Ռուսաստանը շուն է, բայց՝ անատամ

Ռուսաստանը շուն է, բայց՝ անատամ

Fri, 05 Jun 2026 21:45:35 +0400


Դեռեւս ԱԺ նախագահ աշխատող Ալեն Սիմոնյանը Ռուսաստանը համեմատում է այն շան հետ, որը պառկել է խոտի դեզի վրա, ինքը խոտ չի ուտում եւ ուրիշներին էլ թույլ չի տալիս, որ ուտեն: Խոտն այս դեպքում Հայաստանն է, որին ուզում են ուտել թուրքերն ու ադրբեջանցիները, հանքահումքային ռեսուրսները` ամերիկացիները, բայց շունը, չգիտես ինչու, նրանց խանգարում է: Սիմոնյանը դա ասում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնտեքստում, երբ ընկերությունը կառավարող «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հրաժարվում է ներդրումներ անելուց եւ ուրիշներին էլ չի թողնում: Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանը Ռուսաստանից վերցնելու է երկաթուղու կառավարման կոնցեսիան: Սիմոնյանը եւ մյուսները համոզված են, որ թեեւ Ռուսաստանը շուն է, հաչում է, բայց հաստատ կծելու ընդունակությունը կորցրել է:

Մեկ այլ ՔՊ-ական քարոզիչ հայտարարում էր, որ ռուսներից պետք է խլել` ազգայնացնել «Գազպրոմ Արմենիան», ռուսներից, հավանաբար, ուզում են խլել նաեւ նրանց կողմից կառավարվող այլ ընկերություններ ու սեփականություն, որովհետեւ ախորժակը խլելուց է բացվում, իսկ ՀԷՑ-ից հետո սրանց ախորժակն իրոք բացվել է: Խաղաղության կարգախոսներով հանդես եկող քաղաքական ուժն իրականում Հայաստանը ներքաշել է մի նոր պատերազմի մեջ, որն առերեւույթ տնտեսական է` Ռուսաստանի ձեռքից խլել Հայաստանում ունեցած պետական եւ մասնավոր սեփականությունը, բայց ամեն մի տնտեսական պատերազմ ի վերջո վերածվում է ռազմականի, որովհետեւ իրեն հարգող ոչ մի երկիր հենց այնպես չի զիջում իր եւ իր քաղաքացիների ունեցվածքը: Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ մյուսների անպատժելիության համոզմունքը հիմնված է Արեւմուտքի գործիքը լինելու վրա․ Արեւմուտքը եւ մեր տարածաշրջանում Արեւմուտքի օպերատոր Թուրքիան ավելի ուժեղ են, քան Ռուսաստանը, ուրեմն մեզ ամեն ինչ կարելի է:
Նախ՝ ինչո՞ւ պետք է ռուսական կողմը ներդրում անի մի նախագծում, որը փող չի բերելու, որեւէ երաշխիք չկա, որ այդ ներդրումը հետ է վերադառնալու: Հայաստանի իշխանությունը պահանջում է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն իր հաշվին վերանորոգի Հայաստանը Թուրքիային եւ Ադրբեջանին կապող երկաթուղու անբարեկարգ հատվածները: Կոնկրետ թիվ չասեմ, բայց դա միլիոնավոր դոլարներ է պահանջում: Ենթադրենք` ռուսները վերանորոգեցին երկաթուղին, իսկ ո՞վ է երաշխիք տալիս, որ այն գործելու է` Թուրքիա՞ն, թե՞ Ադրբեջանը: Գուցե Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյա՞նը, բայց ի՞նչ արժե այդ մարդկանց տված երաշխիքը՝ զրո, մի բան էլ դրանից պակաս: 4 տարի շարունակ Թուրքիան Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության այլ ներկայացուցիչների քթից բռնած ֆռռցնում է` համոզելով, որ շուտով սահմանը բացվելու է:

