրա բառապաշարն օրեցօր ավելի անթույլատրելի են դառնում: Այս ամենի երկրորդ հարթությունն էլ այն է, որ իշխանությունները սիրում են ինչ-որ հիբրիդային պատերազմի մասին խոսել: Անգամ Եվրոպայից օգնություն խնդրեցին, որպեսզի այն կանգնեցնեն եւ այլն: Ես անձամբ տեսնում եմ հիբրիդային պատերազմի հետքեր: Օրինակ` կիրակի օրը մի զարհուրելի լուր ստացանք, որ քաղաքացին, որը պատռել է ՔՊ-ի նախընտրական պաստառը, հայտնվել է հոգեբուժական կենտրոնում եւ ինքնավնասումն ավարտին հասցնելով` վերջ է տվել իր կյանքին: Սոսկալի երեւույթ է, ի՞նչ էր արել տվյալ քաղաքացին՝ ընդամենը պատռել էր ՔՊ-ի պաստառը: Սա ակնհայտ հանցագործություն է: Քաղաքացին քրեական զանցանք չի կատարել: Նա ընդամենը կարող էր տուգանվել 100 հազար դրամի չափով: Դրա նախորդ օրն էլ կանադահայ մի կին, որը մատիտով փորձել էր ՔՊ-ի պաստառի վրա նշումներ անել, ձերբակալվել էր: Ի՞նչ է այն բժշկի անունը, որն Արմեն Հովհաննիսյանին, որպես հոգեկան խնդիրներ ունեցողի, տեղափոխել է բուժհաստատություն: Այնտեղ քաղաքացին պետք է ապահով պայմաններում պահվեր, այնտեղ հատուկ հսկողություն պետք է իրականացվեր, անգամ հատուկ հագուստ պետք է հագցվեր քաղաքացուն, որպեսզի նա չդիմեր ինքնավնասման: Ի՞նչ է սա, եթե ոչ հիբրիդային պատերազմ: Իրավապահները կատարել են հանցագործություն եւ պետք է պատասխան տան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պուտինը տեսաուղերձ է հղել ՉԺՀ քաղաքացիներին․ այսօր մեկնում է Չինաստան

Պուտինը տեսաուղերձ է հղել ՉԺՀ քաղաքացիներին․ այսօր մեկնում է Չինաստան Tue, 19 May 2026 11:30:07…

8 րոպե ago

Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով․ հայտարարություն

Վարչապետը սպառնում է քաղաքական մրցակիցներին հաշվեհարդարով․ հայտարարություն Tue, 19 May 2026 11:25:23 +0400 Քաղաքական իրավունքների…

13 րոպե ago

Արամ Մանուկյանի պապիկին հեռացրին հավաքի վայրից

Արամ Մանուկյանի պապիկին հեռացրին հավաքի վայրից Tue, 19 May 2026 11:23:15 +0400 Քաղաքացին միջադեպ է…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Ստացվում է, որ Փաշինյանը եւ՛ պատերազմ բերող է, եւ՛ ինքնասպանության հասցնող

«Հրապարակ»․ Ստացվում է, որ Փաշինյանը եւ՛ պատերազմ բերող է, եւ՛ ինքնասպանության հասցնող Tue, 19 May…

23 րոպե ago

Մանրամասներ Հրանտ Պապիկյանի սխրանքներից

Մանրամասներ Հրանտ Պապիկյանի սխրանքներից Tue, 19 May 2026 11:08:34 +0400 «44-օրյա պատերազմում անհետ կորած ռազմական…

30 րոպե ago

Երբ կինս լսեց, որ Փաշինյանը սպառնում է Կարապետյանի և մյուսների զավակներին․․․

Երբ կինս լսեց, որ Փաշինյանը սպառնում է Կարապետյանի և մյուսների զավակներին․․․ Tue, 19 May 2026…

38 րոպե ago