Քաղաքական կոռուպցիայի հաղթարշավը

Քաղաքական կոռուպցիայի հաղթարշավը

Mon, 08 Jun 2026 20:45:47 +0400


Զարմանալի էր, նախորդ օրը, երբ անընդհատ Ֆեյսբուքն էի «թերթում» ու լրատվական կայքերն էի բացում-փակում, ծնվեց այսօրվա գրվելիք հոդվածի գաղափարն ու վերնագիրը: Վերնագիրը հենց այն էր, ինչ դուք տեսնում եք հիմա:

Չգիտեմ, դա ներքին կանխատեսում էր, թե, ինչպես սերբ Նիկոլո Տեսլան էր անվանում, «տիեզերքում թաքնված միջուկից» ստացված տեղեկատվություն: Որովհետև հավաքական ընդդիմության հաղթանակին հավատում էինք բոլորս՝ նույնիսկ գործող իշխանությունը: Այլապես գիշերվա կեսին նրա ներկայացուցիչները մեռելային դեմքերով հաղթանակ չէին հայտարարի՝ փորձելով ապահովել իրենց վերընտրությունը:

Ինչևէ, կոռուպցիան պետական ինստիտուտների խորքային քայքայման գործընթաց է: Երբ քեզ թվում է, թե պետական ապարատը գործում է, ու երկրում էլ լուրջ խնդիրներ չկան: Բայց ինչ-որ ժամանակ անց անհնար է դառնում նորմալ պետական կառավարումը: Ու դա հանգեցնում է կա՛մ խռովությանը և կա՛մ հարևաններից որևէ մեկի կողմից այդ պետության տարածքը զավթելուն: Չնայած առաջին տարբերակը ևս կարող է ավարտվել պետության կործանմամբ: Կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակը քաղաքական կոռուպցիան է: Այն, ինչի միջով անցնում են նորանկախ պետությունները: Որոնք կա՛մ հաղթահարում են այդ սպառնալիքը, կա՛մ էլ տասնամյակներով վերածվում են բռնապետությունների:

Անկախ Հայաստանում քաղաքական կոռուպցիան եղել է էն գլխից: Բայց այն աննորմալ չափերի հասավ հենց գործող իշխանության օրոք: Այսինքն, այն իշխանության, որ հաստատվեց ժողովրդի ուսերի վրայով: Ու դա կատարվեց առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո: Ու ինչպես մնացած բոլոր կարգախոսները կամ խոստումները՝ այդ մեկը ևս, ինչպես պարզվեց, գրված էր ավազի վրա: Ու այսօր, հետընտրական այս փուլում հանգիստ կարելի է պնդել քաղաքական կոռուպցիայի հաղթարշավի մասին:

Իսկ ո՞րն է քաղաքական կոռուպցիան: Դա այն դեպքն է, երբ իշխանություն ունեցող քաղաքական ուժը, նախ, կատարում է օրենսդրական փոփոխություն, ինչը մրցակիցների հետ հարաբերություններում արտոնություն է տալու այդ ուժին: Քանի որ պետական բոլոր լծակները գտնվում են նրա իշխանության ներքո: Այնուհետև օրենսդրական այդ փոփոխությունը կյանքի է կոչվում ընդդեմ մրցակիցների/ընդդիմության: Նիկոլական Հայաստանում օրենսդրական այդ փոփոխությունը վերաբերում էր ընտրակաշառքներին: Եվ արտաքնապես թվում է, թե գործող իշխանությունը կյանքի է կոչում իր տված խոստումներից մեկը՝ պայքարը կոռուպցիայի դեմ: Իրականում այն, ինչ տեղի էր ունենում վերջին տարում ու հատկապես նախընտրական ժամանակահատվածում, ոչ թե պայքար էր կոռուպցիայի դեմ, այլ հենց կոռուպցիայի հաղթարշավ:

Առաջնագծում, բնականաբար քննչական կառույցներն էին, հատկապես՝ հակակոռուպցիոնը: Որի վրա էր դրված ընտրակաշառքների բաժանման կամ դրա խոստման առումով կեղծ պատմություններ սարքելու ու դրանց հիման վրա ընդդիմադիրներ ձերբակալելու «սուրբ» պարտականությունը: Ձերբակալվում էին ոչ միայն շարքային ակտիվիստներ, այլ տարածքային ընդդիմադիր շտաբների աշխատակիցներ՝ նախագահով հանդերձ: Եվ օրվա վերջում նրանց ազատ են արձակել՝ ասելով, թե շփոթվել են: Ոստիկանական և քննչական պեսպրեդելը հասել էր այն աստիճանի, որ կեղծ մեղադրանքով ձերբակալվել են տեղամասային հանձնաժողովների կազմից՝ ընդդիմադիր նախագահներ և քարտուղարներ: Սա հենց քաղաքական կոռուպցիայի հաղթարշավի դրսևորում էր: Իսկ երբ լրագրողները կամ իրավապաշտպանները հայտնաբերում էին իշխանության ներկայացուցիչ իրական ընտրակաշառողների, դրանց առումով բացարձակ ոչ մի գործողություն չէր կատարվել: Նման բան պատկերացնել անգամ հնարավոր չէր մերժված նախինների օրոք:

Վերն ասվեց, որ քաղաքական կոռուպցիան քայքայում է պետական կառույցները: Հիմա բերենք երկու օրինակ՝ գողությունից մինչև մարդասպանություն, որ կատարվել է ծածուկ, և ընդդիմադիր քաղաքական ակտիվիստի գործունեություն: Առաջինի դեպքում պետք է գտնել կատարողին և գողոնը կամ սպանության գործիքը: Իսկ այնուհետև հիմնավորել կասկածյալին առաջադրված մեղադրանքը: Այդ ամենի համար պահանջվում է մտավոր և ֆիզիկական աշխատանք, ինչպես նաև երկար ժամանակ: Երկրորդի դեպքում «կասկածյալն» աչքի առաջ է, նրան հայտնաբերելու կարիք չկա: Նրա գործունեությունը բնութագրում են նախապես մշակված շտամպով և գործն ուղարկում դատարան: Այսինքն, չի պահանջվում ո՛չ աշխատանք և ո՛չ էլ ժամանակ: Գործող իշխանությունը երկրորդի համար տալիս է մեդալ ու պարգևավճար, իսկ առաջինն ընկնում է երկրորդ պլան: Պարզ չէ՞, պետական կառույցն աստիճանաբար դեգրադացվելու է ու չի կարողանալու կատարել հասարակական կարգուկանոնի պահպանության պարտականությունը:

Ահա այսպիսի ապագա է մեզ սպասվում նախորդ օրվա քվեարկությունից հետո: Եթե, իհարկե, վարչապետի աթոռից կառչած անձին հաջողվի պահպանել իշխանությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայք Թայսոնը Հայաստանու՞մ է

Մայք Թայսոնը Հայաստանու՞մ է Mon, 15 Jun 2026 14:45:51 +0400 Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ներկայում…

28 րոպե ago

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան

Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը․ Իշխան Սաղաթելյան Mon, 15 Jun 2026 14:32:29…

41 րոպե ago

Սա ուղղակի նախազգուշացում չէ, սա ահազանգ է բոլորիս

Սա ուղղակի նախազգուշացում չէ, սա ահազանգ է բոլորիս Mon, 15 Jun 2026 14:22:09 +0400 Մարդուն՝…

51 րոպե ago

Սա ստեղծում է լուրջ բնապահպանական վտանգ

Սա ստեղծում է լուրջ բնապահպանական վտանգ Mon, 15 Jun 2026 14:15:40 +0400 Բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը,…

58 րոպե ago

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Mon, 15…

1 ժամ ago

Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունեցել

Ծառուկյանը 5.7 մլն դոլար է շահել. ի՞նչ է տեղի ունեցել Mon, 15 Jun 2026 13:45:26…

1 ժամ ago