Նիկոլ Փաշինյանն ուղիղ չորս տարի առաջ՝ 2022 թվականի հունիսին, հայ-թուրքական սահմանից սկիզբ առնող ճանապարհի վերանորոգման աշխատանքներին մասնակցող շինարարներին հորդորում էր արագացնել աշխատանքները, որ երբ սահմանը բացվի` նորոգված ճանապարհ լինի: Այդ ճանապարհը, ինչպեսեւ փաշինյանական իշխանության օրոք վերանորոգված այլ ճանապարհներ, արդեն քանդվում են, նոր վերանորոգման կարիք ունեն, բայց սահմանը չի բացվել: Հայաստանը միլիոններ ծախսեց` մաքսատուն կառուցեց այդ ճանապարհի վրա, տարբեր պատվիրակությունների տարան-բերեցին, ցույց տվեցին, թե ինչ հսկայական գործ են արել, բայց՝ անարդյունք: Մաքսատունը եւս քանդվում է, ինչպես ցանկացած չշահագործվող կառույց: Փաշինյանական իշխանությունը մսխեց Հայաստանի բյուջեի փողերը, ծախսեց մի բանի վրա, որը չի աշխատում: Հիմա նույն ձեւով ուզում են, որ ռուսական ընկերությունը միլիոններ ծախսի երկաթգծի վերականգնման վրա, երբ այդ երկաթգիծը չի աշխատելու: Ո՞վ է փոխհատուցելու ռուսների կատարած ներդրումները, հարցը միայն փողը չէ, այլ՝ արժանապատվությունը:

Երբ դու ինչ-որ մեկի հետ որեւէ հարցի շուրջ պայմանավորվածություն ես ձեռք բերում, երբ կատարում ես պայմանավորվածության քո մասը, իսկ դիմացինդ չի կատարում, եւ դրանից հետո գնում եւ նույն կողմի հետ այլ հարցի շուրջ ես սկսում բանակցել, իբրեւ թե պայմանավորվել, ուրեմն դու իրավունք ես տալիս, որ քեզ դնեն հիմարի հետ: Հայաստանի իշխանություն կոչվածները Թուրքիայի հետ 4 տարի առաջ պայմանավորվել էին, որ ամենասեղմ ժամկետում հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, 4 տարի թուրքական կողմը խաբեց եւ այդպես էլ չբացեց սահմանը, նույնիսկ նման խիստ սահմանափակումներով, բայց դրանից հետո հայկական կողմը սկսեց բանակցել իբրեւ թե երկաթուղին բացելու շուրջ: Սա մի՞թե ինքնասիրության եւ արժանապատվության պակասից չէ: Ալեն Սիմոնյանը կարող է իրեն նման բան թույլ տալ, ռուսները չեն ուզում, որ թուրքերն իրենց հետ այդպես վարվեն:

Ռուսաստանի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ տարբերությունն այն է, որ Ռուսաստանը ճանաչում է Հայաստանը որպես պետություն, ճանաչում է Հայաստանի իրավունքը, Թուրքիան եւ Ադրբեջանը չեն ճանաչում: Թուրքիան, էլ չենք խոսում Ադրբեջանի մասին, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել, սա Հայաստանը չճանաչելու ամենահստակ արտահայտությունն է, որքան էլ ՔՊ-ականները հակառակը պնդեն: Խաղաղության պայմանագիր ստորագրել-չստորագրելը երկիրը եւ դրա գոյությունը ճանաչելու հետ ոչ մի կապ չունեն։ Ճապոնիան եւ Ռուսաստանը 1945 թ. պատերազմից հետո տարածքային վեճերի պատճառով խաղաղության պայմանագիր չեն ստորագրել, բայց դա չի խանգարել նրանց դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Եվ երբ Հայաստանի իշխանությունը գիտակցված Հայաստանը տանում է Ռուսաստանի դեմ տնտեսական եւ աշխարհաքաղաքական բախման, նրա նպատակը միայն մեկը կարող է լինել` Հայաստանի պարտությունը եւ ոչնչացումը, Հայաստանի հանձնումն Ադրբեջանին եւ Թուրքիային, մի բան, որ նրանք հաջողությամբ արեցին Արցախի դեպքում, հիմա էլ հաջողված փորձն ուզում են կրկնել Հայաստանի մասշտաբով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են որոշ մարդիկ դեռ շարունակում հավատալ գործող իշխանություններին

Ինչո՞ւ են որոշ մարդիկ դեռ շարունակում հավատալ գործող իշխանություններին Fri, 05 Jun 2026 22:20:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով