Էյֆելյան աշտարակը փակվել է․ որն է պատճառը
Thu, 05 Nov 2026 22:00:00 +0400
Ֆրանսիայում անցկացվող համազգային բողոքի ցույցերի պատճառով Փարիզի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար։ Աշտարակի պաշտոնական կայքում նշվել է, որ փակումը պայմանավորված է երկրում անցկացվող համազգային ցույցերով։
Ֆրանսիայի իշխանությունների գնահատմամբ՝ բողոքի ակցիաներին երկրի տարբեր շրջաններում կարող է մասնակցել մինչև 700 հազար մարդ, որից շուրջ 80 հազարը՝ Փարիզում։ Հասարակական կարգի պահպանման նպատակով նախատեսվում է ներգրավել մոտ 70 հազար ոստիկան և ժանդարմ։
Ցույցերն անցկացվում են երկրի խոշորագույն արհմիությունների կոչով։ Բողոքի շարժումը Ֆրանսիայում սկսվել է սեպտեմբերին՝ Փարիզում, ապա տարածվել երկրի այլ շրջաններում։ Սկզբնական շրջանում ակցիաներին մասնակցում էին հիմնականում ավագ դպրոցի աշակերտները, որոնց հետագայում միացել են նաև համալսարանների ուսանողները։
Ցուցարարները դժգոհում են կրթական համակարգում առկա խնդիրներից՝ դասարանների գերբնակեցումից, դպրոցական շենքերի անմխիթար վիճակից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտի անբավարար ֆինանսավորումից։