Որ ուղին կընտրեն․ Չեղարկել ընտրությունները, կալանավորել ընդդիմության առաջնորդներին

Որ ուղին կընտրեն․ Չեղարկել ընտրությունները, կալանավորել ընդդիմության առաջնորդներին

Thu, 21 May 2026 18:45:30 +0400


Ռուսալեզու The insider էլեկտրոնային պարբերականի https://theins.ru-ի հրապարակումը կարելի է համարել արեւմտյան հատուկ ծառայությունների ուղեցույցը՝ փաշինյանական իշխանության ապագա գործողությունների համար: «Բռնեք «Մորուքին»։ ԱԴԾ-ի, ԳՀՎ-ի եւ ԱՀԾ-ի ո՞ր գործակալներն են ուղարկվել Հայաստան՝ Փաշինյանի դեմ պայքարելու համար» վերնագրով հրապարակումը կարող է հիմք դառնալ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տապալելու եւ երկրում բացարձակ բռնապետություն հաստատելու համար։ Փաշինյանը եւ նրան կից գործող քարոզչական թիմը, այնպիսին, ինչպիսին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է, արդեն այդ հրապարակումն ընդունել են որպես գործողությունների ճանապարհային քարտեզ:

Պարբերականի հոդվածն ակնհայտորեն ոչ թե լրագրողական հետաքննություն է, այլ արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից կազմված փաստաթուղթ, որի իսկությունն անհնար է պարզել, որքան էլ որ ոմանք պնդեն, թե դա բարեխիղճ կայք է, եւ խմբագիրը` Դոբրոխոտովը, իր հեղինակությունը բարձր է գնահատում: Հոդվածում նշված են Ռուսաստանի կողմից Հայաստան ուղարկված պաշտոնյաների եւ մարդկանց անուններ, ովքեր ՌԴ դեսպանատան կամ Հայաստանում գործող տարբեր ռուսական կազմակերպությունների աշխատակիցների անվան տակ աշխատում են ռուսական տարբեր հետախուզական ծառայությունների համար՝ նպատակ ունենալով առաջիկա ընտրություններում տապալել Փաշինյանի իշխանությունը, օգնել՝ իշխանության գալու իբրեւ թե Կրեմլի դրածոներ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին: Հոդվածում Ռոբերտ Քոչարյանի մասին որեւէ հիշատակում չկա:

Պարբերականի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանը միանգամից այն ընդունեց որպես հաստատված փաստ եւ իր տեսաուղերձում հայտարարեց․ «Միջազգային մամուլն անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց` կալուգացի օլիգարխը ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է»։ Եթե Փաշինյանն իսկապես կարդացած լիներ հրապարակումը, ապա կիմանար, որ նույնիսկ հրապարակման հեղինակը նման միանշանակ պնդում չի անում, այլ ընդամենը հավանական է համարում, որ Կարապետյանը կարող էր գտնվել ԱԴԾ վերահսկողության տակ, իսկ դա ամենեւին չի նշանակում լինել գործակալ: Բացի դա, իրեն հարգող ցանկացած երկրի հատուկ ծառայություն կարող է վերահսկողության տակ վերցնել երկրի միլիարդատեր քաղաքացիներին եւ նրանց գործունեությունը: Փաշինյանին միանգամից ձայնակցեց նրա հաստիքային քարոզիչ Արամ Սարգսյանը, որ հայտարարեց, թե ԱԳՆ-ն պետք է անմիջապես արձագանքի հրապարակմանը․ «Ռուսաստանի դեսպանատան քողի տակ գործող գործակալները պետք է ԱՆՀԱՊԱՂ լքեն Հայաստանը։ Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին վերագրվող տվյալներին, ապա էական տարբերություն չկա՝ դու Պուտինի օլիգարխն ես, թե ՖՍԲ-ի գործակալ․ կախվածությունը նույնն է»։ Ստացվում է, որ մի հրապարակումը բավարար է, որպեսզի Ռուսաստանը հռչակվի թշնամի երկիր, այդ երկրի դեսպանատան եւ տարբեր կառույցների մեկ տասնյակի չափ աշխատակիցներ` արտաքսման ենթակա, իսկ Հայաստանի ընդդիմության առաջնորդը հռչակվի գործակալ: Ընդ որում, սա ասում է մի մարդ, որը, նախկին կյանքում լինելով ընդդիմադիր, հանդիպումներ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգողի` ռեզիդենտի հետ եւ նրա հետ համաձայնեցրել իր գործողությունները` ինչպես ընտրությունների, այնպես էլ հետընտրական պրոցեսների ժամանակ:

Պատկերն ամբողջացրեց դեռեւս ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը, որը մի թղթի կտոր հրապարակեց, ըստ որի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն իբրեւ թե ՌԴ քաղաքացիություն ունի: Կարապետյանն անմիջապես հերքեց այդ հորինվածքը, այդպիսի թղթի կտորներ կարող են պատրաստվել եւ հրապարակվել ցանկացած մարդու մասին, Հայաստանը փաստացի թեւակոխում է մի փուլ, որտեղ ով ում մասին ինչ ասես կարող է հորինել, ցանկացած կեղծիք կարելի է ներկայացնել որպես հաստատված իրողություն:

Այս ամբողջ օպերացիան` Ինսայդերի հրապարակումը, Ալեն Սիմոնյանի սարքած «փաստաթուղթը», Նիկոլ Փաշինյանի հրատապ արձագանքը, իրականում համակարգվում է մի կետից` Հայաստանի իշխանության արեւմտյան տերերի կողմից։ Հայաստանում նրանց կենտրոնակայանը վարչապետի աշխատակազմ կոչվող կառույցն է: Հասկանալով, որ կարող են կորցնել վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ` գործող ռեժիմը կորցրել է հանրային վստահությունը, որ ընտրությունների միջոցով Փաշինյանին իշխանության պահելու բոլոր փորձերը ձախողված են, նրանք որոշել են հերթական անգամ դիմել իրենց սիրելի միջոցին` սահմանադրական կարգի տապալմանը, այն է` ընտրությունների փաստացի չեղարկմանը: Խոսքը քվեարկությունը չեղարկելու մասին չէ, այլ ընտրության մասնակից առնվազն մեկ կամ երկու ուժի ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու, նրանց լիդերներին չեզոքացնելու մասին է: Դատելով Ինսայդերի հրապարակումից՝ թիրախն «Ուժեղ Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանն» են, որոնց հանրային աջակցությունն օրեցօր ավելանում է, չնայած իշխանության եւ նրա արեւմտյան տերերի կողմից գործադրվող անիմաստ ջանքերին: Ըստ մեր աղբյուրի, վարչապետի աշխատակազմ կոչվող կառույցում արդեն մի քանի օր է՝ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում՝ սույն օպերացիան իրականացնելու, դրա ինֆորմացիոն ապահովումը կազմակերպելու համար, ինչը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին`մինչեւ այս շաբաթվա վերջը: Մեր աղբյուրը, հիմք ընդունելով Փաշինյանի հոգեվիճակը, անգամ հնարավոր է համարում Նարեկ Կարապետյանի կալանավորումը:

Իսկ ի՞նչ ընտրություն, երբ չկա ընտրության հնարավորություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային ինքնաբացարկներ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունում

Զանգվածային ինքնաբացարկներ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունում Thu, 21 May 2026 22:45:35 +0400 «Բոլորին դեմ եմ»…

12 րոպե ago

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին

Զելենսկին զգուշացրել է Լուկաշենկոյին Thu, 21 May 2026 22:30:58 +0400 Բելառուսի ղեկավարությունը «պետք է զգոն…

27 րոպե ago

ՔԿ-ն մանրամասնում է Թևանյանի դեմ քրեական վարույթը

ՔԿ-ն մանրամասնում է Թևանյանի դեմ քրեական վարույթը Thu, 21 May 2026 22:25:36 +0400 ՔԿ խոսնակ…

32 րոպե ago

Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին

Բոշայի նման դռնեդուռ ընկած խնդրում են՝ եկեք մասնակցեք Փաշինյանի քարոզարշավին Thu, 21 May 2026 22:15:38…

42 րոպե ago

Գլխավոր հրամանատարին պատժել են բանակի հաշվին ատամներ սարքելու համար

Գլխավոր հրամանատարին պատժել են բանակի հաշվին ատամներ սարքելու համար Thu, 21 May 2026 22:00:09 +0400…

58 րոպե ago

Հայաստանի գլխին կախված գոյաբանական վտանգը

Հայաստանի գլխին կախված գոյաբանական վտանգը Thu, 21 May 2026 21:50:51 +0400 Հունիսի 7-ին ընդառաջ՝ մեր…

1 ժամ ago