ԿԳՄՍՆ, երեխայի կրթության իրավունքն եք խախտում
Tue, 23 Jun 2026 20:45:47 +0400
Հունիսի 23–ին՝ ժամը 09:00-ից առաջին դասարանցիներ ունեցող ծնողները ստարտի վրա սպասում էին, որ հայտագրեն իրենց երեխաներին նախընտրած դպրոցի առաջին դասարան։ 2026–2027 ուսումնական տարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման փուլի մեկնարկն այսօր էր։ Վերջին տարիներին իբրեւ թե կոռուպցիայի պայքարի շրջանակներում երեխաներին առաջին դասարան հայտագրումը կազմակերպվում է օնլայն տարբերակով, ինչը ծնողների կյանքն ուղղակի դժոխքի է վերածել։ Իսկ այս տարի դժգոհությունը գերազանցել է բոլոր անխկին տարիների դժգոհություններին, քանի որ հայտագրման կայքն է փոխվել եւ մեծ դժվարություններ են առաջացել։ Հաղորդակցությունների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անգամ կատակել էր, որ դեսպանատներում օր վերցնելն ու երեխային առաջին դասարան հայտագրելը ճանաչվել են քույր-մայրաքաղաքներ։
Պարզվում է՝ համակարգից օգտվելը շատ բարդ է, այս տարի նաեւ պահանջվել է, որ ծնողն էլեկտրոնային հասցե ունենա եւ այլն։ Ծնողների դժգոհությունն այս տարի շատ մեծ ալիք է բարձրացրել, մարդիկ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում վրդովված գրառումներ են անում՝ պատմելով, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնել։
Ներկանացնում ենք այդ մեկնաբանություններից մի քանիսը.
Անի Մկրտչյան. «Հարգելի՛ պատասխանատուներ, ինչո՞ւ է my.emis.am կայքն անհասանելի և ինչո՞ւ թեժ գիծը չի գործում։ Խնդրում ենք հրատապ քայլեր ձեռնարկել և պաշտոնական տեղեկատվություն տրամադրել խնդրի պատճառների ու լուծման ժամկետների վերաբերյալ»։
Եվա Մովսեսյան. «Ինչո՞ւ է այդքան բարդացված գործընթացը։ Իսկ եթե չունես ID, էլ․ստորագրություն, համացանցի հասանելիություն և այլն, չե՞ս կարող երեխայիդ դպրոց ուղարկել։ Ստացվում է, որ երեխայի կրթության իրավունքն եք խախտում»:
Թեհմինե Գրիգորյան. «Հարգելի՛ պատասխանատուներ,
Ցանկանում եմ իմ դժգոհությունը հայտնել դպրոցների ընդունելության կայքի աշխատանքի վերաբերյալ։
Կայքի բազմաթիվ խնդիրների և թերի աշխատանքի պատճառով ես չկարողացա ժամանակին գրանցել երեխայիս իմ նախընտրած դպրոցում, ինչի հետևանքով նա դուրս մնաց ընդունելությունից։ Կարծում եմ՝ արդար չէ, որ երեխան և ծնողը տուժեն մի համակարգի պատճառով, որի բնականոն աշխատանքը իրենցից կախված չէ։
Ամեն ծնող ցանկանում է, որ իր երեխան սովորի այն դպրոցում, որն իր կարծիքով լավագույնն է նրա համար։ Ցավալի է, որ կայքի խափանումների պատճառով մենք զրկվեցինք այդ հնարավորությունից։ Ինձ համար անհասկանալի է նաև, թե ինչու պետք է երեխաս հաճախի այլ դպրոց, եթե ես ընտրել եմ մեկ այլ կրթական հաստատություն,տարածքային ինձ մոտ և ցանկացել եմ նրան այնտեղ գրանցել։ Կրթության ընտրության իրավունքը պետք է պատկանի ծնողին, ոչ թե սահմանափակվի տեխնիկական խնդիրների պատճառով։
Խնդրում եմ ուշադրություն դարձնել այս խնդրին և վերանայել ստեղծված իրավիճակը, քանի որ այն առաջացել է ոչ թե մեր անուշադրության, այլ համակարգի թերությունների հետևանքով»:
Մանե Մանասյան. «Ուրեմն տարվա մեջ մի անգամ պիտի հետեւեիք, որ հայտագրման հարթակը տեխնիկապես պատրաստ լինի, բայց ձախողեցիք՝ անհարմարություն պատճառելով ծնողներին ու թողնելով անորոշության մեջ: Թեժ գծին պատախանող չկա, սոցիալական ցանցերի էջերին գրված նամակներին եւս, չկա նորմալ բացատրություն, երբ պատրաստ կլինի հարթակը։ Կարո՞ղ է հանկարծ պարզվի, որ իմ ուզած դպրոցում երեխայիս համար էլ տեղ չկա ձեր տեխնիկական խնդրի պատճառով»:
Եվա Ստեփանյան. «Եթե համակարգը ստեղծել եք բարի եղեք էնպես անել որ աշխատի»:
Մարինե Ղազարյան. «Ես քանի օր է փորձում եմ գրանցվել, հծհ տարբերակով և իմ սոցքարտով և ամուսնուս, ծրագիրը ինձ հավատացնում է որ նման անձ չի գտնվել։ Դա ինչպե՞ս կբացատրեք»:
Ադելաիդա Մարկ. «Մինչ այս պահը չեմ կարողանում գրանցել երեխայիս։ Սա պարզապես անհարմարություն չէ, այլ մի իրավիճակ, որը լուրջ դժվարություններ է ստեղծում ծնողների համար։ Ժամեր շարունակ սպասել ու չկարողանալ ավարտին հասցնել գրանցումը անընդունելի է, հատկապես երբ դեռ անորոշ է՝ երեխան կընդունվի՞ մոտակա դպրոց, թե՞ ոչ։ Որոշումներ ընդունելիս պետք է հաշվի առնվեն նաև աշխատող ծնողների առօրյա խնդիրները, երեխաների խնամքն ու կրթության կազմակերպումը։ Հուսով եմ՝ պատասխանատուները կլսեն ծնողների ձայնը և կգտնեն ավելի արդար ու արդյունավետ լուծումներ։ Իսկ տրանսպորտային լրացուցիչ ծախսերը միայն ավելի են ծանրացնում իրավիճակը»:
Մարիա․ Այս ինչ փորձությունների միջով անցանք, դեռ հետ չեմ գալիս։
Մելինե․ 12-ին կայքը նոր սկսել է աշխատել ու չենք հասցրել գրանցվել:
Սոնա․ Լավ ինչի են մարդկանց կյանքը այս չափ բարդացրել։