Զինվորների քվեարկությունը, որն այս ընտրությունների ժամանակ ծառայել է ՔՊ-ին

Զինվորների քվեարկությունը, որն այս ընտրությունների ժամանակ ծառայել է ՔՊ-ին

Tue, 09 Jun 2026 20:47:38 +0400


Մի կողմից մենք շատ դանդաղ ազգ ենք` հետ նայող, պատմական անցքերից մեր հայացքը չկտրող, մյուս կողմից հարցեր կան, որտեղ անասելի շտապում ենք, իսկ ժողովրդական ասացվածքն ասում է` վռազողին տղա չի ծնվում (թեեւ 21-րդ դարում տղա, թե աղջիկ` ի՞նչ տարբերություն): Ընտրություններից ընդամենը 2 օր է անցել ու ազգովի բուռն քաղաքագիտական քննարկումների մեջ ենք ներքաշվել` վերցնի՞ ընդդիմությունը մանդատները, թե` ոչ: Ինչպես ասում են` ընտրական արձանագրությունների թանաքը դեռ չի չորացել, իսկ մենք արդեն մանդատների հարցն ենք քննարկում…

Մինչդեռ ես շատ կուզենայի, որ մինչեւ մանդատներին հերթը հասներ, արագանային այլ իրադարձություններ-քննարկումներ ու հանրային ռեակցիան էլ այսքան դանդաղ չլիներ: Մի քիչ ավելի խելամիտ ու գործուն քայլեր քննարկեինք այս պահին: Նոր, հետաքրքիր մտքեր ու առաջարկներ անեինք: Ինչու չէ` ստիպեինք ընդդիմությանն այդ առաջարկներն ընդունել եւ դուրս գալ պասիվ դիտորդի կարգավիճակից: Ի վերջո, ոչ միայն ընդդիմությունը կարող է լինել հասարակության լոկոմոտիվը (դասական մոդելն, իհարկե, դա է), հասարակությունն էլ կարող է նման լոկոմոտիվի դեր խաղալ, պատվեր իջեցնել, մեսիջներ փոխանցել, ուղղորդել քաղաքական ուժերին:

Իսկ այսպես ստացվում է` քաղաքական ուժերը պասիվ են, որովհետեւ հանրությունը դժվար է արձագանքում` պատրաստ չէ ակտիվ պայքարի ու գործողությունների, հանրությունն էլ պասիվ է, որովհետեւ քաղաքական ուժերն ակտիվ ու նախաձեռնող չեն: Փակ շրջան է: Եւ միանգամայն իրավացի են նրանք, ովքեր ասում են` ընտրություններից երկու օր է անցել… աուո~ւ ընդդիմություն, ի՞նչ բանի ես: Հանրությունն ասում է ու ինքն էլ իր իմացածն է անում` նախաձեռնում է մանդատների հետ կապված վաղաժամ ու ոչ այնքան տեղին խոսակցություն:

Իհարկե, պարզ է, որ այս օրերին ընդդիմադիր ուժերը զբաղված են արդյունքների վերահաշվարկներով, քվեարկությունների ճշգրտումներով, որտեղ պարզվում է` խայտառակ խախտումներ են եղել: Բայց պետք է մի քանի ֆրոնտով եւ արագ աշխատել, դաշտը պարապ չթողնել: Ամեն ժամ տեղեկատվություն փոխանցել հանրությանը, հայտարարություններով, ասուլիսներով հանդես գալ: Հիմա սխալ քայլ չկա, կա մի սխալ` լռությունը, պասիվությունը, ոչինչ չանելը…

Իսկ ձեր լռությունն ու պասիվությունը կոնկուրենտ ճամբարն արդեն լցնում է իր օրակարգով` փորձում է նորմալ ընտրությունների տպավորություն թողնել, եւրոպացիների շնորհավորական թվիթներով մոլորեցնել մարդկանց: Եւ ամենակարեւորը` վենդետայի անիվն են արդեն գործի դրել. սպառնալիքներ, նոր քրեական վարույթներ, հաղորդագրություններ: Մարդն արյան ծարավ ունի, որը ոչ մի կերպ չի հագենում…

Անկեղծ ասած` այս թեման ինձ ամենից շատ է զայրացնում ու ապշեցնում (ավելի` քան ցանկացած այլ արարք). մարդ, որը մոտ 2 տարի բանտում է անցկացրել (կապ չունի` արդար, թե անարդար) ուրիշ «հերոսի» անուն չգիտի` բացի կալանքն ու քրեական պատիժը: Գուցե այդ երկամյա կալանքը եղել է իր համար ամենադաժան պատիժը եւ ուզում է իր աթոռին հավակնող, ըստ այդմ` իր թշնամիները դարձած մարդկանց ինչքան հնարավոր է մեծ ցավ պատճառել եւ ուրիշ միջոց չի գտնում:

Եւ այնքան է կորցրել չափի զգացումը, ինքնատիրապետումը, այնքան է ոտնահարել Սահմանադրությունն ու օրենքները, որ հենց կառավարության նիստի ժամանակ կոնկրետ մարդկանց անուններ է տալիս եւ հայտարարում, որ «նստելու են», անգամ պատժաչափ է բարձրաձայնում: Սենց բան երեւի աշխարհը չէր տեսել… Նման հայտարարություն անող մարդը, եթե ուրիշ ոչ մի մեղք չունենար, սա բավական պետք է լիներ, որ ոչ մի նորմալ մարդ սրան ձայն չտար: Նման մի հայտարարությունը բավական պետք է լիներ, որ եւրոպացի գործընկերները երես թեքեին իրենից, մինչդեռ շնորհավորական տեքստեր են գրում` «ժողովրդավար» անվանելով բռնապետին…

Միայն այս ընտրությունների նախընտրական ու քվեարկության օրվա իրադարձությունները բավական են, որ այլեւս ոչ ոք երբեք Փաշինյանի մասին «ժողովրդավար» բառը չօգտագործի եւ նրան դասի բռնությամբ իշխանություն պահող, կյանքի գնով վերարտադրվող բռնապետների շարքին…

ՀԳ Նկարում զինվորների քվեարկությունն է, որն այս ընտրությունների ժամանակ ծառայել է ՔՊ-ին, ինչպես «հին ու բարի» ժամանակներում նախկիններին էր ծառայում, բայց նրանք գոնե «ազատ ու արդար» ընտրություններից չէին ճամարտակում, ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործողներին իրենց «անձնական թշնամի» չէին հռչակում ու չէին ասում` «այլեւս Հայաստանում փակվել է ընտրակեղծարարության էջը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը

Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը Sun, 25 Oct 2026 16:49:11 +0400 Ժամը 14:00-ի դրությամբ հրապարակվել…

8 րոպե ago

Այսպիսի խախտումների արդյունքում ընտրությունների արդյունքները չեն կարող լինել լեգիտիմ

Այսպիսի խախտումների արդյունքում ընտրությունների արդյունքները չեն կարող լինել լեգիտիմ Sun, 25 Oct 2026 16:45:21 +0400…

12 րոպե ago

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ․ ՆԳՆ

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ․ ՆԳՆ Sun, 25 Oct 2026 16:43:21 +0400 Հոկտեմբերի…

14 րոպե ago

Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է

Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Sun, 25 Oct 2026 16:36:53 +0400 Արթիկ…

21 րոպե ago

Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը

Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը Sun, 25 Oct 2026 16:30:03 +0400 Մելանյա Թրամփը չի…

28 րոպե ago

Կենդանակերպի երեք նշանի եկող շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց պայմանով

Կենդանակերպի երեք նշանի եկող շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց պայմանով Sun, 25 Oct 2026…

43 րոպե ago