Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը

Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը

Mon, 08 Jun 2026 23:00:12 +0400


«Գեղարդ» վերլուծականը գրում է.

Ադրբեջանցի հնագետներն օրերս հայտարարեցին իրենց «բացառիկ հայտնագործության» մասին։ Ըստ նրանց՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Օձասար (Իլանդաղ) կոչվող ժայռի վրա, իբր գտել են 2800-ամյա հնության ուրարտական արձանագրություն, որն, տեղադրության նշման բացակայության պատճառով, ավելի քան 4 տասնամյակ անհայտ էր։

Թարմացնենք ադրբեջանցի հնագետների հիշողությունը։

Ուրարատական սեպագիր արձանագրությունը հայտնաբերվել է դեռևս 1988 թվականին՝ երկրաբան-հնագետ Վալերի Իգումնովի կողմից։

1997 թ․ «Պատմա-բանասիրական հանդեսի» 1-ին համարում տպագրված «Օձասարի սեպագիր արձանագրությունը» վերտառությամբ հոդվածում (հեղինակությամբ՝ Վ․Ա․ Իգումնովի, Հ․Հ․Կարագյոզյանի, Ս․Գ․Հմայակյանի) ամենայն մանրամասնությամբ ներկայացված են հայտնաբերված արձանագրությունը, դրա տեղակայումը, թարգմանությունն ու բովանդակությունը, արձանագրության մեկնությունները։ Նշված է, որ արձանագրությունը «փորագրվել է մ․թ․ա․ 9-րդ դ․ վերջին քառորդին՝ 820-ական թթ․։ Այն կազմված է Իշպուինեի անունից, փորագրված է, սակայն, Մինուայի հրամանով»։ 1988 թ․ հայտնաբերված այս արձանագրությունը Վ․Ա․ Իգումնովը երկրորդ անգամ լուսանկարել, նկարագրել ու չափագրել է 1989 թ․։

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և մարդաբանության ինստիտուտը հայտարարում է, որ արձանագրությունը կարևոր աղբյուր է տարածաշրջանի հնագույն պատմության ուսումնասիրության համար՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի պատմական ժառանգության մաս:

Արձանագրության շուրջ ձևավորված մեկնաբանություններն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության շրջանակներում են, ուր տարածաշրջանի հայկական բազմաթիվ հուշարձաններ ներկայացվում են որպես «ադրբեջանական» ժառանգություն:

«Խալդի աստծո պաշտպանությամբ, Սարդուրիի որդի Իշպուինին, (և) Իշպուինիի որդի Մենուան նվաճեցին Արսինի քաղաքը։ Նրանք (բառացի՝ նա) պարտության մատնեցին Արշինի քաղաքի երկիրը, նվաճեցին Անիանի քաղաքի երկիրը և ավերեցին այն։ Դա (?) [ … ] էր։ Նա կանգնեցրեց կոթող Խալդի աստծո համար։ Պուլուադի երկրում նա հաստատեց մի ծես. Նա (ծիսակատարը) կարող էր զոհաբերել [եզ] Խալդի աստծուն և մեկ կով՝ Պուլուադի երկրի՝ Խալդի աստծո կնոջը»։

Այս արձանագրությունը վերաբերում է ուրարտական ժամանակաշրջանի ռազմական և կրոնական քաղաքականությանը։ Տեքստում հիշատակվում են Իշպուինի և Մենուա թագավորները (մ.թ.ա. 9-8-րդ դդ․)։ Վերջիններս հայտնի են որպես Ուրարտուն հզորացնողներ՝ ամրոցներ կառուցելով, տարածքներ նվաճելով և Խալդի աստծո պաշտամունքը պետական կրոն դարձնելով։

Արսինի և Անիանի քաղաքների նվաճումը ցույց է տալիս Ուրարտուի տարածքային ընդլայնման քաղաքականությունը։ «Նվաճեցին» և «ավերեցին» բառերն ընդգծում են ուրարտացիների ռազմական հաղթանակը՝ որպես ուժի ցուցադրում։ Հաղթանակից հետո Խալդի աստծո համար կոթողի կանգնեցումը բնորոշ է ուրարտական ավանդույթին՝ ռազմական հաջողությունները կապել աստվածային հովանավորության հետ։ Խալդին Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածն էր, և նրա պաշտամունքն ամրապնդում էր թագավորի լեգիտիմությունը, իսկ նվաճված տարածքներում սահմանված հատուկ ծեսով՝ զոհաբերություն Խալդիին և նրա «կնոջը», անմիջապես հաստատվում է ուրարտական կրոնական համակարգը՝ որպես քաղաքական վերահսկողության միջոց։

Նախիջևանի Ջուղայի (Ջուլֆա) շրջանում՝ հայկական Խոշակունիք բնակավայրի մոտ գտնվող Օձասար լեռան արևմտյան մասում, 100 սմ երկարությամբ, 5 տողից բաղկացած, ժամանակի ընթացքում հողմահարված արձանագրությունն օրերս դարձավ ադրբեջանական քաղաքական քարոզչության գործիք, և ժամանակակից ազգային ինքնությունների հետ դա արհեստականորեն կապելը ստվերում է արձանագրության պատմագիտական իրական արժեքն ու նշանակությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

5 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

6 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

6 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

7 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

7 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

7 ժամ ago