Էդ անմեղ մարդուն ինչո՞ւ բռնեցիք, եթե բաց էիք թողնելու

Էդ անմեղ մարդուն ինչո՞ւ բռնեցիք, եթե բաց էիք թողնելու

Thu, 25 Jun 2026 21:15:58 +0400


Գիտե՞ք՝ ամենասարսափելին որն է։ Մարդուն ձերբակալում են, ամիսներով, երբեմն տարիներով զրկում ազատությունից, կտրում ընտանիքից, աշխատանքից, բնական կյանքից, հետո մի օր դուռը բացում ու ասում՝ գնա։ Մենք սխալվել էինք։

Սխալվել էինք, երբ քեզ պետական դավաճան էինք անվանում։ Սխալվել էինք, երբ քեզ ահաբեկիչ էինք ներկայացնում։ Սխալվել էինք, երբ քեզ լրտես էինք հայտարարում։ Սխալվել էինք, երբ ասում էինք՝ միլիոններ ես յուրացրել։
Ու վերջ։ Եթե չեն սխալվել, ինչու՞ բռնում ու բաց են թողնում։

Մարդիկ ուրախանում են, որ կալանավորվածին վերջապես ազատ են արձակում։ Բայց շատ քչերն են հարց տալիս՝ եթե սխալվել եք, ապա ո՞վ է պատասխան տալու այդ սխալի համար։ Ո՞վ է պատասխան տալու խլված տարիների, կոտրված ճակատագրի, ընտանիքի ապրած տառապանքի համար։ Ո՞վ է կանգնելու նրա երեխաների առաջ ու ասելու՝ մենք էինք մեղավոր, մենք սխալվեցինք։

Ավելին՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ սխալներն անողները շարունակում են պաշտոնավարել, որոշումներ կայացնել, մարդկանց ճակատագրեր տնօրինել և պատրաստվել հաջորդ «սխալին»։

Սովետական շրջանում լրագրող եմ եղել։ Հիշում եմ դեպք, երբ մի պաշտոնյայի ձերբակալեցին։ Մարդը մեկ տարուց ավելի կալանքի տակ մնաց, հետո պարզվեց՝ քննությունն անփույթ ու սխալ է իրականացվել, և նա անմեղ է։ Գիտե՞ք ինչ եղավ։ Քննիչներ ազատվեցին աշխատանքից, պատասխանատվություն կրեցին, իսկ տուժած մարդու թե՛ բարոյական, թե՛ նյութական վնասը վերականգնվեց։ Իսկ շրջկոմի քարտուղարի ականջներից մի լավ քաշեցին։
Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Նույն ձեռքն է միշտ մեկնվում՝ ում ուզում՝ ձերբակալում են, ում ուզում՝ ժողովրդի թշնամի հայտարարում, ում ուզում՝ ահաբեկիչ անվանում։ Առավոտյան լուսաբացին դիմակավորված մարդիկ ներխուժում են տուն, երեխաների ու հարազատների աչքի առաջ մարդուն ասֆալտին են փռում, նվաստացնում, քարշ տալիս մեքենա ու տանում։

Հետո, եթե գործը չի ստացվում, եթե մեղադրանքը փլվում է, ասում են՝ գնա։

Բայց պետությունն այսպես չի կարող գործել։ Սա պետություն չէ, եթե մարդու ազատությունը խլելը դարձել է քաղաքական կամ վարչական փորձարկում։ Եթե նրան ի վերջո ազատ եք արձակելու, ապա ինչո՞ւ էիք ձերբակալում։ Եթե այնպիսի հոդվածներ էիք ներկայացրել, որոնց տակ, ինչպես ժողովուրդն է ասում, «օձն իր պորտով, հավքն իր թևքով դուրս չէր գա», ապա ինչպե՞ս եղավ, որ դուրս եկավ։

Եվ որքան էլ փորձեք հանրությանը համոզել, որ սրբազաններն ահաբեկիչներ են, մարդկանց աչքերն ու հիշողությունը դեռ աշխատում են։ Նրանք տեսնում են, որ այդ մարդիկ հետապնդվում են իրենց համոզմունքների, իրենց խոսքի, իրենց հայրենասիրության համար։

Երբ ձերբակալեցին Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և մյուսներին, շատ մարդկանց էի լսում։ Ժողովուրդը շատ պարզ էր արտահայտվում։ Մի մարդու խոսքը հատկապես հիշում եմ։ Երբ նրան ասում էին, թե սրբազանները «ահաբեկիչներ» են, նա երանությամբ ժպտում էր. «Երանի՛ ողջ ազգը նրանց նման «ահաբեկիչ» լիներ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դրոններից տուժած գործարանը կվերականգնվի 6 ամսում

Դրոններից տուժած գործարանը կվերականգնվի 6 ամսում Thu, 25 Jun 2026 23:00:14 +0400 Մոսկվայի նավթավերամշակման գործարանի…

25 րոպե ago

Գործ ունենք «դիվերսիայի» հետ. Ոստիկանները Պարույր Հայրիկյանի բնակարանում արձանագրություն են կազմում

Գործ ունենք «դիվերսիայի» հետ. Ոստիկանները Պարույր Հայրիկյանի բնակարանում արձանագրություն են կազմում Thu, 25 Jun 2026…

29 րոպե ago

Մաքսանենգ ճանապարհով․․. կան ձերբակալվածներ

Մաքսանենգ ճանապարհով․․. կան ձերբակալվածներ Thu, 25 Jun 2026 22:45:14 +0400 Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության…

40 րոպե ago

Քաղցր «թույն»․ ինչու են վտանգավոր մրգային հյութերը և ում համար

Քաղցր «թույն»․ ինչու են վտանգավոր մրգային հյութերը և ում համար Thu, 25 Jun 2026 22:30:13…

55 րոպե ago

«Ուժեղ Հայաստան»-ը կոչ է անում իր ընտրողներին վիճարկել բողոքների քննությունը․ հանդիպումը հունիսի 26-ին

«Ուժեղ Հայաստան»-ը կոչ է անում իր ընտրողներին վիճարկել բողոքների քննությունը․ հանդիպումը հունիսի 26-ին Thu, 25…

1 ժամ ago

Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է

Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Thu, 25 Jun 2026 22:15:01 +0400 Հունիսի 25-ին՝ ժամը…

1 ժամ ago