«Հրապարակ»․ Մինչեւ ե՞րբ է Փաշինյանն անկառավարելի ձեվով ավելացնելու արտաքին պարտքը
Sat, 30 May 2026 10:45:22 +0400
Հայաստանը Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում` պետբյուջեի համալրման համար, այսինքն՝ մոտ 200 մլն դոլար: Այն տրվում է որպես «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության վարկ», տարեկան մոտ 3,7% տոկոսադրույքով, 28 տարի ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով: Որոշումը կայացվել է կառավարության մայիսի 27-ի նիստի ժամանակ: Որոշման հիմնավորման հատվածում նշվում է, որ վարկը ծառայելու է ներդրումների եւ առեւտրի ազատականացմանը, մրցակցության խրախուսմանը, մաքսային բարեփոխումներին, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, կանաչ տնտեսության զարգացմանը եւ այլն: Եվ ամենավերջում նշվում է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման կայուն աղբյուրների ու մակրոտնտեսական կայունության ապահովումը: Այլ կերպ ասած՝ սա լայն աջակցություն է իշխանություններին: Վերցվող պարտքը մտնելու է բյուջե ու դառնալու է թոշակ եւ աշխատավարձ՝ էլ ավելի աճեցնելով Հայաստանի արտաքին պարտքը, որն արդեն հատել է 14 մլրդ դոլարի սահմանը:
Մինչեւ ե՞րբ է Փաշինյանն անկառավարելի ձեւով ավելացնելու արտաքին պարտքը, ո՞վ պետք է վերահսկի: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ կոնկրետ այս փաթեթին ծանոթ չէ, բայց ԱՄՀ-ից, Համաշխարհային բանկից ժամանակ առ ժամանակ նման փաթեթներ վերցնում ենք՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար: «Այդ կառույցները հեշտ չեն տալիս նման վարկերը: Ընդհանրապես, միջազգային կազմակերպությունները հակված չեն դեֆիցիտը ֆինանսավորելուն: Իրենք տալիս են հիմնականում կառուցապատման համար՝ ճանապարհներ, ջրամբարներ կառուցելու»: Փաշինյանի կառավարությանն այս նախընտրական ընթացքում ակնհայտ լավություն են անում: Չկա՞ մի ստոպ-կռան, որ դադարեն վերցնել նման վարկեր, որոնցով կառավարությունը փակում է իր անիմաստ ծախսերը, իր անշնորհք կառավարման հետեւանքով առաջացած դեֆիցիտը: «Դա միայն Ազգային ժողովի կոճակն է ու 60 տոկոս ՀՆԱ-ի չափը, որը չպետք է գերազանցվի: Այս պահին դեռ 52 տոկոս է, այլ սահմանափակում չկա»,- ասում է Սուրեն Պարսյանը:
Նշենք, որ Հայաստանի արտաքին պետական պարտքի կառուցվածքում Համաշխարհային բանկը (ՎԶՄԲ եւ ՄԶԸ) ամենախոշոր վարկատուն է, որի մասնաբաժինը կազմում է արտաքին պարտավորությունների շուրջ 37-38 տոկոսը՝ ֆինանսների նախարարության տվյալներով: 18 թվից հետո ՀԲ-ն ավելի շատ փող է տալիս Հայաստանին, քան մինչ այդ: Եթե 1992-2018 թվականների ընթացքում (26 տարի) ՀԲ-ն Հայաստանին ընդհանուր առմամբ տրամադրել էր շուրջ 2.3-2.4 միլիարդի դոլարի աջակցություն, ապա 2026 թվականի դրությամբ այդ համախառն ցուցանիշը հասել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Պաշտոնական պատճառը, իբր, կոռուպցիայի դեմ պայքարն է, տնտեսության աճի բարձր տեմպը եւ այլն, որոնք իրականության հետ ծիծաղելի համեմատականների մեջ կարելի է դնել:
