«Հրապարակ»․ Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եվրադիտորդները չեն կարողացել աչք փակել

«Հրապարակ»․ Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ եվրադիտորդները չեն կարողացել աչք փակել

Wed, 10 Jun 2026 08:45:24 +0400


Չնայած Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության նկատմամբ Արեւմուտքի կողմնապահ վերաբերմունքին, ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության (ԵԽ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ ԽՎ) նախնական եզրակացության մեջ հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ մի շարք ուշագրավ արձանագրումներ են կատարվել։ Խախտումներն այնքան շատ են եղել, որ անգամ նիկոլասեր եվրոպացիները չեն կարողացել բոլորի վրա աչք փակել:
Զեկույցը, բնականաբար, ամբողջական իրավիճակը չի արտացոլում եւ առավել կենտրոնացված է Ռուսաստանի՝ նախընտրական քարոզչությանը միջամտության վրա։ Սակայն տեղ են գտել նաեւ իշխանությունների կողմից իրականացված չարաշահումների վերաբերյալ որոշ գնահատականներ։

Մասնավորապես արձանագրվել է, որ նախընտրական քարոզարշավը եղել է ակտիվ եւ հիմնականում խաղաղ, սակայն խիստ բեւեռացված, սադրիչ հռետորաբանությամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուի կողմից։ «Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ եւ պառակտող հռետորաբանությամբ, ինչպես նաեւ՝ ձայների գնման եւ ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրել են ընդդիմության թեկնածուների եւ ակտիվիստների նկատմամբ բազմաթիվ քրեական վարույթների հարուցմանը, ինչի հետեւանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ են մնացել քարոզարշավին ակտիվ մասնակցելուց։ Այս հանգամանքները, ինչպես նաեւ պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու նպատակով գործադրված ճնշումները եւ վերջերս ներդրված սոցիալական եւ տնտեսական միջոցառումները մտահոգություններ են առաջացրել քարոզչություն իրականացնելու հնարավորությունների հավասարության առնչությամբ»,- գրված է զեկույցում։

Արձանագրել են, որ 2026 թ․ կատարված որոշ փոփոխություններ ներդրվել են արագացված կարգով, սահմանափակ քննարկումների արդյունքում, առանց քաղաքական ուժերի լայն աջակցության, ընդ որում դրանցից մի քանիսն ընդունվել են ընտրությունները նշանակվելուց հետո, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային լավագույն փորձին: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել եւ ստացել է բազմաթիվ հաղորդումներ, որոնցից մի քանիսը գնահատել է որպես արժանահավատ` իշխող կուսակցության նախընտրական միջոցառումներին մասնակցելու նպատակով ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։

«Ընդհանուր քաղաքական միջավայրը բնութագրվում էր նաեւ կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարության միջեւ առկա լարվածությամբ, ինչպես նաեւ՝ մի շարք նախկին պաշտոնատար անձանց, եկեղեցական առաջնորդների եւ հայտնի ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան»-ի գործող ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործերով եւ ձերբակալություններով։ Թեեւ իշխանությունները պնդում էին, որ այդ գործերը հիմնականում միտված են եղել կոռուպցիայի կանխարգելմանը կամ սահմանադրական կարգի պաշտպանությանը՝ իշխանությունը բռնի զավթելու փորձերից, այնուամենայնիվ, ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակության որոշ կազմակերպություններ դրանք դատապարտել են որպես քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ պնդելով, որ դրանք նպաստել են վախի մթնոլորտի ձեւավորմանը։ Վերջին տարիներին մի շարք միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններ արձանագրել են խոսքի եւ հավաքների հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի նվազում, ինչպես նաեւ մտահոգություններ են հայտնել մինչդատական կալանքի չափազանց լայն կիրառման, ոստիկանության կողմից թույլ տրված չարաշահումների ոչ բավարար քննության եւ դատական իշխանության անկախության թուլացման վերաբերյալ»։

Եվրադիտորդների գնահատմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է նրա իրավական պարտավորություններին եւ հանրային առաքելությանը։ ԵՄ եւ ԱՄՆ որոշ առաջնորդներ հրապարակավ աջակցություն են հայտնել վարչապետին, ինչը ՄԸԴԱ-ի հետ հանդիպած ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը գնահատել է որպես արտաքին ուժերի ներգրավվածություն՝ հօգուտ իշխող կուսակցության։

Զեկույցում արձանագրել են, որ ՀՀ վարչապետը կիրառել է վիրավորական եւ հրահրող արտահայտություններ, այդ թվում՝ տեղահանված հայ փախստականների հասցեին։ Վարչապետը նաեւ հրապարակայնորեն սպառնացել է ընդդիմադիր թեկնածուներին հետաքննություններով եւ նրանց պատկանող ընկերությունների ազգայնացմամբ։ Ընտրություններից առաջ կառավարության կողմից ներդրվել են մի շարք սոցիալական եւ տնտեսական միջոցառումներ, ինչը հակասում է ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին, որոնք պահանջում են պետության եւ քաղաքական կուսակցությունների միջեւ հստակ տարանջատում, եւ կարող է խաթարել ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար հավասար հնարավորությունների սկզբունքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ

Արամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետ Thu, 05 Nov 2026…

12 րոպե ago

Էյֆելյան աշտարակը փակվել է․ որն է պատճառը

Էյֆելյան աշտարակը փակվել է․ որն է պատճառը Thu, 05 Nov 2026 22:00:00 +0400 Ֆրանսիայում անցկացվող…

17 րոպե ago

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում Thu,…

25 րոպե ago

Գիքորը ԵՄ է գնում

Գիքորը ԵՄ է գնում Thu, 05 Nov 2026 21:45:34 +0400 Եկավ քաղաք` դորդուփեշ արեց, հիմա…

31 րոպե ago

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Thu, 05 Nov…

38 րոպե ago

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին Thu, 05 Nov 2026 21:30:03 +0400 Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ…

47 րոպե ago