«Հրապարակ». Քաղաքին ուղղված հարցերը թողած՝ քաղաքական կեղտոտ ելույթներ են ունենում
Wed, 24 Jun 2026 10:45:42 +0400

Երեւանի ավագանու նիստը նախ ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի մեղքով խաթարվեց: Նա որոշեց, որ ինքը դատարանից բարձր է, եւ քաղբանտարկյալ Անդրանիկ Թեւանյանին պետական դավաճան հայտարարեց ու սաստեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանը, ապա «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարձակվեց ընդդիմադիր խմբակցության կին անդամի վրա եւ ջուր շփեց նրա վրա: Իսկ նիստից հետո ՔՊ-ականները հարձակվեցին ընդդիմադիրների վրա եւ իրենց թիկնապահների աջակցությամբ փորձեցին ծեծի ենթարկել: Իհարկե, այս մթնոլորտը երկրում անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի ստեղծածն է, որը խրախուսում է ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարը եւ ինքն էլ խոսքով վիրավորում է նրանց ու հասկացնում, որ դեմ չէ նաեւ ֆիզիկական հաշվեհարդարին: Էլ չենք խոսում ընդդիմադիրներին զրպարտելու, նրանց անմեղության կանխավարկածը խախտելու մասին:
Առհասարակ, իշխող կուսակցությունում ծեծուջարդով քաղաքական հարցեր լուծելը դարձել է սովորական բան մեր երկրում, իսկ նրա արբանյակ կուսակցություններն ակտիվ մասնակցում են այդ ամենին: «Հանրապետություն» կուսակցության անդամ Նոր Նորքի թաղապետը նախորդ տարի` ուղիղ եթերում բլոգեր Արթուր Չախոյանին էր ծեծի ենթարկել, դե իսկ խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը քանիցս հարձակվել է ավագանու ընդդիմադիր անդամների վրա, քաշել ընդդիմադիր կանանց մազերը, ջուր շփել, ոտքով հարվածել, հայհոյել, եւ այսպես շարունակ: Ստացվել է այնպես, որ բացահայտ խուլիգանական պահվածք դրսեւորող իշխանականները երբեք պատասխանատվության չեն ենթարկվում, ավելի են լկտիանում: Եթե նույն բանն աներ որեւէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, ապա այժմ առնվազն կալանավորված կլիներ: Երեքշաբթի օրը՝ ավագանու նիստի ընթացքում իրավիճակը հերթական անգամ լարվեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո։ Գրիգորյանն արձագանքում էր ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հայտարարություններին, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեղադրում էին հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության մանդատները գողանալու մեջ։ «Ասում են, թե մենք մանդատները գողացել ենք։ Դուք ի՞նչ մանդատ եք ունեցել, որ մենք էլ գողացել ենք։ Սահմանադրական դատարանում կքննարկվի, կորոշվի, բայց դուք այդ քվեն ու լեգիտիմությունը չունեք, որ մի հատ էլ դա ձեզնից գողանան»,- հայտարարել էր Գրիգորյանը, որից հետո դահլիճում լարվածություն էր սկսվել:
Նիստը վարող Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի եւ ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկի միջեւ լեզվակռիվ սկսվեց, որը վերածվեց ծեծկռտուքի։ Նիստը վարող Փամբուխչյանը հայտարարեց նիստը 30 րոպեով ընդմիջելու մասին, ինչից հետո Անի Խաչատրյանը ջուր լցրեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի վրա, սկսեց բղավել եւ վիրավորել: «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանին եւս սադրեցին: Ուշագրավ է, որ Արամ Զավենիչի խմբակցությունն ավելի շատ է «դոշ տալիս» ՔՊ-ականների համար, քան հենց ՔՊ-ականները:
2023-ից սկսած, «Հանրապետություն» կուսակցությունն այնքան է նույնացվել ՔՊ-ի հետ, որ Արամ Զավենիչը 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում խայտառակ քիչ ձայներ հավաքեց` 2021-ի համեմատ գրեթե երկու անգամ ավելի քիչ ձայն ստանալով` ընդամենը 15 հազար քվե: 2021-ին միայն Երեւանում էր մոտ 15 հազար ձայն ստացել, այս անգամ` ողջ հանրապետությունում, ինչը հերթական անգամ փաստում է, որ հասարակությունը մերժում է ՔՊ-ի բոլոր կցորդներին: Անգամ նորահայտ Շնորհապետական կուսակցությունը կրկնակի շատ ձայներ էր ստացել «Հանրապետությունից», ինչը խոսում է Զավենիչի ընտրած մարտավարության եւ ղեկավարած կուսակցության ձախողման մասին:
Երեկվա միջադեպի ակտիվ մասնակիցներից մեկը` «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ավագանու նիստի ժամանակ իշխանական երկու ուժերի` ՔՊ-ի եւ «Հանրապետության» պահվածքին, նկատեց. ««Հանրապետություն» խմբակցությունը, փաստորեն, մի քանի փողոցայիններ է բերել ավագանի, ովքեր հարցեր լուծողի դեր են ստանձնել, իրենց հիմնական լիազորություններից բացի: Ես անգամ նրանց անունները չգիտեմ, բայց մեկը շիշ էր շպրտում, մյուսը հայհոյում էր, երրորդը հարձակվում էր, եւ ամեն ինչ սկսվեց իրենցից: Ինչ վերաբերում է այդ ջուր շփող տիկնոջը, չգիտեմ էլ տիկին է, թե ինչ սեռի կենդանի է, նա մշտապես ցածր պահվածք է դրսեւորում: Ավագանու նիստ էին բերել 46 հարցից ընդամենը մեկ սուտի զեկուցվող հարց` տրանսպորտի բարելավման հետ կապված: Բայց հենց սկզբից իրենք էին քաղաքական հարցեր բարձրացնում, այդ իրենք ամենաառաջինը քաղաքական ելույթներով հանդես եկան: Հիմար-հիմար ելույթներ ունեցան, իսկ մենք արձագանքեցինք նրանց: Ես վստահ եմ, որ այս ամենը նրանք դիտավորյալ են անում: Ընտրություններից առաջ էլ ավագանու նիստը նվիրել էին ՔՊ-ի կեղտոտ քարոզչությանը, նույնը շարունակում են հիմա: Քաղաքին ուղղված հարցերը թողած, քաղաքական կեղտոտ ելույթներով են հանդես գալիս: Շատ տգեղ, ցածր մակարդակ ունեն, կոմսոմոլի, բոլշեւիկի, նեոբոլշեւիկի, կոմկուսի մակարդակի ելույթներ են ունենում, միահեծան, խայտառակ…. մենք չենք ուզում իջնել նրանց ցածր մակարդակին, բայց անարձագանք չենք կարող թողնել այդ ամենը: «Հանրապետություն» կուսակցությունն այս ընտրություններին հավաքեց շատ քիչ ձայն, եւ թող մեծ-մեծ չխոսեն: Իշխանամետ էլ չեն, իշխանության կցորդ են ընդամենը, այդ իրենց շնորհիվ է, որ Տիգրան Ավինյանը երեք տարի է՝ քաղաքապետ է աշխատում»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր