Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի
Sat, 30 May 2026 17:01:23 +0400
Մնաց մի շաբաթ քվեարկությանը: Արդեն կարող ենք ասել, որ մեր որոշ սպասելիքներ չարդարացան, որոշները, ցավոք, արդարացան, բայց ունենք այն, ինչ ունենք և հունիսի 7-ին պետք է հնարավոր ճիշտ որոշում կայացնենք, որ մեր երկիրն ավելի մեծ վտանգների չտանենք և ամենակարևորը` մեզ հետագայում չմեղադրենք, որ վճռական պահին սխալ որոշում կայացնողների ճամբարում էինք:
Փորձեմ թվարկել այս պահին իմ արձանագրած դրականն ու բացասականը:
Դրականն այն է, որ այնուամենայնիվ բավականին մեծ ընտրություն ունենք` և փորձառու պետական գործիչ ու քաղաքականապես թրծված թիմ, և լրիվ նոր մարդիկ, ովքեր բացասական կենսագրության բեռ չունեն, և գործարարներ, որոնք բիզնես հաջողություններ են գրանցել և կարող են երկրի կառավարման գործում հաջողել (հիշեք, որ 18-ին իշխանության եկող մարդն այս բոլորից ոչ մեկը չուներ, բայց նրան վստահեցինք մեր երկիրը), և արևմտյան արժեքներին նվիրված անձնավորություն…
Մյուս դրականն այն է, որ հասարակության առողջ, մտածող, հայրենասեր հատվածը քաջ գիտակցում է այս ընտրության կարևորությունը (երբեմն նույնիսկ չափազանցնում) և հնարավոր ամեն ինչ անում է իր շրջապատի թերուս, անտարբեր ու վտանգները չգիտակցող մարդկանց խելքի բերելու համար: Սա ամենահուզիչ ու ամենալավ բանն է վերջին տարիների կտրվածքով…
Վերջապես, ես դրական եմ համարում նաև այն, որ իշխանությունը` Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեմոկրատի, հայրենասերի, հայամետի քողն ամբողջությամբ նետեցին իրենց վրայից և նախընտրական այս փուլում մեր առաջ հառնեցին իրենց անդաստիարակության, չարության, հային ու հայկականն ատողի ողջ «հասակով»:
Եթե կա մեկը, ով պատրաստ է ձայն տալ «կզցնեմ», «սատկացնեմ», «եղած չեղածը կտրեմ», «այս տարածքում հայեր չեն ապրել, հայկական պետություն չի եղել», «Արցախի հարցը բարձրացնողին պատժելու եմ…», «մենք դեռ տարածքներ ունենք, որ պիտի հանձնենք Ադրբեջանին», «եկեղեցու փաստացի պետին պետք է փոխենք» և այլ անհեթեթություններն ասողին, ուրեմն նա նորմալ մարդ չի ու այս քվեարկությունը յուրօրինակ հանրաքվե է, որը զատելու է նորմալ հայ մարդուն` անորմալից և մենք, ըստ էության, հունիսի 8-ին իմանալու ենք, թե քանի նորմալ մարդ է ապրում մեր երկրում:
Հիմա բացասականի մասին. 17 ուժից 5-6, լավ` 7 շանս ունեցող ուժերին հանած, մնացած 10-ը վատ բան արեցին: Դրանց մի մասը գիտակցված` իշխանությանը ծառայություն մատուցելու համար, մյուսները հուսամ` անգիտակից, ավելորդ ամբիցիաների պատճառով: Ես մեծ հույսեր ունեի, որ մի քանիսն էլ ինքնաբացարկ կհայտնեն ու մինչև մայիսի 28-ը դուրս կգան ընտրապայքարից…չարեցին:
Եվ այս նախընտրական աղմուկի մեջ կլինեն նաև մարդիկ, որոնք չեն գիտակցի այս 10-ից ինչ որ մեկին իրենց թանկ քվեն տալու սխալ լինելը, չեն կարողանա ճիշտ կողմնորոշվել` ով է իրապես ընդդիմադիր, ով` ոչ, ով շանս ունի շեմը հաղթահարելու, ով` ոչ: Եվ իրենց քվեն, Փաշինյանի լեզվով ասած` շունշանգյալի բաժին կդարձնեն: Եվ այստեղ մեծ է գրագետ, կողմնորոշված մարդկանց դերակատարումը, որոնք մեղմորեն, առանց իրենց գերազանցությունն ընդգծելու պետք է ուղղորդեն իրենց ընկեր-հարևան- բարեկամներին:
Եվ վերջապես վարչապետի թեկնածուներին ուղղված պրետենզիաների մասին: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մի «կինոյի տղա» հայտնված լիներ, որին փակ աչքով ձայն տային բոլորը: Բայց «կինոյի տղերքը» միշտ չի որ լավ ղեկավարներ են լինում և վստահ եմ` ՔՊ-ն ու նրա առաջնորդը նրա վրա էլ թերություններ կգտնեին, հանրության մի մասն էլ կձայնակցեր նրանց ստերին: Մենք մի անգամ ենք միայն առանց հարցեր տալու և ազգովի ձայն տվել մեկին, ով պարզվեց` ամենաքիչն էր արժանի մեր վստահությանը…
Հաջորդ կառավարությունը, համոզված եմ, անպայման պետք է կոալիցիոն լինի, տարբեր խառնվածքի ու աշխարհայացքի տեր մարդիկ և ուժեր պետք է իրար հակակշռեն ու վերահսկեն, փոխլրացնեն ու համագործակցեն: Եվ ամեն ինչ լավ կլինի.