170 մլն եվրո վարկ են վերցնում
Wed, 27 May 2026 12:50:04 +0400
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրո վարկ ներգրավելու նախագծին, որը նախատեսվում է ուղղել պետական բյուջեի համալրմանը։ Համապատասխան համաձայնագիրը հաստատվել է կառավարության նիստի ընթացքում և կուղարկվի հետագա ընթացակարգերի համար։
Վարկային ծրագրին զուգահեռ նախատեսվում է իրականացնել նաև բարեփոխումների փաթեթ, որը մշակվել է կառավարության առաջարկով՝ տնտեսության կայունացման և բարելավման նպատակով։
Այդ շրջանակում նախատեսվում է կատարել փոփոխություններ «Տնտեսական մրցակցության մասին» օրենսդրությունում, ինչպես նաև ընդունել «Ներդրումների մասին» օրենքի նոր կարգավորումներ, որոնք պետք է լրացուցիչ իրավական երաշխիքներ ապահովեն ներդրողների համար։ Բացի այդ, կընդլայնվեն Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ ուղղված գնային չարաշահումների և հակամրցակցային գործողությունների կանխարգելմանը։
Ծրագրի մյուս ուղղությունը վերաբերում է կանաչ տնտեսության զարգացմանը։ Այս նպատակով նախատեսվում է կատարելագործել համապատասխան իրավական դաշտը և ներդնել ջերմոցային գազերի արտանետումների վերահսկման ու նվազեցման մեխանիզմներ բիզնեսի համար։
Վարկը տրամադրվելու է մոտ 3,7% տարեկան տոկոսադրույքով՝ 28 տարի մարման ժամկետով և 10 տարվա արտոնյալ ժամանակահատվածով։