Հիբրիդային հարձակումներ Եվրոպայից

Հիբրիդային հարձակումներ Եվրոպայից

Wed, 27 May 2026 21:15:02 +0400


Եվրամիությունը 12 միլիոն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել Հայաստանի իշխանությանը: Օգնության նպատակն, ըստ հաղորդագրության, «Հայաստանում հիբրիդային սպառնալիքների կանխումը, ապատեղեկատվության դեմ պայքարը և կիբեռանվտանգության հզորացումն» է: Ֆինանսավորման մի մասն ուղղվել է պետական ինստիտուտներին, իսկ մնացած մասը՝ քաղաքացիական հասարակությանն ու մեդիա ոլորտին: Իսկ հիբրիդային սպառնալիքների աղբյուրը, ինչպես հայտնի է, Արտաքին հետախուզության ծառայության կողմից չանվանված պետությունն է: Ինչը չի խանգարում, որպեսզի բոլորս հասկանանք, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Եվրոպացիներն, իհարկե, հայաստանյան ծառայության նման «քաղաքավարի» չեն՝ հաշվի առնելով իրենց և ռուսների միջև առկա թշնամությունը: Եվ շատ ավելի անմիջական են իրենց զգացումներում: Բայց դա չի խանգարում, որպեսզի իրեն Պուտինի ընկեր կամ բարեկամ համարող Նիկոլն օգտվի այդ օգնությունից: Թեև իրականում, ինչպես բազմիցս է ասվել, ընդդեմ Հայաստանի ժողովրդի հիբրիդային պատերազմ է մղում առաջին հերթին Եվրամիությունը: Իսկ Հայաստանի ժողովրդի դեմ մղվող պատերազմը հենց Հայաստանի դեմ պատերազմ է:

Հիբրիդային պատերազմի նմուշ է այն տեղեկատվությունը, թե ռուսական հատուկ ծառայության ինչ-որ աշխատակցի հեռախոսում առկա է եղել Հայաստանի իշխանության դեմ հիբրիդային հարձակման սխեման: Ինչը բացահայտվել է հեռախոսի կոդը բացելու, այն է՝ չարտոնված մուտքի միջոցով: Պատկերացնո՞ւմ եք՝ այդ աշխատակիցը, չգիտես ինչու, որոշել է պետական կարևորության նյութը պահպանել ոչ թե գրասենյակային համակարգչում, այլ սեփական հեռախոսում: Իսկ այդ հեռախոսն էլ հաստատ եղել է ոչ թե չինական, այլ հարավ-կորեական կամ նույնիսկ ամերիկյան արտադրության սարք, որպեսզի թեթևացվեն կոդ բացելու ապօրինի ջանքերը:
Իսկ տեղեկատվության աղբյուրն էլ, բնականաբար, ռուսական ժամանակակից էմիգրացիոն լրատվամիջոցներն են, որ տեղակայված են Եվրոպայում: Այսպիսով, շրջանը փակվում է: Իսկ թե ինչ է նշանակում Եվրոպայում տեղակայված լինելը՝ ներկայացնեմ մեկ-երկու կոնկրետ օրինակով: Չեխական ավտոճանապարհներից մեկի վրա ռուսական եկեղեցու միտրոպոլիտ Իլարիոն Ալֆեևի ավտոմեքենայում օրերս հայտնաբերվում է պատկառելի քաշի արգելված ապրանք: Նրան ձերբակալում են, իսկ հետո, չնայած հետաքննությունը շարունակվում է, ազատ են արձակում: Կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն խնդիրն այն է, որ, նախ, ոստիկանական գործողությունը չի տեսաձայնագրվում: Եվ երկրորդ, միտրոպոլիտին էլ այդ պահին ինչ-որ առիթով () հրավիրել են ճանապարհամերձ սրճարան: Բերեմ մեկ այլ օրինակ. ռուսական վերահսկողության ներքո գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում բազմիցս ենթարկվել է հրթիռահարումների: Բայց ԱԷԿ-ի տարածքում ներկա գտնվող՝ ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) խմբի կողմից մինչ օրս պաշտոնապես բացահայտված չէ (՞՞՞) դրանց ծագման վայրը:

Գանք Հայաստան: Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Հովհաննես Իշխանյանն իր էջում ներկայացրել էր Փաստերի ստուգման հարթակի (FIP.am) շուրջ երկամյա գործունեության՝ 100 հրապարակում, հետազոտության արդյունքները: Դա կատարվել էր «Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ» վիրտուալ գործիքի միջոցով: Մանրամասների մեջ չմտնելով՝ ներկայացնեմ հիմնական եզրակացությունը. «Հրապարակումների շուրջ 69%-ը քաղաքական ազդեցության առումով համընկնում է իշխանության շահերի կամ նարատիվների հետ, մինչդեռ միայն 19%-ն է ուղղված իշխանության պնդումների քննադատությանը: Իշխանությանը քննադատող հրապարակումների առկայությունը ստեղծում է հավասարակշռության և անկախության տպավորություն, սակայն ընդհանուր բաշխվածությունը ցույց է տալիս հստակ անհամաչափություն»։

Մնացած 12 %-ն էլ կազմել են չեզոք կամ միջազգային թեմաներ: Ենթադրում եմ, որ 12-ից մեկը եղել է «Հրապարակ»-ում տողերիս հեղինակի հոդվածներից մեկը «սխալ հանելը»: Ինչը կատարվել էր՝ առանց հասկանալու, թե ինչի մասին էր խոսվել այդտեղ: Իսկ հոդվածում ամերիկյան ինքնաթիռաշինության «Բոինգ» կորպորացիայի օրինակով ասվել էր, որ բազմաթիվ տեխնիկական խնդիրների բախված «Բոինգ»-ը փոխել է աշխատակիցների ներգավման մարտավարությունը: Նախկինում դա եղել է ներառականությունը՝ հետին պլան մղելով թեկնածուների մասնագիտական կարողությունների հարցը: Ինչի հետևանքով էլ պատահել են բազմաթիվ վթարային իրադարձություններ: Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահության հենց սկզբից աշխատանքի են ընդունել համապատասխան մասնագետների: Ինչը կարճ ժամանակ անց բարելավել է իրավիճակը: Այնինչ, FIP.am-ին թվացել է, թե վթարների ուղղակի պատճառը եղել է հենց ներառականությունը:

Ինչևէ, չեմ զարմանա, եթե հայտնի դառնա, որ FIP.am-ը եղել է այն կազմակերպությունների թվում, ովքեր գումար են ստացել Եվրամիության 12 միլիոնից: Կարծում եմ արդար կլինի, եթե հունիսի 7-ի իշխանափոխությունից հետո մեր նոր ղեկավարությունը հաշվետվություններ պահանջի բոլոր տիպի արմտյան դրամաշնորհներ ստացած կազմակերպություններից: Էլ չասած եվրոպական 12 միլիոնի շահառուների մասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Tue, 07 Jul 2026 19:31:40 +0400 Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով։ Քիչ…

16 րոպե ago

Ալիևն ու սենատոր Դեյնսը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը

Ալիևն ու սենատոր Դեյնսը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը Tue, 07 Jul…

17 րոպե ago

Առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ

Առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ Tue, 07 Jul 2026 19:28:57 +0400 Էգ…

19 րոպե ago

Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ

Բորբոս, կեղտ և անբավարար պայմաններ Tue, 07 Jul 2026 19:15:29 +0400 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի…

33 րոպե ago

Ադրբեջանում դպրոցականների միասնական համազգեստ են սահմանել

Ադրբեջանում դպրոցականների միասնական համազգեստ են սահմանել Tue, 07 Jul 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի խորհրդարանը ընդունել…

48 րոպե ago

Երևանի կենդանաբանական այգին հաստատեց լուրը

Երևանի կենդանաբանական այգին հաստատեց լուրը Tue, 07 Jul 2026 18:51:14 +0400 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ…

57 րոպե ago