Տնօրենը 9 ամիս ընդունելություն է խնդրել ԿԳՄՍ նախարարից․ չի ընդունել
Thu, 21 May 2026 12:45:55 +0400
Դիլիջանի բազմագործառութային քոլեջից մեզ են դիմել` խնդրելով չհրապարակել իրենց անունները, եւ մտահոգություն են հայտնել քոլեջի վիճակի հետ կապված։ Վահագն Հովհաննիսյանը 2022թ․-ից աշխատել է որպես Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն։ 2024 թ․ հուլիսին Դիլիջանի պետական քոլեջը եւ Դիլիջանի բժշկական քոլեջը միավորել են, միավորված Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ինքը` Վ․ Հովհաննիսյանը։ Միավորման գործընթացը բարդ է եղել, սակայն Հովհաննիսյանն այն իրականացրել է առանց բարդությունների․ ոչ մի աշխատող չի կրճատվել, բողոքներ չեն եղել։ Քոլեջների միավորումից հետո քոլեջի կառավարման խորհուրդը պետք է նիստ հրավիրեր, տնօրենի մրցույթ անցկացներ։ Սակայն քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նիստ չի հրավիրել։ Երկար ձգձգումներից հետո՝ 2025թ․ հունվարին, քոլեջի կառավարման խորհուրդը նշանակել է քոլեջի տնօրենի ընտրություն, տնօրենի միակ թեկնածուն եղել է Վ․ Հովհաննիսյանը։ Սակայն մրցույթը չի կայացել, քանի որ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել այդ օրը։ Նախարարությունից հայտնել են, որ պատճառը ծանրաբեռնվածությունն է։ Դրանից հետո պարբերաբար քոլեջի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթներ են հայտարարվել, որոնք չեն կայացել՝ կրկին նախարարության ներկայացուցչի չներկայանալու պատճառով։ ԿԳՄՍՆ-ն ամեն ինչ արել է, որ քվորում չլինի, մրցույթը չկայանա:
Վերջին 2 մրցույթներին մասնակցել է նաեւ Ռուզան Դավթյանը, որը վերջերս է ձեռք բերել տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու իրավունք վերապահող հավաստագիր։ Ակնհայտ է, որ նախարարությունը ժամանակ է ձգել, որ վերջինս ստանա հավաստագիր եւ մասնակցի մրցույթին: Դիլիջանի քոլեջից մեզ հայտնեցին, որ դրսից որոշ ուժեր փորձել են ազդել քոլեջի կառավարման խորհրդի անդամների վրա, որպեսզի նրանք քվեարկեն Ռ․ Դավթյանի օգտին, սակայն դա չի ստացվել։ Դրանից հետո էլի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթներին։ Քոլեջի աշխատակիցները կարծում են, որ Ռուզան Դավթյանին քոլեջի տնօրեն դարձնելու ձեռնարկին մասնակցել է Դիլիջանի համայնքապետի խորհրդական Նոնա Գրիգորյանը, որը կապեր ունի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հետ։ Այդ ընթացքում Վ․ Հովհաննիսյանը 9 ամիս շարունակ ընդունելություն է խնդրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից, սակայն ընդունելության չի արժանացել։
2025թ․ հուլիսին նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանն ընդունել է Վ․ Հովհաննիսյանին, հայտնել, որ նրան քոլեջի տնօրենի թեկնածու չեն դիտարկում, քանի որ ներքին խողովակներով իմացել են, որ «Հովհաննիսյանը կրթության որակ չի ապահովում»։ Եվ փոխնախարարը Վ․ Հովհաննիսյանից պահանջել է ազատվել պաշտոնից, սակայն Հովհաննիսյանը դիմում չի գրել։ Նա հասկացել է, թե որ «ներքին խողովակներն» են հովանավորել Ռուզան Դավթյանի թեկնածությունը եւ ինչու են իր կատարած աշխատանքի մասին սուտ տեղեկություններ հայտնել ԿԳՄՍ նախարարություն։ Փոխնախարար Արաքսիա Սվաջյանը դժգոհ է մնացել, որ Վ․ Հովհաննիսյանն ազատման դիմում չի գրել։ 2025թ․ սեպտեմբերի 11-ին Ա․ Սվաջյանի գործավարուհին զանգահարել է Վ․ Հովհաննիսյանին եւ հայտնել, որ հաջորդ օրը նախարարի տեղակալը սպասում է իրեն։ Այդ հանդիպման ժամանակ Սվաջյանը Վ․ Հովհաննիսյանից կրկին պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել։ Փոխնախարարը քոլեջի տնօրենի ԺՊ-ի հետ զրույցում չի հերքել, որ սատարում է Ռուզան Դավթյանի թեկնածությանը։ 2025թ․ նոյեմբերին Վ․ Հովհաննիսյանը նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ հայտնել է քոլեջում կատարվածի մասին եւ նշել․ «ԿԳՄՍ նախարարը եւ տիկին Սվաջյանը քոլեջների միաձուլումից հետո երբեւէ չեն եղել քոլեջում, տեղում չեն հետեւել դասապրոցեսներին, չեն տեսել, թե ինչպիսի բարձր մակարդակով են ուսանողները հանձնում պետական ավարտական քննությունները, երբեւէ չեն հետաքրքրվել քոլեջի ճակատագրով, չեն տեսել, թե արդեն կրկնապատկված ուսանողությամբ եւ կրկնապատկված աշխատակազմով ինչպիսի վատթար պայմաններում ենք աշխատում․ կոմունիկացիաները գտնվում են անմխիթար վիճակում, ջեռուցում չկա, մեծ ծախսեր պահանջող վերանորոգման խնդիրներ կան»։
Քոլեջի աշխատակիցները կարծում են, որ ԿԳՄՍ նախարարությունը 2 տարի օգտագործել է Վ․ Հովհաննիսյանի ներուժը, որպեսզի միավորումից ձեւավորված քոլեջի աշխատանքը հունի մեջ ընկնի, ու դրանից հետո իրենց թեկնածու Ռ․ Դավթյանին տնօրեն նշանակեն։ 2026թ․ ապրիլին Դիլիջանի բազմագործառութային քոլեջում ոչ պլանային տեսչական ստուգումներ են իրականացվել, ոչ էական խախտումների համար մայիսի 13-ին Վ․ Հովհաննիսյանին պաշտոնից ազատել են։ Տեսչության աշխատակիցը քոլեջում ասել է, որ նման փոքր խախտումների համար այլ քոլեջների տնօրեններին նույնիսկ նկատողություն չեն տալիս: