Ամենաիմաստունը Չալոն էր` հոտառությամբ զգաց, որ Ձեզ հետ ճանապարհ շարունակելը կործանարար է
Fri, 29 May 2026 21:15:56 +0400
Բաց նամակ Ն. Փաշինյանին
Իշխանության եկաք սիրո և համերաշխության լոզունգով, խոստանալով ժողովրդավարություն, սոցիալական արդարություն, իրավունքի գերակայություն, երեք միլիոն վարչապետ, պայծառ ապագա, ոչ մի թիզ հող թշնամուն…: Արդյունքում՝ատելություն, թշնամանք, պառակտված հասարակություն, հանրային անառողջ մթնոլորտ, խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր, հաշմանդամներ, տարածքների կորուստ, անվստահություն, քաղբանտարկյալներ, ներքաղաքական անկայունություն, չկայացած քաղաքական համակարգ, ձախողված արտաքին քաղաքականություն, ոչ իրատեսական տնտեսական քաղաքականություն, սոցիալական անարդարություն, գործազրկություն, աղքատության բարձր մակարդակ…: Ձեր կուսակցության նախընտրական ծրագրերը, թեզերը, 2021թ.-ին տրված խոստումները…ինչի համար ստացաք մանդատ, և սիրում եք ամեն առիթով օգտագործել, մոռանալով, որ ժողջանը մանդատ չի տվել ՀՀ հպարտ քաղաքացիներին ստերով կերակրելու, թշնամանք ու ատելություն սերմանելու, Հայոց պետականությունը հարցականի տալ դնելու, թշնամուն տարածքներ հանձնելու, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարելու, ցեղասպանությունից, պահանջատիրությունից, միջազգային հայցերից, 3-րդ հանրապետությունից հրաժարվելու, թշնամուց խաղաղություն մուրալու, հայի արժանապատվությունը ոտնահարելու համար:
Ձեր նպատակը պառակտելն ու տարանջատելն էր՝ նախկին-ներկա, Հայաստան-Սփյուռք, Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի, Արարատ-Արագած, պատմական Հայաստան-իրական Հայաստան, Հայոց պատմություն-Հայաստանի պատմություն, սև-սպիտակ, Երրորդ Հանրապետություն-Չորրորդ Հանրապետություն, մարտական բանակ-պաշտպանական բանակ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի -«Վարչապետական բարենորոգված» եկեղեցի…
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Ձեր իշխանության օրոք լայն տարածված «իրավունքի գերակայություն», «օրինականություն», «սոցիալական արդարություն», «ժողովրդավարություն» հասկացությունների մասով խոսենք 7 տարվա փաստերով: Քանի որ, խոստովանել եք, որ յոթ տարի մնացել եք նույն դասարանում, ուստի ստիպված եմ փաստերով հաստատելու Ձեր «անկեղծությունը»:
2018թ. Գորիսում հանդիպման ժամանակ հրապարակավ հարց բարձրացվեց Գորիսի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի, անօրինականությունների մասին: Ձեր հանձնարարությամբ ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Ա.Հարությունյանը ԳՊՀ-ում պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ /2018-07-26/ եկավ հետևյալ եզրակացության. «Մթնոլորտը, որ Ձեզ մոտ կա, ակադեմիական չէ, գործընկերային չէ, բուհի տպավորություն չեմ ստանում, եթե այսպես շարունակվի, ապա պետք է լուծարել Գորիսի պետական համալսարանը և նոր բուհ ստեղծել Գորիսում: Այս մթնոլորտում աշխատել հնարավոր չէ»: Նման եզրահանգումից հետո լիազոր մարմինը ԳՊՀ կանոնադրության 14-րդ կետի համաձայն կարող էր, և պարտավոր էր իրականացնել վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ, կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել համալսարանի ռեկտորի կամ էլ կոլեգիալ կառավարման մարմնի՝ ՀՀ օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները: Մի՞թե լիազոր մարմինն իր լիազորությունների շրջանակներում չէր կարող կանխել ԳՊՀ-ում նախկին ռեկտորի /Ա.Ղուկասյան/ ոչ իրավաչափ գործողությունները, անօրինականություններն ու կամայականությունները:
Ռեկտորը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, խախտելով ՀՀ Աշխատանքային օրենսդրության սկզբունքները, արձակում էր ոչ իրավաչափ հրամաններ՝ կապված աշխատողների աշխատանքից ազատման, տարբեր կարգապահական տույժերի կիրառման հետ: Դատարան ներկայացված վեց հայցերից հինգը հիմնականում բավարարվել էր, գործատուի կողմից տրված հրամաններն ու կարգադրությունները դատարանի կողմից ճանաչվել էր անվավեր: Դատարանը ամբողջությամբ բավարարել է նաև ԳՊՀ արհեստակցական կազմակերպության հայցը ընդդեմ գործատուի:
Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ 2019-04-25 հ.02/11/19380-2019 և 2019-05-10 հ.02/11.8/21964-2019 հանձնարարականների, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Ա.Հարությունյանը 2019-06-17 հ.01/10/10425-19 գրությամբ հայտնել է, որ դիմումում բարձրացված հարցերը սեղմ ժամկետում կքննարկվեն սեպտեմբերին կայանալիք ԳՊՀ կառավարման խորհրդի ընդլայնված նիստում:
2019թ. սեպտեմբերի 30-ին ԳՊՀ խորհրդի նախագահ՝ Կ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ հրավիրված ԳՊՀ կառավարման խորհրդի նիստին, խորհրդի 24 անդամներից ներկայացել էին 8-ը, նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Երկրորդ անգամ հրավիրվում է նիստ նոյեմբերի 29-ին, խորհրդի անդամներից ներկայանում են 11-ը, և նորից նիստը չի կայանում: Զարմանալին այն է, որ նիստերին միտումնավոր չեն ներկայանում հիմնադրի անունից առաջադրված վեց անդամները և լիազոր մարմնի կողմից առաջադրված վեց անդամներից երկուսը: 13.12.2019թ. ԳՊՀ ռեկտորի նախաձեռնությամբ հրավիրված նիստը կայացել է առանց խորհրդի նախագահի մասնակցության, և Ձեր հանձնարարականները օրակարգից հանված են եղել: Խորհրդի նիստում քննարկվել է ռեկտորի հաշվետվությունը և հաջորդ տարվա բյուջեն, և «ամենակարևորը», ռեկտորի աշխատավարձի բարձրացման հարցը և օրակարգն ընդունվել միաձայն: Սա փաստ է, որ խորհուրդների ձևավորման գործում ռեկտորներն ունեն գործուն միջամտություն, ընդ որում լիազոր մարմնի և հիմնադրի հետ համագործակցված: Խոսում եք «արդար» ընտրությունների մասին, բայց փաստ է, որ Ձեր կառավարման ժամանակահատվածում երեք անգամ հաստատել եք ԳՊՀ խորհրդի խախտումներով ձևավորված կազմ: Ժամանակին պաշտոնական գրությամբ իրազեկվել է ԿԳՄՍ նախարարությանը և վարչապետին, որ հիմնականում խախտվել է պրոֆեսորա-դասախոսական կազմի իրավունքները, սակայն բարձրացված հարցը լուծում չի ստացել:
Սկզբնական շրջանում պնդում էիք, որ պարտադիր չէ խորհրդի անդամները, խորհրդի նախագահը լինեն պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք, բայց հետո, ինչպես միշտ, փոխվեց Ձեր կարծիքը: Եվ Ձեր կարծիքով բուհի կառավարման խորհրդում հիմնադրի և լիազոր մարմնի կողմից առաջադրված թեկնածուները պետք է լինեն պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Ստացվում է այնպես, որ պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անպատասխանատու մարդիկ դիտավորությամբ ձախողել են Ձեր հանձնարարականների քննարկումը և մնացել անպատիժ:
Ա.Ղուկասյանը Ձեր հանձնարարականների կատարումը ձախողելով և որպես պաշտոնատար անձ չի կրել պատասխանատվություն, ընդհակառակը, խրախուսվել է նոր պաշտոններով՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, ԳՊՀ խորհրդի նախագահ, իսկ Ա. Հարությունյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Ձեր մոտեցումը պետական կառավարման համակարգում. «Իմ հանձնարարականը անհետաձգելի գործ է, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է մի բան իմանա, որ վարչապետի հանձնարարականը անհետաձգելի գործ է ու առաջնային»:
Այս հարցում էլ կադրային սխալ նշանակում եք կատարել։ Ավելի արդար և տեղին կլիներ, եթե Ա. Ղուկասյանին նշանակեիք վարչապետի խորհրդական, քանի որ իր մանիպուլյատիվ գործելաոճով ինչ որ տեղ կգերազանցեր Ձեզ: Դեռ ավելին, ռեկտորի ղեկավարման 5-ամյա ժամկետը լրանալուց հետո թույլատրվում է մասնակցելու ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի թափուր տեղի մրցույթին, այն դեպքում, երբ տվյալ ժամանակահատվածում համալսարանի վերաբերյալ մի քանի դրվագներով հարուցվել էր քրեական վարույթ, ինչպես նաև իր ոչ իրավաչափ, անօրինական գործողություններով համալսարանի բյուջեին և արհեստակցական կազմակերպությանը հասցրել էր էական՝ առանձնապես խոշոր չափերի (մոտ 25մլն. դրամի) վնաս:
Գալով իշխանության, խոսում էիք արհմիությունների դերի բարձրացման մասին, բայց իզուր։ 2018թ. առ այսօր գործատուն` ի դեմս ռեկտորի, խախտելով «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքր, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, ՀՀ քրեական օրենսգիրքը, ԳՊՀ կանոնադրությունը, միջամտել, խոչընդոտել և դադարեցրել է ԳՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությունը։ Կազմակերպության հայցի վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ՍԴ3/0722/02/18 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որը գործատուի կողմից վիճարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարաններում։ Որոշվել է վճիռը թողնել անփոփոխ։ Այն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է, ենթակա չէ բողոքարկման։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 12.01.2021թ. հարուցվել է կատարողական վարույթ /թիվ 06983290/, որն առ այսօր չի կատարվել։ Այս հարցով դիմել ենք ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողին, հակադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ արդարադատության նախարարություն, քննչական մարմիններին, բայց ապարդյուն։ Դատական ակտը առերևույթ դիտավորությամբ չկատարելը քրեորեն պատժելի արարք է: Սակայն քննչական մարմնի, դատախազության, քրեական դատարանների ընդունած կանխակալ (կողմնակալ) որոշումները ոչ մի աղերս չունեն օրենքի և օրինականության հետ։ Նախկին ռեկտորը օրինական ուժի մեջ մտած դատական ակտը առերևույթ դիտավորությամբ չի կատարել, փաստորեն խախտելով օրենքը, դադարեցրել է կազմակերպության գործունեությունը և չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Այդ դեպքում, ինչպես հասկանալ դատական ակտի կատարմանը «խոչընդոտելու» գործով Վեհափառի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական վարույթ հարուցելը, մեկ շաբաթվա մեջ, երկրից չբացակայելու արգելք դնելը, այն դեպքում, որ դրա իրավունքը չունեն։
Արհմիութենական կազակերպությունը գրանցված է, ունի հասցե, գործել է բուհի բացման (1967թ.) պահից, իսկ մինչև 2018թ. կազմակերպությունը ուներ աշխատասենյակ և իրականացնում էր գործունեություն համաձայն օրենքի, կանոնադրության և կոլեկտիվ պայմանագրի։ Այսօրվա դրությամբ կազմակերպության գործավարությունր (տնտեսությունը) գտնվում Է արհկոմի նախագահի ավտոտնակում, հարկային մարմին ներկայացվում Է «0»-ական ամենամսյա, տարեկան հաշվետվություններ։ Եվ այս ամենը Ձեր կողմից հռչակված «ժողովրդավարության բաստիոն» երկրում։ Գուցե՞ կառավարական առանձնատանը տեղ հատկացնեք:
Դուք խոսում եք իրավունքի, օրենքի գերակայության, ժողովրդավարության մասին, բայց ինչքանով է իշխանության գործելաոճը համապատասխանում իրականությանը, չէ որ իշխանության միակ տերը ժողովուրդն է: Իսկ պետությունն ուժեղ է, եթե իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, եթե կայացած են ինստիտուտները, առկա է քաղաքական, տնտեսական, անվտանգային համակարգ, աշխատանքային բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: ՀՀ-ում իշխանության թևերը ոչ թե բաժանված ու հավասարակշռված են, այլ կենտրոնացված են մեկ պարալիզված ձեռքում: Դուք խոսում եք իրավունքի գերակայությունից, բայց խախտում Մայր օրենքը՝ ՀՀ Սահմանադրությունը, այլ կերպ ասած՝ չարաշահելով իշխանական լիազորությունները, որը քրեորեն պատժելի արարք է: Այս ամենը փաստորեն հաստատվում է Ձեր կողմից հնչեցված հետևյալ արտահայտություններով. «Կառավարությունը ես եմ», «Կա՞ տենց դատավոր իմ ասածը չանի», «Կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», «Դու՛ք բոլորդ վարչապետ եք», «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ կլինի պատերազմ», և ամենախայտառակը՝ հայհոյախառն, փողոցային, սպառնալիքի լեզվով խոսույթը և «Ես մաքուր եմ, իմ գործողություններն արդար են»: ՀՀ-ում կոպտորեն խախտված են քաղաքացիների սահմանադրական, ժողովրդավարական, քաղաքացիական ազատություններն ու մարդու հիմնարար իրավունքները: ՀՀ-ում դատաիրավական համակարգը, բնական է ժողովրդի հետ կապ ունենալ չի կարող, քանի որ ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից: Իսկ դուք նորից ստում եք, որ այդ չկայացած համակարգը իբրև անկախ է, միաժամանակ նշում, որ վիրահատման կարիք ունի:
Նիկոլական «իրական Հայաստան» մակետը դոշիդ կպցրած Ալիևից աղերսագին խնդրում ես ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ նա համառորեն չի ճանաչում, և չի էլ ճանաչելու, քանի որ դիմացինը խեղճացած, արժանապատվությունը կորցրած երբեմնի «դուխով Նիկոլ»-ն է: Քարտեզում գուցե նշեք նաև Հայաստանի այն տարածքները, որ այսօրվա դրությամբ զբաղեցնում է թշնամին: Հայ ժողովրդին Ձեր «կիրթ ու կառուցողական» ընկերը «երկաթյա բռունցք» է ցույց տալիս, թշնամանք ու ատելություն քարոզում, ոչնչացնում մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը, վարում հայատյաց քաղաքականություն, իսկ դուք հպարտ այն քաղաքացիներին, որոնց որոշմամբ է պայմանավորված Ձեր քաղաքական դաշտում լինելը՝«բանթիկով չագուճ»։
Ժողովուրդը կասեր. «Բա դու ժառա՞նգ ես, նամուս ունե՞ս…»:
Հայ ժողովուրդը շատ լավ գիտի պատմական անցյալը, Հայաստանի տարածքը, սահմանները: Խոսում եք խաղաղության մասին, այն դեպքում, երբ թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է, Բաքվի բանտում ունենք գերիներ, բռնի տեղահանված Արցախցիներ: Հպարտանում եք, որ սահմանում կրակոց չկա, իսկ ինչու՞ պիտի կրակեն, երբ բավարարում եք թշնամու բոլոր պահանջները:
Դուք խոստովանում եք, որ «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե առանց զոհերի», և շարունակում «Ես դիտմամբ զոհողության եմ տարել, որ մենք ազատ լինենք, ինքնիշխան լինենք», և Ձեր կարծիքով ինքնիշխան ու ազատ ենք, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ 300 հազար ադրբեջանցիների վերադարձը, «արևմտյան ադրբեջան» հասկացությունը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, կամ էլ ո՞վ է իրավունք տվել փակելու արցախցիների վերադարձի հարցը: Դեռ ավելին, բավականին խորացել եք Սյունիքի հարցում։
Կա՛նգ առ, Սյունյաց հողը անարատ է…
Հայ մարդը ցանկություն չունի ապրելու ոչ Ձեր «իրական Հայաստանում» և ոչ էլ Ձեր «կառուցողական գործընկերոջ» «Արևմտյան Ադրբեջանում»: Հայը ապրել և ապրելու է իր պատմական հողում: Պատմության մեջ Հայաստանը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական Սփյուռքը, Արցախը, Շուշին, Արարատը … կմնան հայկական, իսկ դուք պատմության մեջ կմնաք դավաճան, հողատու, ազգակործան պատուհաս, դժբախտ և դժգույն ստախոս խաբեբա:
Հ.Գ. Նույն դասարանում մնացողը կամ ինքն է ներողություն խնդրում ու հեռանում, կամ էլ հեռացնում են ասելով, աչքդ հետ չպահես, այնպես որ դեռ 2999999 վարչապետ ունենք: Հա, չմոռանամ հիշեցնել, շարժման ընթացքում ամենաազնիվը Չալոն էր, անկեղծ, բայց և իմաստուն, հոտառությամբ զգաց, որ Ձեզ հետ ճանապարհ շարունակելը վտանգավոր ու կործանարար է:
ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դոցենտ, տնտ.գ./թ.,
ԳՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ՝ Համլետ Հովսեփյան
28.05.2026թ.