Մի այդպիսի համեմատական է անում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: «Ներկայիս իշխանությունները հաշվետվություններ են տալիս ՄԱԿ-ի տարբեր կառույցներին՝ առ այն, որ ՀՀ-ում կա թվային գյուղատնտեսություն՝ Digital Agriculture, ու այս բառերից հետո խորհուրդ եմ տալիս գնալ ու նայել թշվառ վիճակում գտնվող մեր գյուղացու դեմքին, որն իր առաջ ծառացած ահավոր խնդիրները չի կարողանում լուծել առանց պետական աջակցության: Այս ամենը չտեսնելու են տալիս բազմաթիվ միջազգային կառույցներ, նրանք կույր են, որովհետեւ իրենց դա ձեռնտու է: Նման երկիր, որտեղ ամենաթողություն է տիրում, նրանք դժվար գտնեն: Իրենց դիմում են, նրանք էլ տալիս են, եւ օրինաչափ է, որ հիմա են գնում այդ քայլերին, որովհետեւ իրենք շատ լավ գիտեն, որ իշխանությունները չեն վճարելու այդ կուտակված պարտքը»:
«Սրանք ի՞նչ վարկեր են, մեկ էլ հանկարծ կառավարության նիստերի ժամանակ իմանում ենք, որ նոր ահռելի փողեր ենք պարտք վերցնում, ո՞վ ու ինչպե՞ս է դա որոշում: «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքը հստակ պահանջներ է ներկայացնում գործադիր մարմնին, թե ինչպես պետք է ձեւավորվի պետական պարտքը: Պետք է հիմնավորվի, որ բյուջեի եղած միջոցները չեն բավարարում նախատեսված ծախսերի համար, ինչ-ինչ պատճառներով, ասենք, հարկային մուտքերի չնախատեսված կրճատման դեպքում: Ապա պետք է հիմնավորվի առաջնահերթությունը՝ ինչո՞ւ այս պահին կարիք կա փոխառու միջոցների: Այս պատճառաբանություններից հետո գործադիրը պետք է քննարկում կազմակերպի, հետո ներկայացնի ԱԺ, որտեղ պետք է քննարկում գնա պետական պարտքի վերաբերյալ, ինչը ես երբեք չեմ տեսել: ՀԲ-ն ուզում է չնկատել այս ընթացակարգերի խախտումները: ՀԲ-ն ըստ էության տեղյակ է, թե ինչպես են ծախսվել նախորդ վարկերը: Դրանց արդյունավետության մասին որեւէ հաշվետվություն լսե՞լ եք, որ նախորդ վարկերի գումարները նպատակին են ծառայել, վերադարձվել են տոկոսադրույքները եւ այլն»,- արձագանքում է Մանասերյանը:
Նա նաեւ հիշեցնում է, որ «Պետական բյուջեի մասին» օրենքը կատարման ենթակա է, իսկ դրա չկատարումն ուղղակի հանցագործություն է: «Բայց 2025 թվականի պետբյուջեի մասին օրենք ընդունվեց, նույն հարցերը՝ կենսաթոշակներ, սոցիալական աջակցություն եւ այլն, բարձրացվել էին եւ մերժվել: Ի՞նչ հրաշք է տեղի ունեցել անցած 2-3 ամսվա ընթացքում: Եթե հիշում եք, փետրվարի վերջին-մարտի սկզբին կենսաթոշակները բարձրացնելու խոստումները եղան, դրա իրավունքը գործադիրն ընդհանրապես չուներ, դա պետք է քննարկվեր ու նոր օրենք դառնար, ինչը չարվեց… Եթե մենք որեւէ խախտում կատարենք, մատնանշում են օրենքը, նույնը այս պարագայում՝ օրենքի խախտում է, իսկ օրենքի խախտումն ուրիշ անուն չունի՝ հանցագործություն է։ Այս հանցագործությունները պետք է ուսումնասիրվեն եւ հիմնավորվեն, այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դրվի»:
Նա նաեւ հավելեց. «Ինձ հետաքրքրում է, թե արդյոք կա՞ կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացված որեւէ հաշվարկ, թե ինչ նպատակներով է այսօր Հայաստանին անհրաժեշտ լրացուցիչ փոխառու միջոցներ, եւ ինչու եղած բյուջետային միջոցները չեն բավարարում։ Ինձ մոտ կան բավական լուրջ կասկածներ առ այն, որ այն նախընտրական խոստումները, որոնք տրվել են կառավարության կողմից եւ համեմատած բյուջետային ռեսուրսների հետ՝ ուղղակի անհամատեղելի են, սրանք առանց հայտարարելու, թե ինչ նպատակով է իրականացվում, իսկ նպատակները՝ ներկայիս կառավարությունն ինչ ասես կարող է ասել, դա նոր երեւույթ չէ։ Բայց, ամեն դեպքում, պետք է պահանջել, որ հաշվետու լինի»։