Փաշինյանը Ռուսաստանին ուղղված 2 «քաղաքական ռեւերանս» արեց

Փաշինյանը Ռուսաստանին ուղղված 2 «քաղաքական ռեւերանս» արեց

Fri, 19 Jun 2026 15:15:11 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երկու հայտարարություն է արել, որոնք գոնե ինձ համար ուշագրավ են։ Նախ՝ կառավարության նիստում հայտարարել է, որ անորակ ապրանք չպետք է արտահանել ինքնիշխանության հաշվին։ Նա դա համարել է անտրամաբանական եւ մերժելի։ Ասել է, որ ստանդարտներին համապատասխանող ապրանք արտադրողներին պետությունը շարունակելու է աջակցել, իսկ չհամապատասխանողին՝ ոչ։ Մյուս հայտարարությունն արել է լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ասելով, որ առաջիկայում ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, եւ ինքը նախատեսում է դրանց մասնակցել։ Խոսքը 2026-ի օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին է։ Անկախ այն հանգամանքից, թե ներհայաստանյան քաղաքական կամ հանրային քննարկումներում իշխանական կամ մերձիշխանական խոսափողներն ինչ որակի հակառուսական խրոխտ հայտարարություններ են հնչեցնում, ինձ համար կոնկրետ այս երկու հայտարարությունն ունի որոշակի պրոռուսական կոնտեքստ։ Փորձեմ բացատրել, թե ինչու։

Ռուսաստանն այս պահին Հայաստանի տնտեսության համար բավականին ցավոտ ու զգալի սահմանափակումներ է կիրառել՝ օգտագործելով Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների որակական ստուգման հետ կապված անհամապատասխանությունները։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը ոչ թե ուղիղ ասում է, թե գիտե՞ս, պաշտոնական Երեւան, դու Զելենսկուն բերեցիր, հարթակ տրամադրեցիր, թույլ տվեցիր, որ մեր հասցեին «վայրահաչի», դե, դրա համար էլ հիմա մենք քո «այս, այս ու այս» ապրանքները թույլ չենք տա, որ ո՛չ մեզ արտահանես, ո՛չ էլ մեր տարածքով տրանզիտ անես։ Այլ գտնում է որակական խնդիրներ, ընդունված ստանդարտներին անհամապատասխանություններ եւ արգելանքներ կիրառում։ Ու հիմա, երբ Հայաստանի ղեկավարը կառավարության նիստում, այսինքն՝ իր պաշտոնական խոսույթում ասում է, թե ինքնիշխանության հաշվին անորակ ապրանք արտահանելն անտրամաբանական է, ապա ըստ էության ընդունում է, որ Ռուսաստանի կողմից լիազորված մարմնի՝ «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական արտադրանքում «հայտնաբերված» եւ արգելանքի համար ֆորմալ պատճառ դարձած խնդիրներն իրականում կան, ու խնդիրն այստեղ հայ արտադրողն է կամ հայ գյուղացին։

Իհարկե, Փաշինյանի խոսքում նաեւ կա ակնարկ, որ սահմանափակումները քաղաքական ենթատեքստ ունեն, եւ եթե, օրինակ, ինքը Զելենսկուն հարթակ չտրամադրեր, ապա, առկա որակական խնդիրներով հանդերձ, հայկական արտադրանքը գուցեեւ շարունակեր անարգել մտնել ռուսական շուկա կամ տրանզիտ արվեր Ռուսաստանով։ Սակայն դա, ըստ Փաշինյանի խոսքի տրամաբանության, կարող էր նշանակել ի գին ինքնիշխանության արվող արտահանում։ Մյուս հայտարարությունը կապված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի հետ։ Ինչպես հայտնի է, 2026-ի օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Փաշինյանն արդեն հունիսի 18-ին հայտարարում է, որ մասնակցելու է այդ նիստին։ Իհարկե, Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է մասնակցել այդ նիստին։ Սակայն կա մի նյուանս։

Իմ կարծիքով, առնվազն մինչեւ այդ նիստի օրը Ռուսաստանը պետք է ճանաչի Հայաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունները։ Եթե չճանաչի, ապա անհասկանալի կլինի, թե Փաշինյանն ինչ կարգավիճակով է մասնակցելու այդ նիստին։ Եթե Ռուսաստանը որոշի չճանաչել Հայաստանում տեղի ունեցած հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները, ապա այն պահից սկսած, երբ գործող ՀՀ ԱԺ լիազորությունների ժամկետը լրանա, եւ սկսի գործել նոր ԱԺ-ն, ձեւավորվել նոր գործադիր իշխանությունը Հայաստանում, ապա Ռուսաստանի համար այն չի համարվի օրինական։ Փաշինյանն առայժմ Ռուսաստանի համար Հայաստանի լեգիտիմ վարչապետն է, որովհետեւ գործում է որպես 2021 թվականի ընտրություններով ձեւավորված խորհրդարանի կողմից ընտրված վարչապետ։ Հենց այստեղ է հարցը, ու Փաշինյանի համար շատ կարեւոր է, որ Մոսկվան ճանաչի Հայաստանում հունիսի 7-ի ընտրությունները, որպեսզի նաեւ ինքն առաջիկա հինգ տարվա համար, որպես վարչապետ, Մոսկվայի կողմից ընկալվի որպես օրինական, լեգիտիմ ղեկավար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բիզնեսը՝ նոր պահանջների շեմին

Բիզնեսը՝ նոր պահանջների շեմին Wed, 16 Sep 2026 14:45:48 +0400 ԶՊՄԿ-ն հրապարակել է Կայուն զարգացման…

14 րոպե ago

Այս պատերազմում հաղթող չի լինի․ Զելենսկու ծանր խոստովանությունը

Այս պատերազմում հաղթող չի լինի․ Զելենսկու ծանր խոստովանությունը Wed, 16 Sep 2026 14:30:28 +0400 Ուկրաինայի…

30 րոպե ago

Պետությունը չի ֆինանսավորում, մարզիկներն իրենք են հոգում աշխարհի առաջնության մեկնելու ծախսերը

Պետությունը չի ֆինանսավորում, մարզիկներն իրենք են հոգում աշխարհի առաջնության մեկնելու ծախսերը Wed, 16 Sep 2026…

30 րոպե ago

Վաղը ձեր բիզնեսն են փակելու՝ հարկային ստուգումներ անվան տակ

Վաղը ձեր բիզնեսն են փակելու՝ հարկային ստուգումներ անվան տակ Wed, 16 Sep 2026 14:21:44 +0400…

38 րոպե ago

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին․ ինչ են պահանջում

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին․ ինչ են պահանջում Wed, 16 Sep 2026…

41 րոպե ago

ՀՅԴ-ն իր պատմության ընթացքում անսխալական չի եղել, բայց երբեք չի գործել պետության դեմ

ՀՅԴ-ն իր պատմության ընթացքում անսխալական չի եղել, բայց երբեք չի գործել պետության դեմ Wed, 16…

42 րոպե ago