Որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից․ ՀԱԿ

Որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից․ ՀԱԿ

Thu, 11 Jun 2026 22:42:32 +0400


Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանել ազատ, արդար և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։

Կուսակցության գնահատմամբ՝ ընտրական գործընթացն ուղեկցվել է համակարգային խախտումներով, վարչական ռեսուրսի լայն կիրառմամբ, ընդդիմության նկատմամբ ճնշումներով և հնարավոր ընտրակեղծիքներով, ինչի հետևանքով հրապարակված արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ ՀԱԿ-ը նաև կոչ է արել անցողիկ ընդդիմադիր ուժերին չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր հնարավորությունները ծառայեցնել իշխանափոխության նպատակին։

«2026 թվականի հունիսի 7-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունները, մեր գնահատմամբ, չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին։ Ընտրական ամբողջ գործընթացը նշանավորվեց իշխանությունների կողմից իրականացված համակարգային և զանգվածային խախտումներով, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում հրապարակված արդյունքների արժանահավատությունն ու ընտրողների ազատ կամարտահայտության իրական արտացոլումը։

Մասնավորապես՝

● Քվեարկության ավարտից հետո՝ ժամը 20:00-ից մինչև 01։00-ն մի շարք տեղամասերում կազմակերպված բանակի ուղղորդված քվեարկությունը աննախադեպ խախտում է, որը հակասում է ընտրական գործընթացի թափանցիկության ու հավասարության սկզբունքներին, և պահանջում է համակողմանի քննություն։

● Իշխանությունն ամբողջ ծավալով կիրառել է վարչական ռեսուրսը՝ պետական կառավարման համակարգը ծառայեցնելով սեփական ընտրական շահերին։

● Իշխանության նախընտրական քարոզչության նպատակով լայնորեն օգտագործվել են պետական և համայնքային բյուջեների միջոցները, պետական հիմնարկների, համայնքային կառույցների և պետական ռեսուրսների հնարավորությունները՝ կոպտորեն խախտելով հավասար մրցակցության սկզբունքը։

● Հանրային հեռուստատեսությունը կոպտորեն խախտել է քաղաքական ուժերի նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքը՝ քարոզարշավի ընթացքում ակնհայտ տեղեկատվական առավելություն ապահովելով իշխանությանը։

● Ընտրական ողջ գործընթացն ուղեկցվել է ընդդիմության ներկայացուցիչների, վստահված անձանց, ակտիվիստների և ընտրողների նկատմամբ ճնշումներով, ահաբեկմամբ, ատելության խոսքով, ապօրինի ձերբակալություններով և քրեական հետապնդումներով, որոնք շարունակվել են նույնիսկ քվեարկության օրը։ Ձերբակալվել են ընդդիմադիր բազմաթիվ ղեկավարներ և ակտիվիստներ՝ խաթարելով ազատ քաղաքական մրցակցությունը։

● Բազմաթիվ տեղամասերից ստացվել են տեղեկություններ ընտրողների ուղղորդված և վերահսկվող քվեարկության, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ինչպես նաև իշխանության օգտին կատարված հավելագրումների և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրված այլ լուրջ խախտումների վերաբերյալ։

● Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության և ձայների հաշվարկի ընթացքում արձանագրվել են էլեկտրաէներգիայի անջատումներ, որոնք էականորեն խաթարել են գործընթացի թափանցիկությունը և լրացուցիչ կասկածներ առաջացրել հաշվարկի օրինականության վերաբերյալ։

● Մի շարք համայնքներում ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է բռնություններով, սպառնալիքներով, ֆիզիկական ճնշումներով և այլ ապօրինի գործողություններով։

● Արձանագրվել են արտաքին դերակատարների միջամտության բազմաթիվ դրսևորումներ, որոնք, մեր գնահատմամբ, բացասաբար են ազդել ընտրական գործընթացի ազատության և հավասարության վրա։

● Ընտրական տեղամասերի ընդամենը 10 տոկոսի (իսկ քվեարկությանը մասնակցած ընտրողների 5 տոկոսից էլ պակաս) արդյունքների հրապարակումից հետո սեփական հաղթանակի մասին իշխանության հրապարակային հայտարարությունն արվել է այն պահին, երբ դեռ տեղամասերի մեծամասնությունում հաշվված չէին քվեների մեծ մասը։ Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները, նախնական տվյալներով չստանալով իրենց ակնկալած արդյունքները, որոշել էին այդ հայտարարությամբ կոպտորեն միջամտել ընտրական գործընթացին եւ ապօրինաբար փոխել քվեարկության վերջնական արդյունքը։

● Մաթեմատիկական վերլուծությունը, հիմնված Գաուսի կորի անոմալիաների գնահատման մեթոդի վրա, երևան է հանում իշխանության օգտին տասնյակ հազարավոր ձայների կեղծման ապացույցներ, ինչը պահանջում է անկախ մասնագիտական փորձաքննություն և միջազգային մակարդակով գնահատական։

Վերոնշյալ հանգամանքների ամբողջությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ընտրությունների հրապարակված արդյունքները չեն կարող համարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ, հավասար և անկաշկանդ կամարտահայտության անվիճելի արտահայտություն։ Ուստի, այսպիսի ընտրություններով ձևավորվելիք կառավարությունը չի կարող համարվել օրինակարգ։ Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, միջազգային դիտորդական առաքելություններին և ժողովրդավարական արժեքներին հավատարիմ միջազգային կազմակերպություններին իրականացնել ներկայացված բոլոր փաստերի և պնդումների համապարփակ, անկախ և անաչառ քննություն։ Տալ յուրաքանչյուր խախտման իրավական գնահատականը և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վերականգնման համար։

Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ արդյունավետ և լեգիտիմ իշխանություն միայն այն դեպքում, երբ իշխանության ձևավորման հիմքում դրված է ժողովրդի ազատ կամարտահայտությունը, այլ ոչ թե վարչական ճնշումը, անհավասար մրցակցությունը, վախի մթնոլորտը և ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը խաթարող համակարգային խախտումները։ Միևնույն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործել ապօրինի ռեժիմն իշխանությունից հեռացնելու համար»,- ասվում է հայտարարությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով նոր նիստ է հրավիրել

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ուկրաինայի հարցով նոր նիստ է հրավիրել Sun, 23 Aug 2026 17:30:14 +0400 ՄԱԿ-ի…

19 րոպե ago

Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում

Բանակում առնվազն մեկ ամիս է՝ միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում Sun, 23 Aug 2026…

33 րոպե ago

«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան

«Անկախության հռչակագիրը մեր պետականության անկյունաքարն է՝ քաղաքական օրակարգերից վեր»․ Ուժեղ Հայաստան Sun, 23 Aug 2026…

43 րոպե ago

Ընտրություններ՝ Ղազախստանում․ ինչ է հայտնի այս պահին

Ընտրություններ՝ Ղազախստանում․ ինչ է հայտնի այս պահին Sun, 23 Aug 2026 17:00:58 +0400 Ղազախստանի Կուրուլթայի…

48 րոպե ago

«ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից

«ՀայաՔվեն» հորդորում է իշխանություններին «ձեռքերը հեռու պահել» Անկախության հռչակագրից Sun, 23 Aug 2026 16:45:33 +0400…

1 ժամ ago

Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր

Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր Sun, 23 Aug 2026 16:30:30 +0400 Թունիսի ափերի…

1 ժամ ago