Հունիսի 7-ը բացառիկ հնարավորություն է
Mon, 01 Jun 2026 16:45:23 +0400
«Հրապարակի» զրուցակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի պատգամավորի թեկնածու Գայանե Գրիգորյանը: ԲՀԿ ցուցակով առաջադրված Գայանե Գիրգորյանին, ով Չարենցավանի համայնքի ղեկավարի տեղակալն էր, օրեր առաջ քաղաքական հայացքների պատճառով ազատել են աշխատանքից: Նա ակտիվ քարոզարշավ է իրականացնում Չարենցավան համայնքում: Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:
– Քարոզարշավի 23-րդ օրն է, գրեթե ամեն օր հանդիպում եք չարենցավանցիների հետ, ներկայացնում ԲՀԿ-ի ծրագրերը, ինչպիսի՞ն է բնակիչների տրամադրվածությունը:
-Չարենցավանում ակտիվ ընթանում է քարոզարշավը, եթե մինչ այդ կար չկողմնորոշված ընտրազանգված, օրեցօր հանդիպելով բնակիչների հետ քարոզարշավի ընթացքում արձանագրում եմ, որ հասարակության մի զանգված՝ չկողմնորոշված քաղաքացիները արդեն կողմնորոշվում են դեպի ընդիմություն, դեպի երաշխավորված խաղաղություն: Նշեմ, որ քարոզարշավի առաջին օրերն անցնում էին քաղաքակիրթ ծրագրային խոսակցության պայմաններում, բոլոր ուժերը հանդիպումների ընթացքում հասարակությանը ներկայացնում էին իրենց ծրագրային մոտեցումները, օրակարգը: Իսկ արդեն քարոզարշավի 5-րդ օրն իշխող ՔՊ կուսակցության կողմից փոխվեց մարտավարության ոճը` Փաշինյանը 3 ընդդիմադիր կուսակցություններին սկսեց անվանել «պատերազմի եռագլուխ կուսակցություն»: Նրա խոսույթը` բացահայտ սպառնալիքների, ագրեսիայի, պիտակավորման նմանվեց: Բայց կարծում եմ քաղաքացին արդեն հոգնել է դրանից: Հասարակությունը անկախ տարբեր խմբերից` հասուն է և արդեն կարողանում է տարբերել իրական խաղաղությունը՝ փիառից: Այդ մարտավարությունը հակառակ արդյունք բերեց: Քարոզարշավի 23 -րդ օրն է և արդյունքների զգալի փոփոխություն է արձանագրվում բնակիչների մոտ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, ով խարիզմատիկ և ուժեղ լիդեր է, ունի ակտիվ ընտրազանգված: ԲՀԿ-ն քարոզարշավին հանդես է գալիս «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ստեղծված է մեր ժողովրդի կողմից, ծրագրային դրույթներում ներդրված են շարքային քաղաքացու խնդիրները և այն շատ ընդունված է հանրության կողմից: ԲՀԿ-ն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ բավականին ակտիվ քարոզարշավ է իրականացվում Հայաստանի տարբեր մարզերում, գյուղական համայնքներում, ասեմ` հասարակությունը շատ մեծ ոգևորությամբ է ընդունում, շատ հուզող հարցերով են դիմում պարոն Ծառուկյանին: Հարցեր, որոնք անպատասխան են մնացել կառավության կողմից: Քարոզաշավի ընթացքում պարոն Ծառուկյանն ու իր թիմը մյուս քաղաքական ուժերին չեն քննադատում, վիրավորում և թիրխավորում:
– Փաշինյանն իր ելույթում խոսեց 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, ասաց որ նրանք կարող են որպես զբոսաշրջիկ գալ Հայաստան:
-Մեկ նախադասությունով կարող եմ պատասխանել Հայսատանը՝ կդառնա «արևմտյան Ադրբեջան»: Ինչպես եղավ՝ «Արցախը՝ Հայաստան է և վերջ» արտահայտությունը, պարելով, երգելով, ուտելով` հանձնեցին Արցախը և դարձավ՝ «Արցախը Ադրբեջան է, և վերջ»: Այսօր Հայաստանի սուվերեն տարածքում նստած են ադրբեջանցի զինվորները: Հայ մարդն ապրում է անորոշության մեջ՝ վաղվա օրվա հանդեպ: Իշխանությունը կառավարման 8 տարիների ընթացքում հասարակությանը մոլորեցրել է՝ ստի, կեղծիքի, չկատարված խոստումների, մանիպուլացիայի խորհրդանիշով: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ակտիվ մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին: Հունիսի 7-ը բացառիկ հնարավորություն է, որպեսզի մեր հասարակությունը կատարի ճիշտ ընտրություն:
ՀԳ Մենք տեղեկացանք, որ Գայանե Գրիգորյանը պատրաստվում է դիմել դատարան` իրեն ապօրինաբար աշխատանքից ազատելու որոշման դեմ: